ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը սկսում է աշխատանքը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Այդ կապակցությամբ այսօր հայտարարություն է արել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին։
Ասուլիսի սկզբում Օուեն Մերֆին շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելության ժամանակին հրավերի համար և խոսել նախատեսվող աշխատանքների մասին։
«Առաքելությունը բաղկացած է 12 միջազգային փորձագետներից։ Մեր հիմնական թիմը գտնվում է Թբիլիսիում, և մենք ունենք ժամանակավոր գրասենյակ, որը կստեղծվի առաջիկա յոթ շաբաթվա համար: Սեպտեմբերի 17-ին մեզ կմիանան ևս 30 երկարաժամկետ դիտորդներ, որոնք կբաշխվեն Վրաստանի 15 տարածքային միավորներում։ Նրանք հետևելու են ընտրական գործընթացներին։ Ընտրությունների նախաշեմին Վրաստան կժամանեն ևս 350 կարճաժամկետ դիտորդներ։ Նրանք անմիջապես կմասնակցեն և կհետևեն ձայն տալու գործընթացին, ամբողջ ընթացակարգին ողջ երկրով մեկ»,- ասել է Օուեն Մերֆին։
Նրա խոսքով, ընտրություններից երկու շաբաթ առաջ միջազգային դիտորդական առաքելությունը կներկայացնի միջանկյալ դիտորդական զեկույց, իսկ վերջնական զեկույցը կհրապարակվի ընտրական գործընթացի ավարտից մի քանի ամիս անց։
«Մեր դերը դիտորդությունն է, և դրա արդյունքները կհրապարակվեն մեր զեկույցում։ Ընտրություններից երկու շաբաթ առաջ մենք կհրապարակենք միջանկյալ զեկույց՝ գնահատելով ներկա իրավիճակը։ Վերջնական զեկույցի հրապարակումը կտևի ընտրություններից մոտավորապես երկու-երեք ամիս։ Զեկույցը հավանաբար կներառի որոշ առաջարկություններ, որոնք պետք է հաշվի առնեն պատասխանատու կողմերն ու առանձին անհատները: Մեր առաքելության գործունեությունը թափանցիկ է։ Մենք բաց կլինենք լրատվամիջոցների համար, քանի դեռ այստեղ ենք»,- հայտարարել է Օուեն Մերֆին: