Վրաստանն ակտիվորեն նոր տեխնոլոգիաներ է ներդնում ընտրական գործընթացի բարելավման համար։ Նման տեխնոլոգիաների ներդրումը նպատակ ունի նպաստել ավելի թափանցիկ, անվտանգ և մատչելի ընտրությունների անցկացմանը, ինչպես նաև բարձրացնել ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր։ Հաշվի առնելով, որ սա առաջին անգամն է, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այս տեխնոլոգիաները չեն հանգեցնի ընտրակեղծիքի նոր տեսակների:
Այս տարի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կներդրվեն հետևյալ տեխնոլոգիաները.
1. Էլեկտրոնային քվեարկություն՝ գործընթացը պարզեցնելու համար։
2. Կենսաչափական նույնականացում՝ ընտրողների ինքնությունը հաստատելու և խարդախությունը կանխելու համար։
3. Հսկողության համակարգեր՝ ապահովելու ձայների հաշվարկի թափանցիկությունը։
4. Բջջային հավելվածներ՝ ընտրողներին ընթացակարգերի և թեկնածուների մասին տեղեկացնելու համար:
Այս տեխնոլոգիաները նպատակ ունեն բարելավելու անվտանգությունն ու ընտրությունների նկատմամբ վստահությունը։ Այնուամենայնիվ, այս առումով ինչ է սպասվում ընտրողին և բուն ընտրական գործընթացին։
Ինչպես ասում է ISFED-ի գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն, ընտրությունները ոչ միայն ընտրությունների օրն է, այլև նախընտրական շրջանն ու ընտրություններից հետո ընկած շրջափուլը։
«Եթե մենք խոսում ենք Վրաստանում ընտրությունների ժամանակ մանիպուլյացիաների մասին, ապա ընտրություններին նախորդող ժամանակահատվածում մենք տեսել ենք այնպիսի խախտումներ, ինչպիսիք են վարչական ռեսուրսի օգտագործումը, ահաբեկումը, ճնշումներն ընտրողների կամ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների վրա, և դա միայն ընտրությունների օրը չէր։ Եթե մենք պետք է գնահատենք ընտրությունները, պետք է գնահատենք նաև նախընտրական շրջանը»,- ասում է նա։
Այս ընտրություններում Վրաստանը նոր տեխնոլոգիա կկիրառի շատ ընտրատեղամասերում, բայց ոչ բոլորում։
«Ընտրողների մոտ 90 տոկոսը կընտրի ըստ նոր տեխնոլոգիաների։ Խոսքը հավաստման (վերիֆիկացման) և սկանավորման մեքենաների մասին է։ Ի՞նչն է խնդրահարույց: Կարևորն այն է, որ մարդիկ գիտելիքներ ունենան բուն ընթացակարգի մասին: Մենք գիտենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ մեծ ուսուցանող քարոզարշավ է անցկացրել։ Սակայն, երբ մենք շրջում ենք մարզերով, մարդիկ դեռ չգիտեն, թե ինչպիսի ընթացակարգ է սա։ Առաջինն այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է ընտրություն կատարեն, երկրորդը՝ թե ինչպես են պատրաստվում հենց հանձնաժողովները։ Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ապա մենք կարծում ենք, որ սկանավորող մեքենաներում դրանք ավելի քիչ կլինեն, քանի որ մենք կարող ենք այն հաշվարկել ձեռքով: Դա ավելի քիչ անհարմարություն է պատճառում: Ինչ վերաբերում է վերիֆիկացման մեքենաներին, մենք արդեն որոշ խնդիրներ նշել ենք, որոնք նկատել էինք ավելի վաղ: Այս խնդիրներն ավելի շատ հիմնված են մարդկային սխալների վրա։ Դրանք կարող են պարզապես սխալ լինել, կամ կարող են արվել միտումնավոր: Օրինակ, եթե հանձնաժողովի անդամները վախենում են, անազնիվ են, կարող են ինչ-որ մեկին թույլ տալ, որ առանց մակնշման, տարբեր նույնականացման քարտերով ներս մտնի և քվեարկի։ Այնպես որ, մանիպուլյացիայի հնարավորությունը դեռ կա, եթե հանձնաժողովը «վատը» լինի։ Բայց մենք վստահաբար չենք կարող ասել, որ այս ամենը տեղի կունենա։ Մենք պարզապես պետք է դիտարկենք և հետևենք այս գործընթացին»,- ասում է Նինո Դոլիձեն։