Ախալքալաքի շրջանը 2017 թ.-ից մինչ այսօր հայտարարել է 78 էլեկտրոնային տենդեր-մրցույթ: Տենդեր-մրցույթների աճուրդի արդյունքում շրջանային բյուջեն տնտեսել է 724 420 լարի:
Ախալքալաքի շրջանը 2017թ.-ի հունվարից մինչև նոյեմբեր, ըստ հանրային գնումների պաշտոնական կայքի, հայտարարել է տարբեր շինարարական աշխատանքների, ապրանքների գնման, կենցաղային ծառայությունների, ինժեներական ծառայությունների և տարբեր միջոցառումների 78 տենդեր-մրցույթ: 78 տենդերից 6-ը դադարեցվել է, 1-ը դադարեցվել է բացասական արդյունքով, 4-ը՝ չի կայացել:
«Լրիվ և մասնակի շինարարական աշխատանքներ և հանրային աշխատանքներ», «Մասնակի շինարարական աշխատանքներ» և «Շինարարական օբյեկտների նախապատրաստման աշխատանքներ», «Շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ» կատեգորիաներում հայտարարվել է 32 տենդեր-մրցույթ: Այդ աշխատանքներից 4 տենդեր-մրցույթ հայտարարվել է գյուղերում խմելու ջրի խողովակաշարերի անցկացման և վերանորոգման համար, իսկ մնացածը հիմնականում ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների ու այլ շինարարական աշխատանքների համար:
Շրջանի կողմից հայտարարված մրցույթներից 36-ում աճուրդի ժամանակ սկզբնական գումարը իջեցվել է 20%-ով: Իջեցված տենդեր մրցույթներից 12-ը «Ինժեներական ծառայություններ» կատեգորիայում է: Այս կատեգորիան համարվում է ինտելեկտուալ աշխատանք և 20% իջեցման դեպքում գնորդն առանց խնդիրների ընդունում է: Սակայն, մնացած 24 մրցույթում ընկերությունները ներկայացրել են փորձագիտական տեղեկանք: Այն պարտադիր է, որպեսզի ընկերությունը ապացուցի, որ ի վիճակի է իրականացնել աշխատանքները նվազեցված գումարով:
Հարկ է նշել, որ «Ինժեներական ծառայություններ» կատեգորիայում առաջնային գումարը հաճախ իջեցվում է կեսից ավելին: Օրինակ, մի դեպքում գումարը նվազեցվել է 58 090-ից մինչև 11 110-ի, կամ մեկ այլ դեպքում իջեցումը հասել է 14 720-ից մինչ 5115 լարի…
Սակայն ճանապարհների շինարարության տենդեր-մրցույթներից ոչ մեկում նախնական գինը չի նվազեցվել նույնիսկ մեկ լարիով, քանի որ միայն մեկ ընկերություն է մասնակցել մրցույթներին:
Ախալքալաքի շրջանի ֆինանսական բաժնի պետ Հովիկ Կարապետյանի խոսքերով, մրցույթներից տնտեսված գումարի կեսն է օգտագործված:
«Որպես մնացորդ կտեղափոխվի հաջորդ տարի: Այս գումարը միանգամից չի հավաքվել: Այն կուտակվել է յուրաքանչյուր տենդեր-մրցույթից: Այս տարի մեր աշխատանքների ծավալը մեծ էր, և հազիվ ենք հասցրել դրանք կատարել: Այդ գումարի որոշ մասը, որը կուտակվել էր ընտրությունից 60 օր առաջ օգտագործված է: Իսկ այն մասը, որը հետո է կուտակվել չի օգտագործվել», – ասաց Հովիկ Կարապետյանը:
Անցյալ տարի շրջանը հայտարարել էր 99 տենդեր-մրցույթ ու աճուրդներից տնտեսած գումարը կազմել էր 724 907, 59 լարի:
Շուշան Շիրինյան