Առաջին զանգի նախօրեին արդիական հարց է, թե ինչպես կարող են ծնողները պատրաստել իրենց երեխային դպրոցի համար: Առանց հարցի նյութական կողմը հաշվի առնելու, հոգեբանական գործոնը խիստ մտահոգիչ է, չէ՞ որ դեռ երեկ երեխան գնում էր մանկապարտեզ, իսկ հիմա նա պետք է սովորի, պահպանի որոշակի ռեժիմ ու կարգապահություն։ Jnews-ը հոգեբան Հռիփսիմե Գալստյանից հետաքրքրվել է, թե ինչպես հաղթահարել այս դժվարությունները։

Մասնագետը, մասնավորապես, խորհուրդ է տալիս.

– Երեխայի հետ զրույց վարեք՝ դպրոցին նախապատրաստելու համար: Դուք կարող եք միասին գնալ այն դպրոցը, որտեղ նա սովորելու է, ցույց տալ նրան շրջապատը, դասարանը:

– Փորձե՛ք երեխային չվախեցնել իր վրա ընկած պատասխանատվությամբ, այլ ընդհակառակը, բացատրեք, որ նա կկարողանա շարունակել զբաղվել իր սիրելի գործերով՝ խաղով, բայց դասերից հետո։

– Եթե երեխայի համար դժվար է դասի նստել կամ տնային առաջադրանքներ կատարելը, եթե նա չի կարողանում վարժվել նոր ռեժիմին, չի ցանկանում սովորել և չի կարող պահպանել ուսումնական կարգապահությունը, ծնողը կարող է մոտիվացնել նրան՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար որոշակի խրախուսանք խոստանալով:

– Սկզբում ծնողը կարող է օգնել երեխային կատարել տնային աշխատանքը (օգնել, բայց ոչ անել դա նրա փոխարեն), բայց ավելի ուշ դուք պետք է փորձեք նրան միայնակ թողնել, միայն ստուգել աշխատանքը, հակառակ դեպքում երեխան կվարժվի այն փաստին, որ տնային աշխատանքը պետք արվի միայն ծնողի հետ: