Երեկվանից փակվել է Խուլգումո գյուղի մանկապարտեզը, քանի որ կորոնավարակ է հայտնաբերվել աշխատակիցներից մեկի մոտ։

Իսկ հոկտեմբերի 19-ից փակ է նաև քաղաքի 5-րդ հանրային դպրոցը, տարրական դասարանի ուսուցիչներից մեկի մոտ կորոնավարակ է հաստատվել։

«Տարրական դասարանի ուսուցիչներից մեկի մոտ հաստատվել է կորոնավարակ։ Ես ամիջապես տեղեկացրի ռեսուրս կենտրոնին, այնտեղից ինձ ասացին, որ կարող եմ առցանց անել միայն տարրական դասարանի աշակերտների դասերը, բայց ես ռիսկի չդիմեցի և բոլորս 9 օրով անցանք առցանց ուսուցման», – ասում է Ռուսլան Նահատակյանը:

Ընդգծենք, որ քաղաքի 5-րդ հանրային դպրոցը կբացվի նոյեմբերի 1-ից։

Ներկա դրությամբ դեռ փակ են մնում Սուլդա և Վաչիան գյուղերի մանկապարտեզները։

Վաչիանի մանկապարտեզի աշխատակազմում կրկին կորոնավարակի երկու դեպք է բացահայտվել, և, ըստ այդմ մեկ շաբաթով երկարաձգվել է կարանտինը։

Սուլդա գյուղի մանկապարտեզը երկուշաբթի օրվանից պետք է գործեր, բայց այստեղ ևս երկու աշխատակցի մոտ կորոնավարակ է հայտնաբերվել, և դեռ պարզ չէ, թե կսկսի գործել նախակրթարանը:

Իսկ 2-րդ մանկապարտեզի վրացերենի խմբակը երկուշաբթի օրվանից կբացվի։

Ըստ մանկապարտեզների միավորման տնօրենի՝ երեխաների հաճախելիությունը շատ ցածր է, գյուղերում երեք պատճառ կա՝ ծնողները կարտոֆիլի դաշտերում են, երեխաներին էլ տանում են իրենց հետ, երեխաների մի մասը հիվանդ է, իսկ մյուս մասի ծնողները վախենում են հիվանդանալուց: Իսկ քաղաքում՝ կամ հիվանդ են, կամ վախենում են հիվանդանալուց։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մնացած նախակրթարաններն աշխատում են սովորական ռեժիմով: