Կաթնամթերքի արդյունաբերության արդիականացման և շուկա մուտք գործելու պետական ծրագիրը, որն անցյալ տարի Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում իրականացվել է «Վրաստանի ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսական աջակցությամբ, ցույց է տվել լավ արդյունք: Ծրագիրն այս տարի ևս կշարունակվի որոշակի փոփոխություններով:
Ծրագիրն իրականացրած ձեռնարկատեր Սոսիկո Ամիրխանյանի խոսքով, արդյունքը շատ լավն է եղել:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ծրագրից օգտվել են Թոթխամ, Դիլիսկա, Մաջադիա, Կումուրդո, Կարծախ, Սուլդա, Ալաստան գյուղերի ֆերմերները։
Արմեն Ամիրխանյանի խոսքով, այս ծրագրով հետաքրքրվողները շատ են, և իրենք կարծում են, որ այս տարի ավելի շատ մարդիկ կօգտվեն դրանից։
«Արդյունքը շատ լավն է, դա երևում է հետզհետե, պարբերաբար՝ կախված բեղմնավորման ժամանակից: Հուսով ենք, որ նոր ցեղատեսակի մոտ 400 հորթ կստանանք»,- ասաց Արմեն Ամիրխանյանը։
Երկու մունիցիպալիտետներում, ծրագրի շրջանակներում, բեղմնավորվել է մոտ 700 կով։ Այսօրվա դրությամբ արդեն ստացվել է 30 հորթ։ Դեռ սպասում են մեկուկես ամսից հետո էլ։ Որոշ գյուղերում՝ Դիլիսկայում, Մաջադիայում, Թոթխամում, ըստ Արմեն Ամիրխանյանի, արդեն ստացել են առաջին արդյունքները և շատ գոհ են։
Ծրագրի շրջանակներում կովերին բեղմնավորում են «Շվից» և «Ջերսի» ցեղատեսակներով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծրագրից օգտվել են Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի, Գանձա գյուղերում։
Արմեն Ամիրխանյանն ասում է, որ Ջավախքում կովերի ցեղափոխման հարցը շատ արդիական է և մտահոգում է ֆերմերներին։
«Գյուղերի բնակչությունն անձամբ է հանդիպումների ժամանակ բարձրացրել այդ հարցը»,- ասաց Արմեն Ամիրխանյանը։
Նա նաև հավելեց, որ չնայած բնակչության շրջանում տարածված ապատեղեկատվությանը, թե իբր ծնելու ժամանակ խնդիրներ են լինում, այս տարի ծրագիրը շարունակվում է, սակայն որոշակի փոփոխություններով։
«Մենք պայքարում էինք այն ապատեղեկատվության դեմ, որ կովերը ծնելիս խնդիր կունենան, եթե բեղմնավորումն արհեստական լինի Շվից ու Ջերսի ցեղատեսակների սերմնահեղուկներով, քանի որ հորթերը մեծ են ծնվում: Մենք պայքարում էինք դրա դեմ: Նրանք այժմ տեսնելով արդյունքները համոզվում են, որ դա այդպես չէ: Բնակչությունը վախենում էր դրանից»,- ասում է Արմեն Ամիրխանյանը։
Փոփոխությունների մասին Jnews-ը կգրի քիչ ուշ, քանի որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է փոխվելու։ Ծրագիրը կիրականացվի նաև խոզերի համար։
Ինչու արժի ընտրել արհեստական բեղմնավորումը
Խոշոր եղջերավոր անասունների բնական ճանապարհով զուգավորումը նախրի պայմաններում հաճախ հանգեցնում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են.
• Ցլերից հիվանդությունների փոխանցում կովերին, հատկապես բրուցելյոզը, որն առավել հաճախ տարածվում է նախրային ցլերի միջոցով:
• Ինբրեդինգ, որը հանգեցնում է կովերի արտադրողականության և այլ ցեղային հատկանիշների նվազմանը:
• Անցանկալի և չվերահսկվող ծնելիություն:
Ծրագիրն իրականացվում է հետևյալ շրջաններում՝ Սամցխե-Ջավախեթի, Իմերեթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի: