Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ու քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հետ կապված փոփոխություններ են նախատեսվում։ Երեկ՝ ապրիլի 26-ին, այս հարցը քննարկվել է սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում։
Նշենք, որ կառավարության որոշմամբ հունվարի 1-ից բարձրացվել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ու քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձը։ Տվյալ բարձրացումը երկրորդն է այս տարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանն այս փոփոխությունը մեկնաբանեց:
«Քանի որ Ախալքալաքի բյուջեում բավարար գումար չկար, հունվարին բարձրացումը հաշվարկել ենք ցածր գործակցով: Հիմա միջոցներ ունենք։ Մենք ստացել ենք 3 միլիոն լարի տրանսֆերտ, որից 1,5 միլիոնը ստացել էինք ավելի վաղ, իսկ հիմա ստացել ենք մնացածը՝ 1,5 միլիոնը։ Եվ մենք կարող ենք աշխատավարձերը բարձրացնել համապատասխան կարգով, ինչպես նախատեսված էր կառավարության կողմից», – ասում է Կարեն Մերգելյանը։
Սակրեբուլոյում աշխատավարձերը կբարձրանան, մասնավորապես, հետևյալ աշխատակիցների համար
Բարձրանում է Սակրեբուլոյի 2 փոխնախագահների աշխատավարձը՝ 2200 լարիից դառնալով 2970 լարի
Հանձնաժողովի նախագահի աշխատավարձը 2200 լարի էր, կդառնա 2420 լարի
Կոմիտեի նախագահը ստանում էր 2000 լարի, բարձրացումից հետո կստանա 2200 լարի
Վարչակազմի ղեկավարինը՝ 2200 լարի էր, կդառնա 2530 լարի
Վարչակազմի մասնագետինը՝ 1100 լարի էր, կդառնա 1320 լարի
Սակրեբուլոյի մյուս աշխատակիցների աշխատավարձերը չեն փոխվի:
Քաղաքապետարանում, մասնավորապես, կավելանա
Ծառայության պետի աշխատավարձը 2200 լարիից մինչև 2530 լարի
Մասնագետների աշխատավարձը, որոնք ստանում էին 1100 լարի, կդառնա 1320 լարի
ով ստանում էր 990 լարի, կդառնա 1210 լարի
880 լարիի փոխարեն մասնագետները կստանան 1100 լարի
Բարձրացել է նաև գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների աշխատավարձը՝ 1300 լարիից դառնալով 1350 լարի
Գյուղի մասնագետների աշխատավարձը 1000 լարիից կդառնա 1100 լարի
Աշխատավարձերի բարձրացման համար Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջեում պետք է փոփոխություններ կատարվեն: Եթե դրանք ընդունվեն, աշխատավարձերը կբարձրանան 2022 թվականի մայիսի 1-ից։