Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը։ Ըստ ֆերմերների, բերքը լավն է, իսկ մեկ կիլոգրամ կարտոֆիլի գինը տատանվում է 60-80 թեթրիի սահմաններում։
Վերջին տարիներին Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները ուշահաս կարտոֆիլին զուգահեռ սկսել են նաև աճեցնել վաղահաս կարտոֆիլ։ Թեև ոչ բոլոր ֆերմերներն են անցել վաղահաս տեսակների աճեցմանը, սակայն այդպիսի միտում հստակ երևում է: Վաղահաս տեսակները հատկապես ակտիվորեն մշակվում են քաղաքին մոտ գտնվող գյուղերում (Չամդուրա, Մուրջախեթ, Վաչիան, Կիրովական, Դիլիսկա և այլն)։
Այս պահին վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է, ֆերմերները սկսում են բերքահավաքը միայն գնորդների առկայության դեպքում:
Օրինակ՝ Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանը սեպտեմբերի 1-ից սկսել է վաղահաս կարտոֆիլի հավաքը։ Վերջինիս խոսքով, գինը տատանվում է 60-ից 75 թեթրիի սահմաններում, սակայն վերջնական գինը որոշվում է տեղում՝ գնորդի հետ հանդիպման ժամանակ։
«Արդեն սկսել ենք վաղահաս սորտերը հավաքել։ Ով ինձ ճանաչում է, նրանց հետ ես արդեն պայմանավորվել եմ վաճառքի առումով։ Գինը 60-ից 75 թեթրի է, բայց գնորդն ինքը պետք է գա, կխոսենք, գինը կորոշվի»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։
Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանը նույնպես սկսել է վաղահաս կարտոֆիլի հավաքը։ Նա նշեց, որ այս տարի բերքը լավ է, բայց գինն այնքան էլ շահավետ չի համարում։
«Այս տարի բերքը լավ է։ Բայց ես չէի ասի, որ գինը` 1 կգ-ը 60-ից 70 թեթրի լավ է »,- ասում է նա։
Կիրովական գյուղից Եղիշ Աղաջանյանը լիովին սկսել է վաղահաս տեսակի կարտոֆիլի հավաքը և վստահ է, որ գնորդներ կգտնի ու կվաճառի ամբողջ բերքը։ Կարտոֆիլի գինը, ըստ նրա, կախված է որակից:
Օրջա գյուղում շատերն են արդեն սկսել վաղահաս կարտոֆիլ աճեցնել, և գյուղում վաղահաս կարտոֆիլ ցանած բոլոր ֆերմերները նույնպես սկսել են բերքահավաքը։
Օրջա գյուղի բնակիչներից մեկի խոսքով, իրենք կարտոֆիլը վաճառելու են տանում Քութայիսի կամ Թբիլիսի, գինը կախված է կարտոֆիլի որակից՝ 60-ից 80 թեթրի է։
Վաչիան գյուղում նույնպես սկսվել է վաղահաս կարտոֆիլի հավաքը։
Ինչ վերաբերում է դաշտերում աշխատանքի վարձատրությանը, ապա այս տարի գները մնացել են նույնը, ինչ նախորդ տարի էր՝ հավաքողներին վճարվում է 50-ից 60 լարի, իսկ բարձողներին՝ 60-ից 70 լարի: