Այսօր Ախալքալաքի օրն է՝ քաղաքը 960 տարեկան է։ Բազմաթիվ տոնական միջոցառումներ են տեղի ունեցել «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում։
Ժամը 13:00-ից մինչև երեկո զբոսայգին առաջարկում էր տարատեսակ ժամանց ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար՝ ձեռագործ աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, տեղական ուտեստների վարպետության դասեր, համտես, ազգագրական անկյուն, սպորտային մրցույթներ, նվագախմբի և զգեստներով կերպարների շքերթ, տիկնիկային թատրոն, գնդակներից զանազան ֆիգուրների ստեղծում, նարդի, շախմատ, հսկա գունազարդման գրքեր, պարային խաղեր։
Ժամը 15:00-18:00-ն կենտրոնական այգու բեմում տեղի պարային համույթները հանդես եկան վրացական և հայկական պարերով, իսկ Աշուղական դպրոցի սաները՝ մեներգերով:
Երեկոյան տոնակատարությանը գույն տվեցին Լինդա Ադամիայի և 1/4 խմբի երաժշտական կատարումները, իսկ ժամը 19:00-ից հետո՝ դիջեյը: Տոնի ավարտին նախատեսվում է հրավառություն։