Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմին կից Ախալքալաքի երիտասարդական խորհուրդը յուրօրինակ կերպով նշեց Երիտասարդության միջազգային օրը։
Այսօր Ախալքալաքում «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում նշեցին Երիտասարդության միջազգային օրը։ Ծրագիրը սկսվեց Ախալքալաքի երիտասարդական խորհրդի անդամների ողջույնի խոսքով, որից հետո Մետաքսյա Քեյանը դհոլ խփեց, իսկ «Line up» թատերախմբի սաները ներկաներին ներկայացրեցին «Հայելի» կոչվող էտյուդը:
Տոնակատարության շրջանակներում անցավ «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղը, որի մասնակիցները ՏԻՄ-ից ստացան մրցանակներ՝ ժամացույցներ, գավաթներ, ականջակալներ և այլն։
Զբոսայգու մոտ՝ մարզահրապարակում, անցկացվում էին սպորտային մրցումներ։
Երիտասարդության օրվա ավարտին սպասվում է դիսկոտեկ «DJ Rubo»-ի մասնակցությամբ։
Ախալքալաքի երիտասարդական խորհուրդը գործում է Ախալքալաքի քաղաքապետարանին կից և նոր մարմին է հանդիսանում։ Հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Երիտասարդական խորհրդի» (Ախալքալաքի քաղաքապետի խորհրդատվական մարմնի) անդրանիկ նիստը։ Խորհրդի նպատակն է բարձրացնել երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարման իրականացման գործընթացին, երիտասարդների կարիքների և առաջնահերթությունների մշակման գործընթացում դրանց լուծման ուղիների պաշտպանումը, զարգացումը, լոբբինգը։ Խորհուրդն ունի 25 անդամ, Երիտասարդության միջազգային օրը Խորհրդի կողմից անցկացվող առաջին միջոցառումն է։