Ախալքալաքի մունիցիպալիտետում տարածված են սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություններ։ Առաջին դեպքերը գրանցվել են 2024 թվականի գարնանը, նկատելի տարածում չի եղել, սակայն դպրոցների բացման հետ մեկտեղ վիրուսային և վարակիչ հիվանդությունները սկսել են մեծ տարածում գտնել։ Անցած 2 շաբաթները կրիտիկական են եղել տարբեր վիրուսների տարածման առումով։ Jnews-ը պարզել է, թե ինչ իրավիճակ է տիրում այսօր։
Ախալքալաքի բոլոր դպրոցներում, տնօրենների խոսքերով, իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, թեև որոշ դպրոցներում դեռ շատ են բացակայողները։
Թիվ 1 դպրոց
«Բացակայողներ կան, ես ինքս հիվանդ եմ և այսօր չեմ կարողացել գնալ աշխատանքի: Բայց կարմրուկի դեպքերի թիվը նույնն է։ Կարմրուկով հիվանդ ուսուցիչ էլ կա: Ավելի տարածված է սեզոնային գրիպը»,- ասում է տնօրեն Ռուզաննա Տեփոյանը։
Թիվ 2 դպրոց
«Այսօր ստուգել եմ մեկ առ մեկ։ Այն դասարաններում, որտեղ բոլորը բացակա էին, 10-12 հոգի եկել էր։ Մնացածը կարմրուկով են հիվանդ։ Աստիճանաբար ապաքինվողները գալիս են դասի։ Մի դասարանում շատ կարմրուկով հիվանդներ կան, այդ դասարանը մեկ շաբաթով փակվել էր կարանտինի համար, ոչ ոք չէր եկել։ Համաճարակի օջախը եղել է այդ դասարանում: Մյուս դասարաններում իրավիճակն աստիճանաբար բարելավվում է։ Միջին հաշվով բացակայում է 7-8 մարդ։ Բայց կան դասարաններ, որտեղ ներկա են բոլոր աշակերտները։ Դասարաններ կան, որտեղ 2-3 աշակերտ է բացակայում»,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը։
Թիվ 3 դպրոց
«Շատ քիչ կարմրուկի դեպք է գրանցվել։ Ես պաշտոնապես ձեզ չպետք է տեղեկություն տամ»,- ասում է տնօրեն Նինո Սուդաձեն։
Թիվ 4 դպրոց
«Կարող եմ ասել, որ իմ դասարաններում բացակայողներն արդեն քիչ են: Եթե նախկինում 10-12 բացակա կար, ապա այսօր արդեն 5-ն են։ Բոլորը տեղեկանքով վերադարձել են դպրոց։ Իհարկե, կան կարմրուկի դեպքեր, այս աշակերտները կարանտինում են գտնվում՝ տանը։ Մեկն ապաքինվել է, իսկ երկրորդն արդեն տանն է հիվանդացել։ Ընդհանուր առմամբ իրավիճակը գնալով լավանում է: Իսկ սեզոնային գրիպն ու կոկորդի ցավը միշտ էլ եղել են»,- ասում է դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանը։
Թիվ 5 դպրոց
«Մեր մոտ իրավիճակը չի փոխվել: Կարմրուկի վերաբերյալ տեղեկություն չունենք։ Ինչ վերաբերում է սեզոնային գրիպին, ապա գրիպով հիվանդները շատ են»,- ասում է դպրոցի տնօրեն Նազենի Մոսոյանը։