Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կկայանան 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված 19 կուսակցություններից միայն 4-ն են իրենց կուսակցական ցուցակներում ընդգրկել թեկնածուներ Ջավախքից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աստիճանաբար հրապարակում է կուսակցությունների թեկնածուների ցուցակները։ Jnews-ը վերանայել է այդ ցուցակները:
Այս տարի առաջին անգամ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով։ Մարզերից ձայներ ստանալ ցանկացող կուսակցություններն իրենց ցուցակներում ընդգրկում են մարզերի ներկայացուցիչներ։
5 կուսակցությունից, որոնք գոնե որոշակիորեն ակտիվ են Ջավախքում, միայն 4-ն են իրենց ցուցակներում տեղացիների ներառել։ Կանցնեն այս թեկնածուները, թե ոչ, ցույց կտան ընտրությունների արդյունքները, սակայն որքան ցուցակի սկզբում է այդ թիվն, այնքան մեծ է նրա խորհրդարան մտնելու հավանականությունը։
Որ կուսակցությունն է տեղացիների ներառել ցուցակում
«Հանուն փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Գիրչի, Մելիա, Դրոա»-ն իր ցուցակում ընդգրկել է Մելիք Ռաիսյանին՝ 46-րդ համարի տակ:
«Միասնություն-Ազգային շարժում»-ը Արսեն Կարապետյանին ընդգրկել է իր ցուցակում՝ 90-րդ համարի տակ:
«Ուժեղ Վրաստան. Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության» կուսակցության ցուցակում Ջավախքցի թեկնածուներ չկան։ Կուսակցության ցուցակում ընդգրկված չեն ոչ «Լելո» կուսակցության ներկայացուցիչ, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Զաքար Զաքարյանը, ոչ էլ այլ տեղացիներ։ Զաքարյանի խոսքով, իրեն առաջարկել են լինել թեկնածու, սակայն նա հրաժարվել է։
«Գախարիան Վրաստանի համար» իր ցուցակի 55-րդ տեղում ընդգրկել է Նինոծմինդայից Նարինե Գինոսյանին։
«Վրացական երազանքն» իր ցուցակում ընդգրկել է 2 թեկնածուի՝ վերջին գումարման խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանին 36-րդ տեղում, և Սումբատ Կյուրեղյանին 68-րդ տեղում։
Պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների միջև։