Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, երկրի 598 ընտրատեղամասերում, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, իմիտացիոն քվեարկություն է անցկացվում, որին կարող է մասնակցել ցանկացած ընտրող։ Ախալքալաքում իմիտացիոն քվեարկություն է տեղի ունեցել թիվ 1 ընտրատեղամասում, որը գտնվում է քաղաքի Գեղարվեստի դպրոցում։
Այս միջոցառման նպատակն է տեղեկացնել ընտրողներին ընտրական նոր էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման մասին և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մոտ զարգացնել գործնական քվեարկության հմտությունները: Ընտրողները կարող էին անձամբ ծանոթանալ էլեկտրոնային քվեարկության գործընթացին։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 6 ընտրատեղամասերում անցկացվել են իմիտացիոն ընտրություններ։ Ախալքալաքում, Գեղարվեստի դպրոցում, քաղաքի բոլոր 3 ընտրատեղամասերը և Դիլիսկա գյուղի ընտրական հանձնաժողովը հերթով իրականացրել են իմիտացիոն քվեարկություն։ Բացվել են նաև Արագվա, Վաչիան, Զակ, Խուլգումո և Խորենիա գյուղերի ընտրատեղամասերը։
Ախալքալաքի թիվ 1 ընտրատեղամասը, ինչպես նախապես հայտարարվել էր, բացվել է ժամը 11-ին։ Ցանկացողները կարող էին անցնել էլեկտրոնային քվեարկության ողջ գործընթացը։ Ընտրական հանձնաժողովի աշխատակիցները շահագրգիռ կողմերին բացատրել են գրանցման կարգը, ինչպես նաև իրականացրել են քվեարկության ընթացակարգը՝ սկսած գրանցող անձի մոտ ID քարտը ստուգելուց: Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասում, ապա նրան կտրոն է տրվում, եթե ոչ, ապա գրանցողը հստակ տեղեկացնում է, թե որտեղ պետք է քվեարկել ընտրողը, և գրանցման մեքենան տեղեկացնում է, որ այդ անձը կամ չկա ընտրացուցակներում, կամ արդեն քվեարկել է:
Գրանցման գործընթացից հետո տրվում է կտրոն, որը պետք է գցել գրանցողի մոտի քվեատուփը: Դրանից հետո տրվում է քվեաթերթիկ, բայց հանձնաժողովի անդամը բացատրում է, որ եթե ընդգծեք կամ նշեք վանդակը, ապա մեքենան կարող է քվեաթերթիկն անվավեր համարել։ Ուստի անհրաժեշտ է ուշադիր լրացնել այն կուսակցության անվան դիմաց գտնվող շրջանակները, որին քաղաքացին ցանկանում է ընտրել։ Գաղտնի քվեարկության խցիկում անհրաժեշտ է ներկել շրջանակը (ընտրություն կատարել) քվեաթերթիկի վրա։ Այնուհետև քվեաթերթիկը ծալվում է՝ ընտրության անանունությունը պահպանելու համար և բերվում է էլեկտրոնային մեքենայի մոտ, որն իր մեջ է քաշում քվեաթերթիկը: Մեքենան ցույց է տալիս, որ քվեարկությունն ընդունվել է և ցուցադրում է քվեարկած ընտրողների թիվը:
Վրաստանում իրականացվող ընտրական բարեփոխումների արդյունքում հերթական և դրան հաջորդող բոլոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հոկտեմբերի 26-ին ընտրողների գրեթե 90%-ը կմասնակցի ընտրություններին ընտրական էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընտրողների ստուգման (գրանցման) և քվեարկության ընթացակարգերը փոխվում են։ Ընդհանուր ընտրություններից մեկուկես տարի առաջ ընտրական վարչությունը լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ սկսեց։ Ընտրական տեխնոլոգիաների դեմոնստրացիան իրականացվում է հանրապետության ողջ տարածքում մարդաշատ վայրերում, պետական և մասնավոր կառույցներում։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մինչ այժմ տեղեկացված է ավելի քան կես միլիոն ընտրող։