ՌԴ–ում վերանայում են ապօրինի միգրանտներին առնչվող քաղաքականությունը։ ՌԴ ներքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը հայտարարել է, որ ՌԴ տարածքում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիների ռեեստր կստեղծվի։

Ընդգրկվելով այդ ցուցակներում՝ այդ քաղաքացիները չեն կարողանա վարել տրանսպորտային միջոցներ, օգտվել բանկային ծառայություններից, սեփականություն գրանցել, ամսունսություններ գրանցել և լուծարել, երեխաներին ձևակերպել մանկապարտեզներում կամ դպրոցներում, գրում է PanArmenian.net-ը հղում անելով «Կոմերսանտին»։

Գորովոյը հայտնել է, որ Մոսկվայի օդանավակայաններում դեկտեմբերի 1–ից արդեն փորձնական կարգ կներմուծվի, որի համաձայն ՌԴ մուտք գործող օտարերկրացիները կենթարկվեն ֆոտո և մատնահետքերի նույնականացման։

Հայաստանն այն երկրների թվում է, որտեղից շատ ապօրինի միգրանտներ կան Ռուսաստանում։

«Եթե խոսենք անօրինական ներգաղթյալների մասին, ապա նրանց թվում են հիմնականում Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները»,–ասել է Գորովոյը՝ հավելելով, որ ընդհանուր առմամաբ նման մարդկանց քանակը մոտ 7 մլն է։