«Վրաստանի քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքի համաձայն՝ կախված ստացված ձայների քանակից, համամասնական ընտրացուցակներում կանանց քանակից, ինչպես նաև ստացված մանդատների վերջնական քանակից, կուսակցությունները ֆինանսավորումը կստանան պետության բյուջեից: Բնականաբար, ամենամեծ գումարը կստանա առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունը՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ը:

Ըստ օրենսդրության՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը 2021 թվականին պետբյուջեից կստանա ավելի քան 5,1 միլիոն լարիի չափով ֆինանսավորում՝ համամասնական խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական տվյալների համաձայն:

Ֆինանսավորման հաջորդ ամենախոշոր գումարը կստանա նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ մոտ 2,3 միլիոն լարի: Ֆինանսավորում կստանան նաև այն կուսակցությունները, որոնք «Միասնական ազգային շարժում – Ուժը միասնության մեջ է» ընտրական դաշինքի մաս են կազմում, գումարը կբաշխվի հետևյալ կերպ.

«Պետական շարժում հանուն ժողովրդի»՝ 240 հազար լարի,
«Առաջընթաց եւ ազատություն»՝ 12 հազար լարի,
«Վրաստանի հանրապետական կուսակցություն»՝ 204 հազար լարի,
«Եվրոպական դեմոկրատներ»՝ 360 հազար լարի:

Ֆինանսավորման ծավալի առումով երրորդ տեղում «Եվրոպական Վրաստան» խորհրդարանական կուսակցությունն է, որը կարող է ստանալ ավելի քան 1,1 միլիոն լարի: «Եվրոպական Վրաստան»-ին հաջորդում է «Վրաստանի հայրենասերների դաշինք» խորհրդարանական կուսակցությունը՝ ավելի քան 1 միլիոն լարի: Ինչ վերաբերում է ընտրաշեմը հաղթահարած մնացած կուսակցություններին, ապա ֆինանսավորումը կբաշխվի հետևյալ կերպ.

«Գիորգի Վաշաձե – Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 939 925 լարի,
«Օրենք և արդարություն»՝ 104 436 լարի,
«Լելո»՝ 803 560 լարի,
«Գիրչի»՝ 777 990 լարի,
«Ալեկո Էլիսաշվիլի – Քաղաքացիներ»՝ 497 406 լարի,
«Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 289 710 լարի:

Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր կուսակցությունները հրաժարվում են խորհրդարան մտնելուց՝ կեղծված ընտրությունների պատճառով, նրանք պնդում են, որ այս պահի դրությամբ տասը քաղաքական կուսակցություններ արդեն իրենց համաձայնությունն են ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:

Համաձայնությունը ԿԸՀ են ուղարկել «Միասնական ազգային շարժում – Ուժը միասնության մեջ է» դաշինքի կազմում գտնվող կուսակցությունները՝ «Միասնական ազգային շարժում», «Պետական շարժում հանուն ժողովրդի», «Առաջընթաց և ազատություն», «Վրաստանի հանրապետական կուսակցություն» և «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցությունները: Նաև համաձայնագիրը ԿԸՀ են ուղարկվել «Գիորգի Վաշաձե – Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Օրենք և արդարություն», «Եվրոպական Վրաստան» և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունների կողմից: Խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ պետական ֆինանսավորման իրավունք է ստանում14 կուսակցություն: Այս պահին «Լեյբորիստական կուսակցությունը», «Քաղաքացիները», «Գիրչին» և «Լելոն» դեռ չեն դիմել ԿԸՀ-ին: