Պատերազմը Լեռնային Ղարաբաղում սկսվեց այն ժամանակ, երբ Վրաստանում նախընտրական քարոզարշավը նոր-նոր էր սկսել ակտիվ փուլ մտնել: Ջավախքի բնակիչները դիտում էին լուրեր միայն պատերազմի մասին՝ չհետաքրքրվելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններով: Ջավախքը չի տարբերվում քաղաքացիական ակտիվությամբ, բայց ընտրություններում այն սովորականից բարձր ակտիվություն է ցուցաբերել: Ջավախքում որոշ ընտրողների ձայնի վրա ազդեց Արցախյան պատերազմի արձագանքը:

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Ախալքալաքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում սկսվեց նախընտրական քարոզարշավը: Ժամանակի ընթացքում տեղեկատվություն էր շրջանառվում խորհրդարանական ընտրություններին մեծամասնական թեկնածուների և տարբեր քաղաքական կուսակցությունների մասնակցության մասին: Այդ ընթացքում Ախալքալաքում հայտնվեցին ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների դեմքերով պաստառներն ու գովազդային վահանակները: COVID-19-ի պատճառով սահմանափակ հնարավորությունների պայմաններում որոշ կուսակցությունների միևնույն է հաջողվեց ընտրարշավ անցկացնել գյուղերում, ոմանք նոր էին սկսել, իսկ ոմանք էլ ընդհանրապես չհասցրեցին, քանի որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեց պատերազմը: Ջավախքի բնակիչներն ընտրությունների տրամադրություն չունեին:

Վարեւան գյուղի ակումբը: Այստեղ գյուղացիները նվիրատվություններ էին հավաքել՝ ԼՂ ուղարկելու համար

Նախընտրական շրջանում Ջավախքի բնակչությունը որևէ ակտիվություն չէր ցուցաբերում, այնուամենայնիվ, Արցախում պատերազմի հետևանքով մարդիկ ընդհանրապես էին օտարվել:

Բոլոր կուսակցությունները, որոնք փորձում էին ձայներ ստանալ բնակիչներից, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, որոշեցին չշարունակել իրենց նախընտրական քարոզարշավը:

Ըստ «Քաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան»-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանի, նախընտրական քարոզչության մորատորիումն այն վերածեց հայրենասիրության վրա կենտրոնացած քարոզչության:

«Ջավախքում դրա վրա ազդում էր նաև այն փաստը, որ հայտարարվեց (խմբ. ոչ ֆորմալ) իր տեսակի մեջ ընտրարշավի մորատորիում, որը փաստացի բլեֆ էր: Քաղաքական կուսակցություններն ու թեկնածուները շարունակում էին ակտիվորեն անցկացնել ընտրարշավը, բայց այդ ամենը մտավ մեկ հունի մեջ, այսինքն՝ բոլոր սոցիալական բնույթի հարցերը անտեսվեցին և սկսվեց մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր», – ասում է Առնոլդ Ստեփանյանը:

Բնակչության շրջանում ապաթիան ակնհայտ էր: Հոկտեմբերի սկզբին JNEWS–ի լրագրողները փորձում էին պատրաստել նախընտրական նյութեր՝ փորձելով ժողովրդի ձայնը հասցնել թեկնածուներին: Այնուամենայնիվ, դա ամենուր և միշտ չէր, որ ստացվում էր: Վաչիան գյուղում գյուղի հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողների հարցերին բնակիչները նախատինքով պատասխանեցին. «Ինչ ընտրություններ, մեր երիտասարդ տղաները այնտեղ մեռնում են, իսկ Դուք խոսում եք ընտրությունների մասին, ով կգնա ընտրությունների»: Եվ նման պատասխաններ լսվեցին Ջավախքի շատ գյուղերում: Բնակչության այս վերաբերմունքը ենթադրում էր ընտրողների ցածր ակտիվություն: Այնուամենայնիվ, Ջավախքի բնակիչները 5,25%-ով ավելի բարձր ակտիվություն ցույց տվեցին, քան նախորդ խորհրդարանական ընտրություններում՝ 2016 թ.-ին:

Made with Visme Infographic Maker

Ջավախքի բնակչության համեմատաբար բարձր ակտիվությունը զարմացրեց նաև Առնոլդ Ստեփանյանին, սակայն փորձագետը չի խոսում այդ ակտիվության պատճառների մասին՝ մեկնաբանելով, որ այդ ակտիվությունը համեմատաբար բարձր է եղել ամբողջ Վրաստանում:

Ղարաբաղյան պատերազմը, ավելի ճիշտ դրա արձագանքն ազդեց ընտրությունների արդյունքների վրա: Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը մեծ ազդեցություն ունեցավ հայաբնակ Ջավախքում ընտրողների ձայնի վրա:

«Իմ դիրքորոշումը միանգամայն պարզ է: Այն հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է և այդ հանգամանքը ոչ մի բան չի կարող փոխել», – նախքան խորհրդարանական ընտրություններն այսպես էր մեկնաբանել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը Վրաստանի նախկին նախագահ և «Միասնական ազգային շարժում» կուսակցության վարչապետի թեկնածու Միխեիլ Սաակաշվիլիին:

Ըստ Առնոլդ Ստեփանյանի, Լեռնային Ղարաբաղի պատերազմը միանշանակ ազդեց ընտրությունների վրա այնտեղ, որտեղ ապրում են հայկական և ադրբեջանական համայնքները, դրանք են՝ Ջավախքը, Քվեմո Քարթլին, մասամբ Կախեթին և Թբիլիսին:

«Ոչ թե Ղարաբաղյան հակամարտությունն է ազդել, այլ ազդել է որոշ կուսակցությունների կամ գլխավորող կուսակցությունների հետ կապ ունեցող քաղաքական գործիչների պահվածքը, օրինակ` Սաակաշվիլիի: Նրա հայտարարությունը դարձավ կատալիզատոր այլ քաղաքական գործիչների հայտարարությունների համար, որոնք շտապում էին ֆիքսել իրենց դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ, և դա հիմնականում արվում էր տարածաշրջանային քաղաքական գործիչների մակարդակով, առավել ակտիվ իրենց դիրքորոշումը հայտնեցին 4 քաղաքական կուսակցություններ: Փաստորեն, Սամցխե-Ջավախքում տեղի ունեցավ այն, որ այդ բանից հետո հայկական համայնքը փաստացի ձայն չտվեց «Ազգային շարժմանը»: Եվ այն տոկոսը, որը Սահակաշվիլիի կուսակցությունը ստացավ Ջավախքում, բոլոր ժամանակների նվազագույն ցուցանիշն է, երբ «Ազգային շարժումը» գտնվում է ընդդիմությունում: Քվեմո Քարթլիում, որտեղ ապրում են ադրբեջանցիները, նրանք ավելին ստացան, քան սովորաբար ստանում էին», – ասում է Առնոլդ Ստեփանյանը:

Եթե 2016 թվականին Ջավախքում Սաակաշվիլիի կուսակցությունը ստացել էր ձայների 20,32%-ը, ապա 2020 թվականին՝ ընդամենը 3,92%:

Արդեն ընտրություններից և զինադադարից հետո Ջավախքում կարծում են, որ չնայած «Արցախում պատերազմի պատճառով սրտում գոյացած անտանելի ցավին, քվեարկությանը մասնակցելուն ոչ մի բան չխանգարեց»:

Վարեւան գյուղում նույնպես համոզված են, որ Սաակաշվիլիի հայտարարությունը ձայներ խլեց «Ազգային շարժում»-ից:

Ըստ Վարեւան գյուղի բնակչի, իրենց գյուղում «Ազգային շարժումը» մի քանի ձայն է ստացել, «և դրանք էլ եղել են այն մարդիկ, ովքեր կուսակցության կողմնակիցն էին, ուստի նրանք պարտավոր էին ձայն տալ»:

«Ցավը, որը մենք ունենք մեր սրտերում Արցախի պատճառով, անտանելի է, բայց մեր երկրում ընտրություններ էին և ինչպես մենք կարող էինք անտեսել… Նորմալ է, մենք կատարել ենք մեր պարտքը: Առանց որևէ խոչընդոտի և խնդրի, հանգիստ, խաղաղ: Ում ես զանկանում էի, նրան էլ ընտրեցի, մեկից բացի: Միայն մեկ պատճառով՝ մենք չենք հարգում Սաակաշվիլիին: Նա մեզ ցավ պատճառեց: Նա դա չպետք է ասեր: Մենք այլևս չենք սիրում նրան:

Ընտրությունների արդյունքների համաձայն, հաղթեց «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը՝ 61,48% ձայնով: Երկրորդ տեղում էր անկախ թեկնածու Հենզել Մկոյանը՝ հավաքելով ձայների 20,04%-ը: «Ազգային շարժման» թեկնածու Մելիք Ռաիսյանին բաժին հասավ ձայների 4,04%-ը:

Made with Visme Infographic Maker

Սաակաշվիլիի հայտարարությունը էական ազդեցություն ունեցավ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Արսեն Կարապետյանի վարկանիշի վրա: Ֆեյք էջերը, որոնք տարածում էին լուսանկարներ, որոնցում Միխեիլ Սաակաշվիլին և Վանո Մերաբիշվիլին, Նինոծմինդայի բաժանմունքի այն ժամանակվա ոստիկանապետի ուղեկցությամբ, մատնանշում էին թեկնածուի նախկին կապը Սաակաշվիլիի հետ՝ ընտրողներին «հուշելով» չքվեարկել նրա օգտին:

Արսեն Կարապետյանը, ով «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն էր, կարծում է, որ եթե ընտրություններն անցկացվեին արդար միջավայրում, ապա Սաակաշվիլիի հայտարարությունը չէր լինի, և եթե չլիներ ֆեյքերի աշխատանքը, ապա Ջավախքում ևս երկրորդ փուլ կլիներ:

«Եթե կուսակցությունից յուրաքանչյուր կողմ-մասնակից զուսպ լիներ, կարծում եմ, մեծ հավանականությամբ, կլիներ երկրորդ փուլ: Այո, իհարկե, Սաակաշվիլիի հայտարարությունն օգտագործվեց իմ դեմ, և դա անարդար է, ֆեյք էջերը ազդեցին ընտրությունների արդյունքի վրա՝ դա անվիճելի է», – հավելում է Արսեն Կարապետյանը:

Սաակաշվիլիի հայտարարությունը, սակայն, ամենաշատ ձայները խլեց իր կուսակցության թեկնածու Մելիք Ռաիսյանից:

«Ողջունելի է, որ ԿԳԲ-ն այսպես աշխատեց մեր հայ բնակչության համար: Բարձրացրեց հայրենասիրությունը: Վրացի այլ քաղաքական գործիչներից ինչ-որ մեկն ասում էր, որ իրենք կողմ չեն Ադրբեջանի ամբողջականությանը: Սալոմեն (խմբ. Զուրաբիշվիլի) ասում էր, որ դեմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Վրաստանում նման քաղաքական գործիչ չկա, որը կասի, որ ինքը դեմ է տարածքային ամբողջականության սկզբունքին, այլ կողմ է ինքնորոշման սկզբունքին», – ասում է Մելիք Ռաիսյանը:

Արդեն «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սամվել Մանուկյանը կարծում է, որ Արցախյան պատերազմը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Ճիշտ է, մենք չկարողացանք նորմալ նախընտրական քարոզչություն անցկացնել, ինչպես ծրագրված էր: Մենք չկարողացանք հանդիպել մարդկանց հետ, զրուցել նրանց հետ, լսել նրանց խնդիրները, բայց, հավանաբար, ընտրությունների արդյունքի վրա դա այդքան մեծ ազդեցություն չունեցավ», – ասում է նա:

Փորձագետ, քաղաքագետ Լաշա Տուղուշիի խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմը շատ բարդ է Վրաստանի համար: Առաջին հերթին այն պատճառով, որ Վրաստանում ապրում են մեծ թվով ազգությամբ՝ հայեր և ադրբեջանցիներ:

«Եվ, բնականաբար, Վրաստանը չի կարող պարզապես կողքից նայել, թե ինչ է կատարվում այնտեղ: Սա մի հարց է: Մյուս հարցն այն է, որ սա պատմական պահեր են, և այն սերտ կապեր ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Այս հարաբերությունները չեն սկսվել Վրաստանի անկախության վերականգնումից հետո: Վրացիները զգում էին այս ցավը, ճիշտն ասած, դա մեզ համար հեշտ պատերազմ չէր: Վրաստանը փորձեց չեզոք լինել, քանի որ այն չի կարող լինել երկրներից որևէ մեկի կողմը», – ասում է Տուղուշին:

2020 թվականի աշունը ծանր էր Ջավախքի հայերի համար: Մարդիկ զգում էին իրենց ազգի վտանգը: Մյուս կողմից էլ անհրաժեշտ էր կատարել քաղաքացիական պարտքը, սակայն, վերջում ստացվեց այնպես, որ ընտրությունների ժամանակ բնակչության մշտական ապաթիան արտահայտվեց ընտրություններում ակտիվությամբ:

Քրիստինե Մարաբյան