Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Ախալքալաքում տեղեկություն է տարածվել, որ Ախալքալաքում «Վրացական երազանք»-ի անդամները կռվել են իրար մեջ։ Ըստ լուրերի՝ կոնֆլիկտը սկսվել է բանավոր վիճաբանությամբ ու վերածվել ծեծկռտուքի։ Միջադեպի կողմերից մեկը հերքում է այս տեղեկությունը։
Միջադեպի պատճառների մասին ստույգ տեղեկություն չկա։ Օրվա վերջում «Մթավարի արխի» հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, որ սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանին ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի ակտիվիստները։ Jnews-ը կապ է հաստատել Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի հետ, ով հերքել է իրեն ծեծի ենթարկելու տեղեկությունը։
«Ես գտնվում եմ տանը հյուրերի հետ։ Ոչինչ չի եղել։ «Մթավարի»-ի լրագրողներին հարցրել եմ, թե ով է այդ մասին իրենց ասել, նրանք ասացին, որ այդ մասին տեղեկացել են սակրեբուլոյից։ Երեկ Ախալցիխեում էինք։ Գնացել էինք մեր ընկերոջը հիվանդանոց տեսակցելու, իսկ հետո կնոջս հետ տանն եմ եղել։ Հաստատ ոչինչ չի եղել։ Արդյո՞ք ես նման եմ մեկին, ում կարելի է ծեծի ենթարկել: Գրեք այն մասին, որ այսօր քաղաքի օրն էր, թե ով ում է ծեծել կամ հայհոյել՝ ձեր գործը չէ»,- մեկնաբանեց Նաիրի Իրիցյանը։
Նշենք, որ այսօր քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին Նաիրի Իրիցյանը, ենթադրաբար, ներկա չի եղել, չնայած այն հանգամանքին, որ միշտ ներկա է եղել նմանատիպ միջոցառումներին։