Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները սեպտեմբերի 26-ին ներկայացրել են իրենց ցուցակները։ Jnews-ն ուսումնասիրել է, թե որ և քանի թեկնածու ունեն այդ կուսակցությունները Ջավախքից։

2024 թվականի ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Սա նշանակում է, որ խորհրդարան կանցնեն միայն այն պատգամավորները, որոնց կուսակցությունները ներկայացրել են իրենց ցուցակներում։ Այսպիսով, եթե նախկինում Ջավախքի հայ ներկայացուցչին երաշխավորված մտնում էր որպես շրջանի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, ապա այժմ դրա համար կուսակցությունը պետք է պատգամավորին ընդգրկի իր համամասնական ցուցակում։ Ընդ որում, խորհրդարան են մտնում ոչ բոլոր պատգամավորները ցուցակից, այլ այնքան, որքան մանդատ կուսակցությունը ստանում է ընտրություններում ստացած ձայների տոկոսին համապատասխան։

Վրաստանի խորհրդարանի ընտրությունների համար կուսակցությունների ցուցակների ներկայացման ժամկետը լրացել է սեպտեմբերի 26-ին։ Ընտրություններին գրանցված 24 կուսակցություններից 19 ընտրական սուբյեկտներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացրել են իրենց կուսակցական ցուցակները։ Դրանք են՝ «Վրաստան», «Գախարիան՝ հանուն Վրաստանի», «Մեր միասնական Վրաստանը», «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն», «Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն», «Ձախ դաշինք», «Ազատ Վրաստան», «Տրիբունա», «Փոխիր Վրաստանը», «Մենք», «Վրացական միասնություն», «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն», «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան», «Գիրչի», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Ուժեղ Վրաստան. Լելոն, հանուն ժողովրդի, հանուն ազատության», «Միասնություն-Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների կոալիցիա՝ Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» և «Եվրոպական դեմոկրատներ»։

Jnews-ը վերանայել է այն կուսակցությունների ցուցակները, որոնք գոնե որոշակիորեն ակտիվ են Ախալքալաքում, ունեն շտաբ կամ պատրաստվում են այն բացել:

«Վրացական երազանք»

«Վրացական երազանք»-ի ամբողջական ցուցակում կա 170 պատգամավոր: Կուսակցական ցուցակում ընդամենը երկու հայ կա՝ Վրաստանի անցած գումարման խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը (36-րդը ցուցակում) և Սումբատ Կյուրեղյանը (68-րդը ցուցակում)։ Նշենք, որ որքան ցածր է ցուցակում համարը, այնքան քիչ հավանական է պատգամավորի մուտքը խորհրդարան։

«Միացյալ ազգային շարժում»

Սեպտեմբերի 27-ի դրությամբ ՄԱՇ կուսակցությունը ներկայացրել է պատգամավորության 50 թեկնածուներից բաղկացած ցուցակ։ Ցուցակում ոչ մի հայ թեկնածու չկա:

«Ուժեղ Վրաստան. Լելոն, հանուն ժողովրդի, հանուն ազատության»

Այս կոալիցիան ստեղծվել է «Լելոն հանուն Վրաստանի», «Ժողովրդի համար» Անա Դոլիձեի, Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիները» և Լևան Ցուցքիրիձեի «Ազատության հրապարակ» կուսակցություններից։ Կոալիցիայի ներկայացրած ցուցակում ընդգրկված է պատգամավորության 26 թեկնածու։

«Գախարիան հանուն Վրաստանի»

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը ներկայացրել է 115 թեկնածուներից բաղկացած ցուցակ։ Ցուցակի 55-րդ տեղում Նինոծմինդայի բնակչուհի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նույն կուսակցությունից պատգամավոր Նարինե Գինոսյանն է։

«Փոփոխությունների կոալիցիա՝ Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»

«Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումն ընդգրկում է «Ախալի» (ՄԱՇ-ից տարանջատված կուսակցության մի մասը), «Դրոա» և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունները։ Այն հրապարակել է 20 հոգանոց ցուցակ։ Դրանում հայկական ազգանուններ չկան։