Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Վրաստանի որոշ շրջաններում անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում։
Ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից բաց են ընտրողների առաջ:
Երկրորդ փուլում բացվել է 1 830 ընտրատեղամաս։ Ստեղծվել են նաև հատուկ տեղամասեր, որոնք կորոնավիրուսի պատճառով կապահովեն այն ընտրողների մասնակցությունը, ովքեր կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ են:
Երկրորդ փուլ է ընթանում 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, 15 համայնքներում և 24 ընտրատարածքներում: Ընտրողներն ընտրում են 20 քաղաքապետի և ավագանիների 42 մեծամասնական անդամների։
Հատկանշական է, որ առաջին փուլում՝ վերոնշյալ վայրերում, թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ 50 տոկոսանոց շեմը, որի պատճառով էլ հարկ եղավ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։
ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում՝ հոկտեմբերի 2-ին քվեարկությանը մասնակցությունը կազմել է 51,92%, այսինքն՝ 1,815,776 ընտրող կատարել է քաղաքացիական պարտքը: