Նյութը պատրաստել է մեր գործընկեր Sknews.ge-ին:

Վերջին տասը տարում Ախալցիխեի քաղաքապետարանի միայն 3 բնակավայրում՝ Սվիրիում, Ածղուրիում և Վալեում, խմելու ջրի խնդիրը լուծելու համար ծախսվել է մոտ 10 մլն լարի։ Դրանից՝ 3 միլիոնի սահմաններում մրցույթները հայտարարել է Ախալցիխեի քաղաքապետարանը, սակայն գումարի կեսը՝ մեկուկես միլիոնից ավելին, ստացել են Ախալցիխեի քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաև նրանց գործընկերների և կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց ընկերությունները։

Իսկ մնացած 7 միլիոնը, որով Վալեում պետք է շարունակական ջրամատակարարում լիներ, այն ծախսվել է այնպես, որ ջրային համակարգը դեռ չի տեղադրվել։ Ի վերջո, երեք բնակավայրերում էլ խմելու ջրի խնդիրը մնում է նույնը, ինչ 10 տարի առաջ։

«Հարավային դարպասն» ընտրել է քաղաքապետարանի երեք այդպիսի բնակավայր, որտեղ վերջին տասը տարում միլիոնավոր լարիներ են ծախսվել, իսկ բնակչության վիճակը ջրի հարցում չի փոխվել։ Սվիրիում, Ածղուրիում և Վալեում շարունակում են խմելու ջուր պահանջել այնպես, ինչպես տասը տարի առաջ։ Այս գյուղերում խմելու ջրի համար հայտարարված մրցույթների մի մասը շահել են Ախալցիխեի քաղաքապետարանի նախկին և/կամ ներկա անդամների (այդ թվում՝ նախկին գյուղապետի) ընկերությունները, իսկ մյուս մասը ինքնակառավարմանը կամ իշխող կուսակցությանը մոտ կանգնած և միաժամանակ կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք են։

Սվիրի

Ախալցիխեի քաղաքապետարանի Սվիրի գյուղում վերջին տասը տարում խմելու ջրի կարգավորման համար հայտարարվել է ավելի քան 1 մլն 100 հազար լարիի մրցույթ։ Այս ընթացքում բնակիչներին առնվազն 6 անգամ խոստացել են, որ նրանք կունենան 24-ժամյա ջրամատակարարում, բնականաբար՝ մաքուր ջուր։

Բացի այդ, այս գյուղում խմելու ջրի համար հայտարարված վեց մրցույթներից երեքը տարբեր տարիներում (2013, 2015, 2018) իրականացրել է մի ընկերություն՝ «Սամցխե XXI»-ը։ Ընկերություն, որի ղեկավարը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ և հետաքննությունը նրան մեղադրում էր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ընթացքում 33 400 լարի յուրացնելու մեջ։

Ի վերջո, ոչ այս ընկերության, ոչ էլ այլ ընկերությունների կատարած աշխատանքները բավարար չէին Սվիրի գյուղի բնակիչների խմելու համար պիտանի շարունակական ջրամատակարարումն ապահովելու համար։

Վերջապես, Սվիրիում աշխատանքներն ավարտվեցին 2023 թվականի աշնանը։ Նախագիծը գոյատևեց այդ աշնանն ու ձմռանը, սակայն գարնանը նորից խնդիրներ առաջացան։ 2024 թվականի մայիսին բակերի ծորակներից պղտոր, մոխրագույն ջուր էր գալիս, այն էլ ըստ ժամանակացույցի՝ առավոտից մինչև ժամը 12։00։ Տեղացիներն ասում են, որ այս ջուրը ոչ խմելու, ոչ էլ ճաշ պատրաստելու համար պիտանի չէ։

«Ես Ախալցիխեից տեղափոխվել եմ այստեղ [Սվիրի] ապրելու 2012 թվականին, և այդ ժամանակվանից ջրի խնդիր են լուծում։ Այն ջուրը, որն ունենք հիմա, խմելու համար չես կարող օգտագործել, ժանգագույն ջուր է գալիս, միայն ոռոգման նպատակով ենք օգտագործում»,- ասում է Սվիրիում բնակվող Գիորգի Լացաբիձեն։

Գիորգիի հարևանը նույն խնդրի մասին է պատմում. «Երբ անձրև է գալիս, ցեխաջուր է հոսում ծորակից։ Բողոք ունեմ, բայց խոսելն իմաստ չունի։ Ամեն տարի կառուցում են [ջրային համակարգը], բայց ես իսկապես չգիտեմ, թե ինչի վրա են ծախսվում այդ գումարները։ Լավ չի արվում։ Երեկ միացրեցի լվացքի մեքենան ու չկարողացա միացնել, կանգ առավ։ Հետո ձեռքով «Քվիթկիրիի» ջուր քաշեցի, լցրի մեքենայի մեջ ու լվացքն այդպես լվացի»։

Տարիներ շարունակ չլուծված խնդիր

«Քվիթկիրիի» ջուրը գյուղի միակ աղբյուրն է, որը պիտանի է խմելու համար։ Այն 1911 թվականին հանած ջուր է։ Նրանք, ովքեր կարող են ձեռքով ջուր բերել իրենց տնից 200-300 մետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից, այդպես են անում, քանի որ տանը մաքուր ջուր չունեն։ «Ինչքա՞ն պետք է ձեռքով կրես։ Երկու «բալոն» կարող ես բերել՝ 20 լիտրանոց, բայց լողանում, լվացք ես անում, օրական 100 լիտր ջուր ես ծախսում, այդքանը ո՞նց պիտի կրես»։

Սվիրի գյուղում խմելու ջրի հետ կապված խնդիրներ են առաջացել դեռ այն ժամանակներից, երբ տեղացիները բակում ծորակներ են տեղադրել։ Հիշում են, որ գյուղում մինչև 1990-ական թվականները միայն մեկ աղբյուր կար, այսպես կոչված «Քվիթկիրիի ջուրը», և բնակիչների մի մասն օգտվում էր դրանից, իսկ մյուս մասը ջուրը բերել էր հարևան գյուղից՝ Բոգայից։

Գյուղի ջրամատակարարումը և բակերում խողովակների անցկացումն իրականացվել է շուրջ 2005-2010 թվականներին։ Այդ ժամանակ գյուղ ջուր է բերվել անտառից, որտեղ միացել են մի քանի աղբյուրներ, աղբյուրը կոչվում է «Դափանտուլեբիս ծղալի»։ Այստեղ մարդիկ պնդում են, որ այն ժամանակ «Դափանտուլեբիս ծղալի»-ն ջրամբար ուներ, և մաքուր ջուր էր գալիս։ Սակայն տարիներ անց այդ ջրամբարը փլուզվեց, և ջուրը աղտոտվեց, ուստի անհրաժեշտ էր գտնել ջրի նոր աղբյուր և կարգավորել կենտրոնական մայրուղին։

Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար

2013 թվականի մրցույթի համաձայն՝ խմելու ջուրը Սվիրի է բերվել «Դափանտուլեբիս ծղալի»-ից, իսկ մնացած չորս նախագծերով տեղի բնակիչները խմելու ջուր պետք է ստանային «Մողոբիլիի» աղբյուրից։

Մրցույթ N1 – 2013 թվական – Ախալցիխեի քաղաքապետարանի Սվիրի գյուղի խմելու ջրի համակարգի կազմակերպման աշխատանքների ապահովում.

Վերջին տասը տարում Սվիրիում խմելու ջրի առաջին մրցույթը տեղական ինքնակառավարումը հայտարարել էր 2013 թվականին։Մրցույթի շինարարական աշխատանքների արժեքը սահմանվել է 98 000 լարի, սակայն առանձին գումար է հատկացվել նախագծա-ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման համար։

Այս ծրագրի նպատակը գյուղի համար նոր մայրուղային ջրատարի կառուցումն էր, որը պետք է մատակարարեր ձմռանը՝ Սվիրի և Տատանիսի գյուղերը, իսկ գարնանից հնարավոր կլինի ջուր մատակարարել նաև Բոգա գյուղին։

Որպես ջրամատակարարման աղբյուր օգտագործվում է այն ջուրը, որը գտնվում է Սվիրի գյուղից 6-7 կիլոմետր հեռավորության վրա՝ Սվիրի լեռներում, այսպես կոչված «Նասերալի տարածքում», որտեղ պետք է հավաքվեին մի քանի աղբյուրներ, պետք է կազմակերպվեր գլխամասային ջրամբար, որտեղից ջուրը կհոսեր գյուղ։

Հիմնական խողովակաշարի համար ընտրվել են պլաստիկ խողովակներ, որի միջոցով «նախագծված ջրատար համակարգն ապահովում է խմելու ջրի մատակարարումը և հուսալի է երկարաժամկետ շահագործման համար», – գրված է մրցութային փաստաթղթում։

Մրցույթին մասնակցել է երեք ընկերություն, որոնցից պայմանագիր է կնքվել «Հիդրո ինժեներական» բաժնետիրական ընկերության հետ։ Աշխատանքների ավարտից հետո ընդունման և հանձնման փաստաթղթում ասվում է.

«Աշխատանքի որակը գոհացուցիչ է, ինչը հաստատվում է Ախալցիխեի քաղաքապետարանի ինքնակառավարման միավորի ներկայացուցիչների ստորագրությամբ»։

Ավելի ուշ պարզվում է, որ Սվիրիում տեղում աշխատանքները կատարել է ոչ թե ԲԸ «Հիդրոինժեներական ընկերությունը», այլ նրա ենթակապալառու «Սամցխե XXI» ՍՊԸ-ն։

Թեև 2013 թվականին ինքնակառավարումը համարել է, որ «Հիդրո ինժեներական» ԲԸ-ի կատարած աշխատանքները որակյալ են ու երկարաժամկետ, սակայն ուղիղ 2 տարի անց, անհրաժեշտ է եղել Սվիրի խմելու ջրի նոր մրցույթ հայտարարել։

Մրցույթ N2 – 2015 թվական՝ Ախալցիխեի քաղաքապետարանի Սվիրի գյուղի խմելու ջրի համակարգի վերականգնման աշխատանքներ

Սվիրիում խմելու ջրի համակարգի կազմակերպման երկրորդ մրցույթը հերթական անգամ հայտարարվել է 2015 թվականին՝ պետբյուջեի միջոցներով, այս անգամ՝ 246 374 լարիով։

Խմելու ջուրը, որի համար 2013 թվականին ծախսվել է 98.000 լարի, ըստ նոր նախագծային փաստաթղթերի, բավարար չափով դեբետ չի ունեցել, բացի այդ՝ հակասանիտարական պայմաններ են եղել, և տեղի բնակիչները խմել են ոչ պիտանի խմելու ջուր։

Ուստի անհրաժեշտություն է առաջացել կառուցել նոր խողովակաշար՝ նոր մրցույթով ու նոր գումարով։ Նախագծում հաշվի է առնվել, որ խմելու ջրի նոր աղբյուրը պետք է լինի «Մողոբիլին» և «Ճանգեթիս Խևի»-ն, և այդ տարածքներում ձեռք բերված վեց աղբյուրները պետք է միավորվեն կոլեկցիոն հորում։

Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն, որոնցից Ախալցիխեի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Սամցխե XXI» ՍՊԸ-ի հետ, այսինքն՝ նույն ընկերության հետ, որը նույն գյուղում 2013 թվականին կատարել է նույն աշխատանքները՝ որպես ենթակապալառու։

Նոր պայմանագրի արժեքը սահմանվել է 229 112 լարի։ Ընդունման և հանձնման ակտերում նորից գրված է, որ շինարարական աշխատանքները համապատասխանում են պետական չափորոշիչներին, որակը՝ բավարար է։ Փաստաթուղթը ստորագրված է քաղաքապետարանի վեց աշխատակիցների կողմից։

Հատկանշական է, որ այն ժամանակահատվածում, երբ «Սամցխե XXI» ՍՊԸ-ն շահում էր Ախալցիխեի քաղաքապետարանի մրցույթները, նրա 71,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Գուրամ Փարցախաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքով և հետաքննությունը նրան մեղադրել է Ախալցիխեում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ընթացքում 33 400 լարիի յուրացման մեջ։

Մրցույթ N3 – 2016 թվական՝ նոր ռեզերվուար, նոր ջրի բաշխիչ կոլեկտոր, շենքի կառուցում, նոր կցամասներ

Մինչ «Սամցխե XXI» ՍՊԸ-ի կատարած աշխատանքները ինքնակառավարումը որակավորեց, որպես առանց խնդիրների, պարզվեց, որ արդեն իսկ իրականացված երկու ծրագրերը բավարար չեն Սվիրի գյուղի 24-ժամյա ջրամատակարարման համար։ Մեկ տարի անց՝ 2016 թվականի նոյեմբերին, Սվիրի քաղաքապետարանի կողմից խմելու ջրի համար հերթական մրցույթը հայտարարվեց, սակայն հաղթող չգտնվեց, ուստի մոտ մեկ տարվա ընթացքում կրկին մրցույթ անցկացվեց՝ նույն պայմաններով։ Սվիրի գյուղի բնակիչները դեռևս խմելու ջուր էին խնդրում։

Մրցույթ N4 – 2017 թվական՝ ռեզերվուարի տեղափոխում, նոր ջրի բաշխիչ կոլեկտոր, շենքի կառուցում, նոր մայրուղու կազմակերպում

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ այս անգամ աշխատանքները ներառում էին.

1. Գոյություն ունեցող ռեզերվուարի տեղափոխում։

2. Նոր ջրաբաշխիչ կոլեկտորների շենքի կառուցում և թաղամասային ջրի բաշխիչ կոլեկտորների համար հորերի կազմակերպում։

3. Կտրել մագիստրալային խողովակի վրա առկա միացումները (այսպես կոչված՝ բոգի գիծը) և կազմակերպել նոր հիմնական մայրուղի։

4. Ներծծող գավաթների և մետաղյա կնիքների տեղադրում առկա մայրուղու վրա։

Փաստաթղթում նշված է, որ հիմնական ռեզերվուարի ջուրը հնարավոր չի եղել ճնշել, և բնակչությանը չի մատակարարվել անհրաժեշտ քանակությամբ ջուր, ուստի անհրաժեշտ է եղել տեղափոխել ռեզերվուարը։ Այս և վերը թվարկված այլ աշխատանքների ավարտից հետո Սվիրի 151 բնակիչները (2017թ.) և լրացուցիչ՝ «եկեղեցին, մանկապարտեզը, թաղային աղբյուրը, բուժկետը, արարողությունների տունը, գյուղական ակումբը, դպրոցը» որակյալ և անխափան ջրամատակարարում կունենային։

Մրցույթում հաղթող ճանաչված «Մշենեբելի 2015» ՍՊԸ-ն կատարել է աշխատանքների միայն առաջին փուլը, դրա համար ստացել է 10 385 լարի, իսկ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով քաղաքապետարանը խզել է նրա հետ պայմանագիրը։

Ուստի, 2018 թվականին ևս մեկ մրցույթ է հայտարարվել, խնդիրը նույնն էր, գումարը՝ ավելի շատ։

Մրցույթ N5 – 2018 թվական

Ախալցիխեի քաղաքապետարանի Սվիրի գյուղի խմելու ջրի ներքին ցանցի և հիմնական համակարգի վերականգնման աշխատանքների ապահովում

Այս մրցույթով պետք է կատարվեին ճիշտ նույն աշխատանքները, ինչ թիվ 4 մրցույթի դեպքում։ Գումարը, այս անգամ, կազմել էր 121 611 լարի, և ի վերջո պետական գնումը կրկին շահել է «Սամցխե XXI» ՍՊԸ-ն։ Այսինքն՝ այն ընկերությունը, որը այս գյուղում նույն խնդրի մրցույթը շահել էր երկու անգամ (2013 և 2015 թթ․-ին), պետբյուջեից ստացել էր ավելի քան 300 հազար լարի ու այդպես էլ չէր կարողացել լուծել խմելու ջրի խնդիրը։ ՏԻՄ-ը նրան վստահել է ևս 120 000 լարիի մրցույթ։

2019 թվականի օգոստոսի 8-ին Ախալցիխեի քաղաքապետարանի տեսչական խմբի անդամները շինարարական ընկերության ներկայացուցչի հետ, ինչպես նաև վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ «Քրիզոլիտ+» ՍՊԸ-ն ստուգեցին ավարտված աշխատանքները։ Նրանք բոլորը ստորագրել էին փաստաթուղթը․ «Մենք ստուգել ենք «Սամցխե XXI» ՍՊԸ-ի կատարած աշխատանքները՝ որակի վերահսկողության նպատակով։ Այս փուլում նշված օբյեկտում անսարքություն չի հայտնաբերվել»։

Սակայն դրանից մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի հուլիսի 2-ին, ջրից հեղեղվել էին գյուղի ներքին փողոցները և լցվել տեղացիների տներն ու կրպակները։ Այն ժամանակ «Հարավային դարպասի» մոտ տեղացիներն ասել էին, որ ջուրը հոսում է հենց նորակառույց խողովակաշարից։

Այն ժամանակ «Սամցխե XXI»-ի տնօրեն Գուրամ Փարցախաշվիլին հերքել էր, որ ջուրը աղտոտված է։ Նա ասել էր, որ ջուրը հոսում է հին խողովակներից։

Սակայն, եթե նույնիսկ այդպես էլ լիներ, հիմնական գիծը, որը երեք անգամ կազմակերպել էր նրա ընկերությունը, վեց տարի հետո էլ չի կարողանում բնակչությանը խմելու ջուր մատակարարել։

Կոնկրետ այս մրցույթը, պետական աուդիտի ծառայության կողմից ներառվել է Ախալցիխեի քաղաքապետարանի գործունեության աուդիտի հաշվետվության մեջ, որտեղ գրված է. «Քաղաքապետարանի կողմից ներդրված վերահսկողական մեխանիզմը չի կարող ապահովել որակյալ ենթակառուցվածքային նախագծերի ընդունում- իրականացում և քաղաքապետարանի ժամանակին տեղեկացում՝ նախագծերի կարգավիճակի մասին։ Աշխատանքների մոնիթորինգի, ընդունման-հանձնման, պահպանման և երաշխիքային ժամանակահատվածում կառավարման ոլորտում առկա թուլությունների պատճառով վնասվել են ենթակառուցվածքային ծրագրերը, իսկ բյուջետային միջոցները ծախսվել են անարդյունավետ: Քաղաքապետարանը պարտավոր էր պարզել վնասի պատճառները, երաշխիքային ժամանակահատվածում նախագծերի վերահսկողության համար պատասխանատու անձանց, և վնասը փոխհատուցելու համար ձեռնարկել համապատասխան միջոցներ նրանց նկատմամբ, ինչը չի իրականացվել»։

Ըստ աուդիտի հաշվետվության՝ նույն ժամանակահատվածում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ վնասվել է 1,847.4 հազար լարիի ենթակառուցվածքային աշխատանքների մի մասը։

Մրցույթ N6 – 2023 թվական

Սվիրի գյուղի խմելու ջրի մայրուղային խողովակաշարի վերականգնման աշխատանքների ապահովում

Մրցույթը հայտարարվել էր 621 536 լարիով։ Նախագծային փաստաթղթերը կազմել է «Արքի գրուպ» ՍՊԸ-ն, որի համար հատկացվել է առանձին գումար։ Թեև այս ընթացքում Սվիրի ջրի վրա արդեն հինգ ծրագիր է իրականացվել, սակայն «Արքի գրուպը» խմելու ջրի ներկա վիճակը այսպես է բնութագրում. «Սվիրի գյուղում այսօր տեղադրված է պողպատե խողովակով մայր խողովակաշար, որը սնվում է ջրհավաք ջրամբարից։ Ամրան ընթացքում դեբետը մեծացնելու նպատակով գործող մայրուղուն կցվում է ջրահավաք կապտաժը, և, երբ ջուրը շատ է, այն հետ է հոսում և բարձրանում թիվ 2 ջրհավաք կապտաժի մեջ: Մայրուղու վրա բացակայում են վակումային խցիկները և դատարկիչ խցիկները, խողովակաշարի հնության և կոռոզիայի հետևանքով մի քանի հատվածներ վնասվել են և առաջացնում են ջրի հոսք: Ախալցիխեի քաղաքապետարանի Սվիրի գյուղում նախատեսվում է մայր խողովակաշարի վնասված հատվածները փոխարինել պողպատե խողովակներով, հիմնական խողովակաշարի վրա դասավորվել օդի ներծծող բաժակներ, վակումային խցիկներ»։

Մրցույթում հաղթել է «ՆԴՍ մշենեբելի»-ն՝ 610 999 լարի։

Ծրագրի ընթացքը ստուգել է տեսչական խումբը 2023 թվականի նոյեմբերին և գրել, որ «աշխատանքները կատարվում են նախագծին համապատասխան՝ շինարարական նորմերի և կանոնների պահպանմամբ։ Կատարված աշխատանքների որակը գոհացուցիչ է»։

Սակայն նույն աշխատանքները տեղացիների համար «գոհացուցիչ» չգտնվեցին, քանի որ այս ծրագրից հետո նույնպես նրանց մոտ ոչինչ չփոխվեց, և նրանք նորից կանգնեցին ջրի խնդրի առաջ։

Գյուղում ամեն տարի խմելու ջրի համար գումար է ծախսվում, բայց արդյունքը չի երևում. տեղացիները դա կապում են այն բանի հետ, որ աշխատանքները որակով չեն կատարվում, օգտագործված նյութը չի ստուգվում, ուստի խողովակները հաճախ են պայթում. «Մյուս գյուղերն ինչպե՞ս են ջուր ունենում։ Այնտեղ հիմնովին են կատարվում աշխատանքները՝ դրա համար։ Այս երկաթե խողովակները, ժանգոտվում են, քայքայվում»…

«Մեզ ասում են, որ 24-ժամյա ջուր կունենաք, բայց նույնիսկ  մեր ունեցած «գրաֆիկով» ջուրը մաքուր չէ խմելու համար։ 2016-2017 թվականներին խողովակներ անցկացրին, հետո հողից հանեցին, հիմա էլ նորերն են գցել, բայց դեռ ջուր չունենք… Վերջին անգամ սարքեցին անցյալ տարի, դա Մելիքիձեի [Ախալցիխեի նախկին քաղաքապետ Զազա Մելիքիձեի] տեխնիկան էր, և նա արեց։ Աշնանը մեզ մոտ ջուրը գալիս էր, բայց հետո անտառում ինչ-որ բան վնասվեց, և նրանք այլևս չկարողացան հասնել այնտեղ, և նորից բաց թողեցին հին՝ «Դափանտուլեբիս ծղալի»-ն», – ասում են տեղացիները։

Վերջին մրցույթում հաղթող է հայտարարվել Թբիլիսիում գրանցված «ՆԴՍ մշենեբլոբա» ՍՊԸ-ն, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ ըստ տեղացիների՝ տեղում աշխատում է Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեի տեխնիկան։

Պարզելու համար, թե արդյոք Զազա Մելիքիձեի ընկերություններից որևէ մեկը «ՆԴՍ մշենեբլոբա»-ի ենթակապալառուն է եղել, մենք կապվեցինք հենց ընկերության հետ, որտեղից հաստատեցին, որ ենթակապալառու ունեցել են։ Հարցին, թե ով է եղել ենթակապալառուն, պատասխանեց. «Կարող եք դիմել տեղի քաղաքապետարան… ի՞նչ կապ ունի, կատարված աշխատանքի համար ես եմ պատասխանատու։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ես ում ունեի որպես ենթակապալառու…»,- ասում է փոխտնօրեն Մարինե Իրեմաշվիլին։ Իսկ հարցին, որ Սվիրիում դեռ ջրի խնդիր կա, և որոշ հատվածներում խողովակներից ջուր է արտահոսում, Իրեմաշվիլին ասաց. «Մեր կատարած աշխատանքից, ըստ գծագրի, ոչ մի խողովակից ջուր չի հոսում, անգամ արտահոսք չի հայտնաբերվել»…

Մենք դիմել ենք Ախալցիխեի քաղաքապետարան՝ Սվիրիում խմելու ջրի խնդրի և ենթակապալառուի մասին հանրային տեղեկատվություն ստանալու համար, սակայն նամակի պատասխանը մինչ օրս չենք ստացել։

Իրավիճակը պարզելու համար կապ հաստատեցինք Ախալցիխեի նախկին քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ և հետաքրքրվեցինք, թե ինչու Սվիրիում խմելու ջրի խնդիրը չի լուծվել իր քաղաքապետ եղած ժամանակ՝ չնայած բազմաթիվ մրցույթներին և կատարված աշխատանքներին, ինչին նա պատասխանեց.

«Ինչո՞ւ չի լուծվել, գիտե՞ք, որ չի լուծվել։ Ինչ-որ մեկը ձեզ սխալ տեղեկատվություն է տալիս, միգուցե ինչ-որ մեկն իր խնդիրն ունի, և դա մրցույթի շրջանակում չէ։ Մի փնտրեք սխալ բան: Հիմա ես ձեզ հետ ի՞նչ խոսեմ, դուք ինչ մասնագետ եք, որ հետաքրքրված եք այս բաներով։ Դուք գոնե գիտե՞ք, թե ինչ է ջուրը»,- ասաց Մելիքիձեն, իսկ հարցին թե ՆԴՍ-ն շինարարության ենթակապալառու է եղել, նա պատասխանեց. «Ես Զազա Մելիքիձեն եմ և չեմ կարող ենթակապալառու լինել։ Գիտե՞ք ինչ կասեմ ձեզ։ Իզուր մի փորփրեք, եթե ձեզ ինչ-որ բան հետաքրքրում է, հանդիպեք ինձ, և ես ձեզ այնտեղ կպատասխանեմ», իսկ հարցին թե որտեղ կարող ենք հանդիպել՝ Մելիքիձեն անջատեց հեռախոսը։

Այն, որ Զազա Մելիքիձեին պատկանող նախկին ընկերությունները Ախալցիխեի քաղաքապետարանի տենդերներում հաղթում են առանց որևէ խնդրի և հաճախ առանց մրցակցության՝ նորություն չէ։

2014-2017 թվականներին նա եղել է Ախալցիխեի մարզպետ, 2017-2021 թվականներին՝ Ախալցիխեի քաղաքապետ, 2021 թվականից առ այսօր Ախալցիխեի քաղաքապետարանի սակրեբուլոյի պատգամավոր է։

Նրա իշխանության գալուց հետո Ախալցիխեի քաղաքապետարանի տենդերներն առանց մրցույթի շահել են նրա հետ կապված ընկերությունները և այդ պատճառով 2019 թվականին Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը հետաքննություն է սկսել Մելիքիձեի հետ կապված ընկերությունների շահած մրցույթների վերաբերյալ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով (332-րդ հոդվածի 1-ին մաս):

Ինչպես հայտնի է դարձել «Հարավային դարպասին», Զազա Մելիքիձեի ընկերության տեխնիկան իսկապես աշխատել է 2023 թվականի աշնանը՝ Սվիրի գյուղում խմելու ջրի խնդիրը լուծելու համար։ Ըստ այդմ՝ նախկին քաղաքապետը, ում պաշտոնավարման օրոք Սվիրիում խմելու ջրի երեք անգամ մրցույթ է հայտարարվել, բայց գյուղը դեռ ջուր չունի, այս անգամ իր վրա է վերցրել խնդրի լուծման հարցը։ Աշխատանքներն ավարտվել են և աշուն-ձմեռ ժամանակաշրջանում իսկապես ջուրը հասել է սվիրեցիներին, սակայն գարնան գալուն պես նորից խմելու ջրի խնդիր է առաջացել։

Մինչդեռ 2013-2018 թվականներին Սվիրի ջրի վրա ծախսվել է կես միլիոն, իսկ այն ժամանակվա քաղաքապետ Զազա Մելիքիձեն «Հարավային դարպասին» վստահեցնում է, որ իր քաղաքապետ եղած ժամանակ Սվիրիում բոլոր աշխատանքները որակով են կատարվել, ներկայիս քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին ասում է հակառակը.

«Սվիրին ջրամատակարարման լուրջ խնդիր ուներ, ջրային ռեսուրսներ չուներ, ջուրը բերվեց և Սվիրին գործնականում 24 ժամ ջուր ունի»,- պարզաբանել է Լազարաշվիլին։ Հարցին, թե ինչու՞ մայիսի սկզբին սվիրեցիների ծորակից պղտոր ջուր էր գալիս, նա մեզ պատասխանեց.

«Ընդհանրապես գյուղական մատակարարման դեպքում երբեմն կարող է նման դեպք լինել, երբ աղբյուրը կեղտոտվում է», և այն հարցը, որ աշխատանքները որակով են կատարվել, թե ոչ, ի վերջո նյարդայնացրեց նրան և նա անջատեց հեռախոսը. «Օհ, դու ինձ նույն հարցն ես տալիս ու հոգնեցրիր ինձ»։

Մինչդեռ միլիոն է ծախսվել, տեղական ինքնակառավարումը վստահեցնում է, որ բոլոր աշխատանքները կատարվել են որակով։ Շինարարական ընկերությունից ասում են, որ իրենց արածի հետ կապված խնդիր չկա, մինչդեռ բնակիչները դժգոհում են, որ գյուղի ընդհանուր աղբյուրից խմելու ջուրը ձեռքով են կրում, հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ ջուր չկա։

Ածղուրի՝ յոթ ծրագիր ու իզուր ծախսված կես միլիոն

Ածղուրին Ախալցիխեի քաղաքապետարանի ևս այն գյուղերից է, որտեղ խմելու ջուրը տարիներ շարունակ խնդիր է։ Վերջին տասը տարում այստեղ մեկուկես միլիոն լարի արժողությամբ յոթ ծրագիր է իրականացվել, բայց յոթն էլ անհաջող են եղել։ Գումարը ծախսվել է բյուջեից՝ ջուր չկա։

Վրացի պատմաբանների ու լեզվաբանների կարծիքով, ըստ այս բառի ստուգաբանության՝ «Ածղուրի նշանակում է ջրոտ տեղ կամ ջրի տեղ»։

2014 թվականի տվյալներով, Ածղուրիում բնակվում էր 1539 մարդ, գյուղի բնակչությունը հաստատված է Մտկվարիի աջ և ձախ ափերին։ Ըստ այդմ, մարդիկ այստեղ պայմանականորեն անվանում են. «Գաղմա Ածղուրի», որը նշանակում է՝ հակառակ կողմ և «Գամողմա Ածղուրի»՝ այս կողմ։ Բնակավայրի երկու կողմերում էլ խմելու ջրի խնդիր կա, բացի այդ, Գաղմա և Գամողմա հատվածները տարբեր աղբյուրներից են սնվում։ «Գամողմա Ածղուրիի բնակիչները պետք է խմելու ջուր ստանան «Վելիս ծղարո»ից,  իսկ Գաղմա Ածղուրիում՝ «Խուլեւի ջրից», որը գտնվում է հարևան Թիսելի գյուղի լեռներում։

Գյուղի երկու կողմերում ջուր են ստանում միայն ցերեկը՝ որոշակի ժամերի, թեև ասում են, որ այն, ինչ գալիս է, նույնպես աղտոտված է, և հաճախ մնացորդներ կա ջրի մեջը։

«Խմելու ջուր չէ, այն ընդհանրապես չի խմվում։ Շատ վատ վիճակ է։ Այստեղ Ածղուրիի գլխավոր գյուղատնտես Լիանա Մարտինենկոն ասում էր՝ այս ջուրն ընդհանրապես խմելու չէ, այն բերվել է անասունների համար Սարջվելաձեի ժամանակ։ Բայց հետո սրանք ասացին, որ ֆիլտր կտեղադրեն, չգիտեմ տեղադրել են, թե ոչ։ Երբ աղբյուրը խառնվում է, կեղտոտ ջուր է գալիս: Անցյալ տարի բարակ խողովակներ տեղադրեցին, դա էլ վերևից է գցած։ Ես այստեղ եմ ապրում 33 տարի, և այս խնդիրը տարիներ շարունակ եղել է»,- ասում է Իրինա Լաբաձեն։

Ածղուրիի բնակչուհի Վեփխվիա Մարտինենկոյի խոսքով՝ բնակավայրում խմելու ջրի աշխատանքները գրեթե ամեն տարի սկսվում են այն պայմանով, որ ջուր կլինի, բայց ի վերջո դա չի արվում։

«Ամեն տարի ջուր ու ջուր, նույն բանն են անում, փրկություն չկա։ Սարքում են , բայց ջուրը նորմալ չի գալիս։ Ասում են հիմա նոր համակարգ ենք դուրս բերել, բայց համակարգի ոչ մի բան չի երևում։ Անցյալ տարի արեցին և երբ կլինի չգիտեմ: Հին համակարգ է, ջուրը դուրս է գալիս, առավոտյան ամբողջ ջուրը լցվում է ճանապարհին։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում»:

Ինչո՞ւ այս տարիների ընթացքում խմելու ջրի խնդիրը չի լուծվել, այս հարցին տեղացիների մեծամասնությունը մեկ պատասխան ունի, որ գյուղում խմելու ջրի բոլոր աշխատանքները վատ են կատարվել։

«Ահա՛, խմելու ջուրը լցվում է ձորը։ Ես արդեն երկու տարի է կռվում եմ դրա դեմ։ Եկան արեցին, բայց այն լցվում է ձորը և ոչ թե մեր ծորակի մեջ: Փողը վերցրին ու գնացին»,- ասում են Ածղուրիում։

Գաղմա և Գամողմա Ածղուրիի համար ջրի խնդրի մրցույթներ հայտարարվում էին երբեմն առանձին, երբեմն միասին։ Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար «Հարավային դարպասը» փորձել է խմբավորել նման նախագծերը։

Գաղմա Ածղուրի

Ածղուրիի «Գաղմա» թաղամասը ընդհանուր առմամբ ներառում է 200 տնտեսություն։ Ջրամատակարարման ապահովման համար ընդհանուր առմամբ իրականացվել է չորս ծրագիր՝ 2013, 2016, 2017 և 2018 թվականներին։

2013 թվականին մրցույթը հայտարարվել էր 63 000 լարիով։ Ծրագրի իրականացումից հետո խմելու ջուրը պետք է մատակարարվեր ոչ միայն Գագմա թաղամասին, այլև Թիսելի գյուղին։

Ծրագրի շրջանակներում պետք է կազմակերպվեր նոր աղբյուր, պոլիէթիլենային խողովակներով ջուրը հասցվեր արդեն գոյություն ունեցող ռեզերվուարին՝ դրանով իսկ ավելացնելով ընդհանուր դեբետը, այնուհետև Ածղուրիի ոռոգման ջրանցքով խմելու ջուրը պետք է միացվեր Ածղուրիի ռեզերվուարի թուջե խողովակին։

50 000 լարիի սահմաններում աշխատանքները կատարել է մրցույթում հաղթած «Մշենեբելի-2004» ՍՊԸ-ն։ Այս ընկերության տնօրեն Գելվասի Գելաձեն ինքնակառավարման հետ կապ ունեցող մարդ է։ 2014 թվականից նա նախ ղեկավարել է Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքաշինության և քաղաքային կառավարման վարչությունը, իսկ հետո դարձել քաղաքապետի ենթակառուցվածքների հարցերով խորհրդական և առանց մրցույթի հաղթել Ախալցիխեի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում։

Ընկերության կատարած աշխատանքները քաղաքապետարանն ընդունել է առանց խնդիրների և ստորագրել ընդունման ակտը, սակայն պարզվել է, որ նույն բնակավայրի ջրամատակարարման համար, երկու տարում անհրաժեշտություն եղավ մրցույթ հայտարարել, քանի որ խողովակաշարը վնասվել էր։

Ուստի 2015 թվականին ինքնակառավարումը կրկին մրցույթ հայտարարեց դրա վերանորոգման, ինչպես նաև Ածղուրիի երկրորդ հատվածում (Գաղմա Ածղուրի) խմելու ջրով ապահովման համար։ Այս անգամ մրցութային գումարն ավելի քան 300 000 լարի էր։

Քաղաքապետարանը նախագծային փաստաթղթերի կազմման համար առանձին գումար է վճարել։ Ըստ նախագծի՝ Ածղուրիի խմելու ջրի մատակարարումը պետք է իրականացվեր երկու ուղղությամբ.

▪ Թիսելիի լեռներում այսպես կոչված «Խուլևայի» աղբյուրներից – Գաղմա Ածղուրի

▪ Ածղուրիի հյուսիս-արևմուտքում գտնվող «Վելիս ծղարոեբի»-ից – Գամողմա Ածղուրի

Մրցույթին մասնակցել է յոթ հայտատու։ Դրանց թվում պայմանագիրը կնքվել է «Գոնիո» ՍՊԸ-ի հետ 2016 թվականի ապրիլի 1-ին։ Նույն թվականի մայիսի 5-ին Ախալցիխեի քաղաքապետարանը գրել է. «Ծրագրի շրջանակում գործող ամորտիզացված խողովակաշարի փոխարեն նախատեսվում է կազմակերպել նոր պլազմային խողովակաշար, ինժեներական փոքր օբյեկտներ, օդափոխիչ և լվացող հորեր։ Ծրագրի ավարտից հետո Ածղուրիի բնակչությունը կունենա 24-ժամյա ջրամատակարարում»։

Քաղաքապետարանը կատարված աշխատանքներն ընդունել է տեսչական աշխատանքային խմբի ստուգումից հետո։ Աշխատանքային այս խմբում ընդգրկված էին քաղաքապետարանի վարչության ենթակառուցվածքների ծառայության երեք աշխատակիցներ և Ածղուրի գյուղի մարզպետի ներկայացուցիչը։ Նրանք ստորագրել են փաստաթուղթը, ըստ որի՝ աշխատանքները կատարվել են որակով և ժամանակին։

Սակայն ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 2017 թվականին, Ախալցիխեի քաղաքապետարանը Գաղմա Ածղուրիում (Ցիխիս ուբանի) խմելու ջրի ջրամբարի կառուցման և ներքին ցանցի վերականգնման աշխատանքների համար 335 000 լարի արժողությամբ հերթական մրցույթն է հայտարարել։ Դրա համար պետք է մայրուղի դեպի կենտրոնական ջրի բաշխիչ կոլեկտոր, գյուղի ներքին ցանց, 7 թաղամասային ջրի բաշխիչ կոլեկտորներ տեղադրվեր երկաթբետոնե հորերում և հիմնական բաշխիչ կոլեկտորների համար շենք կառուցվեր։

Մրցույթում հաղթել է ձեռնարկատեր Ցոլակ Վարթիկյանը։ Ավարտված աշխատանքները քաղաքապետարանն ընդունել է տասը մասով։ Ընդունման-հանձնման բոլոր տասը ակտերում նշվում է, որ «օբյեկտի ավարտից հետո, վերահսկողության կողմից թերություն չի հայտնաբերվել»։

Երեք թվացյալ անթերի և որակյալ ծրագրերից հետո, 2018 թվականին անհրաժեշտություն է առաջացել մրցույթ հայտարարել Գաղմա Ածղուրիի խմելու ջրի նախագծի համար։

Ածղուրիի խմելու ջրի հիմնական կառույցների և մայր խողովակաշարի (այսպես կոչված Խուլևայի կիրճում) վերականգնման աշխատանքների համար մրցույթ է հայտարարվել 120 800 լարիով։

Մրցութային փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Խուլևա կիրճում», որտեղ 2013 և 2016 թվականներին աշխատանքներ են կատարվել և ծախսվել է 350 000 լարի, «աղբյուրները վնասված են կամ ամբողջությամբ ավերված, չկան փոքր աղբյուրների հավաքման խողովակաշարեր և հավաքման հորեր, խողովակաշարի մեջ լցվում է ջրի փոքր հոսքի մակերևութային ջուրը, որը չի բավարարում սանիտարական որևէ պայման, ներքին ցանցը ամորտիզացված է, խմելու ջրի մեծ կորուստներ կան և այն վերականգնման կարիք ունի»։

Նոր մրցույթում հաղթել է «Մշեն-Բեն» ՍՊԸ-ն. Ըստ մրցույթի՝ ընկերությունը պատասխանատվության ներքո էր «Խուլևա խևից» նոր խողովակաշարի կազմակերպման և գործող խողովակաշարին միացման, ինչպես նաև «Գաղմա Ածղուրիի» ամորտիզացված ներքին ցանցի վերականգնման աշխատանքները կատարելը, ինչի պատճառով խմելու ջրի մեծ կորուստ կար։

«Մշեն-Բեն»-ի աշխատանքների ավարտի ժամկետը քաղաքապետարանը երկու ամսով հետաձգել է։ Ի վերջո, 2019 թվականի փետրվարի 15-ին ընդունման և հանձնման ակտով հաստատել է, որ ընկերությունը աշխատանքները կատարել է որակով։ Նույն ընդունման-հանձնման ակտը, որպես քաղաքապետի խորհրդական, ստորագրում է «Մշենեբելի 2004» ընկերության տնօրեն Գելվասի Գելաձեն, այսինքն՝ այն ընկերությունը, որը 2013 թվականին, Ածղուրիի այս վայրում աշխատանքներն է իրականացրել։

Վերջին ծրագրի իրականացումից անցել է 5 տարի, սակայն Գաղմա Ածղուրիի բնակիչները դեռևս խմելու ջրի խնդիր ունեն։ Նույն վիճակն է նաև Գամողմա Ածղուրիում։

Գամողմա Ածղուրի

Գաղմա Ածղուրիի նմանությամբ, Գամողմա Ածղուրիում նույնպես ջրամատակարարման համար հայտարարվել է ընդհանուր առմամբ չորս մրցույթ՝ 2015, 2016 (2), 2018 թվականներին։ Առաջինը՝ 2015 թվականին, որի գումարը կազմել է ավելի քան 300 000 լարի։ Դրա շրջանակներում պետք է վերականգնվեր «Վելիս ծղարոեբի»-ի ամորտիզացված խողովակաշարը։ Երկաթյա ամորտիզացված խողովակների 1890 մետր հատվածը փոխարինվեր պլաստմասե խողովակներով։

Աշխատանքներն իրականացրել էր «Գոնիո» ՍՊԸ-ն, իսկ աշխատանքների ավարտից հետո քաղաքապետարանը տեղի բնակիչներին խոստացել էր 24-ժամյա խմելու ջուր։ Նման շարունակական ջրամատակարարում չկա ո՛չ ծրագրի ավարտից հետո, ոչ էլ հիմա, այսինքն՝ ծրագրից 8 տարի անց։

Մինչ Գամողմայի թաղամասում մայրուղու կառուցման աշխատանքներ էին իրականացվում, Ախալցիխեի քաղաքապետարանը նույն կողմում «Վելիս ծղալի»-ի աղբյուրի կառույցի վերականգնման աշխատանքների երկրորդ մրցույթն է հայտարարել, որի համար հատկացրել է 13 500 լարի։

«Աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ ընթանում էր խմելու ջրի հիմնական խողովակաշարի վերականգնման աշխատանքները, և ստեղծված իրավիճակում ջրառը չի կարող ապահովել անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Այդ նպատակով պետք է կազմակերպել լրացուցիչ ջրառ, որը կտեղադրվի առկա ամբարտակի վերին հատվածում, և դրա օգնությամբ կավելացվի ստացվող ջրի քանակը»,- ասված է փաստաթղթում։

Այս մրցույթն առանց մրցակցի շահել է Թամազ Թեդորաձեի «Գոնիո» ընկերությունը և մի գյուղում միաժամանակ երկու ծրագիր է իրականացրել։

Միաժամանակ Թեդորաձեն մտերիմ է Ախալցիխեի այն ժամանակվա քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ։ Մելիքիձեի նախկին «Մեսխեթի XXI» ընկերությունը, որի բաժնետոմսերի 50%-ն այժմ պատկանում է նրա որդուն՝ Լևան Մելիքիձեին, Թամազ Թեդորաձեի «Գոնիո» ընկերության գործընկերն է։ Ավելին, 2007 թվականին Մելիքիձեի «Մեսխեթի XXI» ընկերությունը, Թամազ Թեդորաձեի «Գոնիո» ընկերությունը և «Արալ ՍՊԸ»-ն գրանցել են «Գամ Գրուպ» ՍՊԸ-ն, որի 33%-33% բաժնետոմսերն իրենց են պատկանում։

Իրականում, պարզվում է, որ Մելիքիձեն Ածղուրիում երկու մրցույթի պայմանագիր է կնքել, փաստացի իր գործընկերոջ հետ։ Մրցութային փաստաթղթերում շահերի բախման մասին նշում չկա «Գոնիոյի» շահած երկու մրցույթների պայմանագիրը ստորագրել է Զազա Մելիքիձեն։

Քաղաքապետարանը կրկին առանց խնդիրների է ընդունել «Գոնիոյի» կատարած աշխատանքը, որպես որակյալ և ժամանակին կատարված աշխատանք։ Սակայն ծրագրի ավարտից մեկ տարի անց տեղի բնակիչները բողոքում էին ջրի խնդրից։

Այս խնդրի մասին ակտիվորեն գրում էր «Հարավային դարպասը»։ Տեղացիները դժգոհում էին, որ խոտերի ու ճյուղերի հետ խմելու ջրի մեջ նաև սողուններ կան։ Բանն այն էր, որ բակը, որից բնակիչները ջուր էին ստանում, կափարիչ չուներ։Աղբը լցվում էր բաց բաքի մեջ, ինչի պատճառով խողովակները հաճախ խցանվել են, իսկ բնակիչներին ջուր չի մատակարարվել։ «Ջուրը գալիս է տիղմով, մրջյուններով, գորտերով, օձերով և ցանկացած այլ բանով, որը կարող է մտնել խողովակ: Գյուղերի 90 տոկոսն անգամ այս ջուրը չունի։ Այն մեզ մոտ գալիս է ժամանակացույցով, այն էլ այնքան քիչ, որ չենք հասցնում լցնել սպասքը»,- ասում է Ածղուրիի բնակչուհի Մարինա Մումլաձեն։

Այդ ժամանակ Ածղուրիում քաղաքապետի ներկայացուցիչ Ռոման Գորգաձեն «Հարավային դարպասին» ասել էր. «Լողավազանների կափարիչները գողացել են, ինչի պատճառով ջուրը կեղտոտվում է։ Զտիչները նույնպես հին են՝ կոմունիստների ժամանակներից, հիմա պետք է վերականգնենք, որ մարդիկ մաքուր ջուր ստանան։ Իսկ այս աղբյուրը կառուցվել է 1972 թվականին և դրանից հետո չի վերանորոգվել»։ Սակայն երկու տարի առաջ Ախալցիխեի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել աղբյուրի կառույցի վերականգնման աշխատանքների համար, միաժամանակ ընթանում էին նաև ցանցի կազմակերպման աշխատանքները (2016թ.)։

Խմելու ջրի համար հերթական մրցույթ հայտարարվել 2021 թվականին։ Ծրագիրը ներառում էր ֆիլտրի կառույցի մաքրում, կարգավորող հսկողության հանգույցի համար շենքի կազմակերպում, քլորացման շենքի վերականգնում, ջրային ռեզերվուարների տարածքի ցանկապատում, աղբյուչի շենքին կից՝ ջրահեռացման համակարգի կազմակերպումը։

221 000 լարիի մրցույթում առանց մրցակցության հաղթել է «Սամցխե XXI» ՍՊԸ-ն։ Սա այն ընկերությունն է, որը երեք անգամ Սվիրի գյուղում խմելու ջրի վերականգնման աշխատանքներ է իրականացրել, սակայն բնակավայրը մինչ օրս ջուր չունի։ Բացի այդ, նրա տնօրեն Գուրամ Փարցախաշվիլին դատապարտվել է կոռուպցիայի համար, իսկ 2014 թվականին նա մեղադրվել է ՔՕ-ով 33 400 լարի յուրացնելու մեջ։ Այդուհանդերձ, Փարցախաշվիլիի «Սամցխե – XXI» ՍՊԸ-ն 2014-2021 թվականներին ստացել է 18 պետական գնում՝ ընդհանուր 1 849 410 լարիով։ Դրա պատճառով նա ներառվել է նաև «Միջազգային թափանցիկության» հետազոտության մեջ։

Ընկերությունն աշխատանքներն ավարտել է 2023 թվականի փետրվարին՝ երեք ամիս ուշացումով, և ստացել՝ 200 000 լարի։ Բնակավայրը կրկին մնացել է առանց խմելու ջրի։

Սակայն նախագծերի գնումն ու խմելու ջրի համար միջոցների հատկացումը դրանով չավարտվեցին։ 2022 թվականի մայիսին, մինչդեռ նախորդ մրցույթը մրցութային պայմանների համաձայն դեռ ավարտված չէր, միաժամանակ ստորագրվեց նույն խնդրի նոր նախագիծը` 400 000 լարիով: Նախագիծը նախատեսում էր. վնասված մետաղական խողովակի փոխարինում, նոր, գլխավոր ջրի բաշխիչ կոլեկտորի կազմակերպում շենքի հետ միասին, թաղամասի ջրի բաշխիչ կոլեկտորի մայրուղու պլաստմասե խողովակներով կազմակերպում…

Պայմանագիրը կնքվել է «Լազարե 2008» ՍՊԸ-ի հետ, որին արդեն մուտքագրվել է քաղաքապետարանի գումարի 94 %-ը՝ ավելի քան 390 հազար լարի։ Ըստ կանոնակարգի՝ աշխատանքները պետք է ավարտվեին 2022 թվականի դեկտեմբերին՝ առաջիկա երկու տարվա երաշխիքով։ Սակայն աշխատանքները չեն ավարտվել ոչ նշված ժամկետում, ոչ էլ երաշխիքային ժամկետով։

Փոխված խողովակներից ջուր է հոսում, առավոտները գյուղի ճանապարհներին հեղեղումներ են։ Գամողմա Ածղուրիի բնակիչներին, ջուրը մատակարարվում է ըստ ժամանակացույցի, ինչպես երևում է առանց ֆիլտրի, քանի որ ծորակներից աղտոտված ջուր է գալիս։ Սակայն բնակավայրի բարձրադիր վայրում, իրոք, կա կապույտ ներկով ներկված շինություն, որի պահակն ասում է, որ այս շենքում կա «Վելիս ծղարոեբիի» հավաքման բաք, որտեղ ջուրը զտվում է և Գամողմա Ածղուրիին այդպես է մատակարարվում։

Ի վերջո, 10 տարում յոթ մրցույթ և ավելի քան մեկուկես միլիոն լարի է ծախսվել միայն խմելու ջրի համար, ջուր չկա, իսկ ավարտված աշխատանքները քաղաքապետարանն անվանում է «անթերի» և ընդունում՝ առանց խնդրի։

 Վալե՝ ծախսված 7 մլն և անավարտ ծրագիր

Վերջին հինգ տարիներին Ախալցիխեի քաղաքապետարանի Վալե քաղաքի խմելու ջրի խնդիրը լուծելու համար ծախսվել է մոտ 7 մլն լարի։ Այս գումարով երկու ծրագիր պետք է իրականացվեր, որոնք պետք է լուծեին Վալեի տասը տարվա ջրի սակավության հարցը։

Ավելին՝ կառավարությունը խոստացել է, որ բնակավայրը կունենա 24-ժամյա անխափան ջրամատակարարում։

Չնայած այն հանգամանքին, որ մրցույթում հաղթած ընկերություններից մեկը վերցրել է ավելի քան 5 միլիոն լարի, իսկ մյուս ընկերությանն արդեն 1,5 միլիոն լարի է փոխանցվել և սպասում է ևս 4 միլիոնի, Վալեում խմելու ջուր դեռ չկա։

Պարզելու համար, թե ինչի վրա են ընկերությունները միլիոններ ծախսել, ինչու չեն կարողացել աշխատանքները սահմանված ժամկետում ավարտվել, և ինչու են Վալեի բնակիչները մնացել հին խնդրի առաջ, «Հարավային դարպասը» հետևել է իրադարձություններին ժամանակագրական կարգով։

«Տասնամյակներ անց Վալե քաղաքի ջրամատակարարման խնդիրը վերջապես կլուծվի։ Ջրամատակարարման ծրագրի իրականացման արդյունքում տեղի բնակչությունը սահմանափակ գրաֆիկից կանցնի 24-ժամյա ջրամատակարարման», – այս տեղեկությունը տեղադրված էր «Միավորված ջրամատակարարման ընկերության» կայքում, 29.07.2019 թվականին։ Ասվեց նաև, որ աշխատանքների ավարտից հետո, որոնց վերջնաժամկետն էր 2020 թվականի ամառը, Վալեի բնակչությունը կանցնի անխափան ջրամատակարարման։

Այս տեղեկատվության հրապարակումից անցել է ուղիղ 5 տարի, սակայն Վալեի խմելու ջրի խնդիրը չի լուծվել, իսկ բնակչությունը շարունակական ջրամատակարարում չի ստացել։

Մանրամասն մրցույթի մասին

Վալե քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման խոստումով 2019 թվականի հունիսի 12-ին ջրամատակարարման ընկերության տնօրեն Եկատերինե Գալդավան և կապալառու «Ալգեթի» ՍՊԸ-ի տնօրեն Շալվա Շալվաշվիլին պայմանագիր են կնքել։

Ջրամատակարար ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ գրված է.

«Վալեի ջրամատակարարման համակարգը ամորտիզացված է, քաղաքին ջուր կմատակարարվի օրական ընդամենը վեց ժամով, ջրի կորուստը նույնպես հսկայական է։

Ծրագրի շրջանակներում կվերականգնվի գործող կենտրոնական ջրամատակարարման օբյեկտը, կկառուցվի երկու ռեզերվուար, կկազմակերպվի ութ հորատանցք և մայրուղային խողովակաշար։

Ծրագիրը կֆինանսավորվի պետբյուջեից՝ 4 988 585 լարի։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականի գարնանը, որից հետո շուրջ 3 700 տեղացիներ կունենան անխափան, բարձրորակ ջրամատակարարում»։

Անկախ այն հանգամանքից, որ շինարարական կազմակերպությունը պետբյուջեից ստացել է ավելի քան 5 մլն, նրա կատարած աշխատանքներից հետո Վալեի խմելու ջրի խնդիրը բարելավվելու փոխարեն սրվել է։ Համակարգը դեռ ամորտիզացված է, իսկ քաղաքի բնակիչներին օրվա ընթացքում ջուր է մատակարարվում ընդամենը 1 կամ առավելագույնը 2 ժամ։

«Մեկժամյա գրաֆիկով ենք ջուր ստանում, բայց այն էլ նորմալ չի գալիս։ Երբեմն այնքան քիչ է լինում, որ նույնիսկ լողանալու ջուր չունենք, ոչ էլ՝ սպասքի ու լվացվելու։ Էլ չեմ խոսում բանջարանոցը ջրելու մասին՝ եթե չունենամ էլ ոչինչ, բայց գոնե հիգիենայի համար այն պետք է»,- ասում է Իզոլդա Գիկոշվիլին, ով ապրում է Վալեի ապրիլի 9-ի փողոցում։

Վալեում բնակվող Մակվալա Դարբաիձեն նույնպես խոսում է շարունակական ջրի խոստման և ամեն տարի առկա խնդրի մասին։

«Ամուսինս մահացել է 20 լիտրանոց «բոչկաներով» ջուրը կրելիս, հիվանդ էր, սիրտը չդիմացավ բեռին՝ մահացավ պատշգամբում։ Պատկերացրե՛ք, թե որքա՞ն ջուր պետք է կրեր հեռվից, որպեսզի բավարարեր յոթ հոգուց բաղկացած ընտանիքին։ Լողանալու ջուր չունենք, երեխաներին մեկ բարեկամի մոտ եմ ուղարկում, մեկ ուրիշ տեղ լողանալու… Ես այլևս կանաչի չեմ ցանում, երկու բաժակ ջուր էլ չունեմ ջրելու։ Գետինը փորել են, ամեն ինչ փչացրել, խողովակներ են մտցրել, ձևաչափեր սարքել։ Ուրախացա, – ջուր կլինի, «շլանգով» կբերեմ բակ,- ասացի, մեռնեմ թե, մի կաթիլ ջուր եկավ։ Կարծում եմ՝ էդ խողովակները լրիվ այրվել են, մարդիկ դրա վրայով են քայլում…»։

Վալեի ջրային համակարգի վերականգնման համար հայտարարված մրցութային փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքները պետք է կատարվեին 2040 թվականի հեռանկարով, այսինքն՝ արվածը պետք է ամուր լիներ առնվազն մինչև 2040 թվականը։ Մրցույթում ամենացածր գինը՝ 4 988 585 լարի գրանցել է «Ալգեթ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության հիմնադիր և տնօրեն Շալվա Շալվաշվիլին Ռուսթավիի քաղաքապետի խորհրդատվական խորհրդի անդամ է։ Նրա նախկին գործընկերը՝ Թեյմուրազ Ղալդաձեն, ում հետ Շալվաշվիլին կիսում էր «Ալգեթիի» 50%-ը, եղել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների և տեղահանվածների վերաբնակեցման նախարարության վերահսկողության ծառայության ղեկավարը։ Կոռուպցիոն սխեմայի պատճառով նա հեռացվել էր նախարարությունից։

«Միացյալ ջրամատակարար ընկերությունը» 2019 թվականի հունիսի 12-ին պայմանագիր է կնքել «Ալգեթի» ՍՊԸ-ի հետ, այն ուժի մեջ է եղել մեկուկես տարի, չնայած, որ ընդունման ակտը ստորագրվել է երկուսուկես տարի անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այսինքն՝ ընկերությունն աշխատանքները կատարել է ժամկետանց, իսկ պայմանագրի գումարն ավելացել է ու գումարը 207 000 լարիով ավելի է տացել։

Փաստաթղթում գրված է, որ «Միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ն, հիմք ընդունելով «Գեոէքսպերտ» ՍՊԸ-ի տեսչական մարմնի 2012 թվականի հունիսի 16-ի փորձաքննության եզրակացությունը, ընդունում է ավարտված աշխատանքները և գտնում է, որ ավարտված աշխատանքները համապատասխանում են շինարարական բոլոր չափանիշներին։ Բացի այդ, «Ալգեթի» ՍՊԸ-ն պարտավոր է մեկ տարվա ընթացքում վերացնել նկատված թերությունները։

«Ալգեթի» ՍՊԸ-ն ժամկետանց ու անավարտ աշխատանքների համար 5 մլն լարիից ավելի է ստացել։ Այդուհանդերձ, բնակավայրի ոչ մի տարածք և ոչ մի բնակիչ չի տեսել «խմելու անընդհատ ջուր» և չի օգտագործել։

2022 թվականի հունվարին, երբ «Հարավային դարպասը» հետաքրքրվում էր Վալեի ջրամատակարարման պատմությունով, «Միացյալ ջրամատակարարման ընկերության» Ախալցիխեի սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Գոգոլաուրին ասաց, որ «ծրագիրը Վալեում և «Երկրորդ շախտայում» հասցվել է կարմիր գծերի և կանգ առել», Գոգոլաուրին, սակայն, չի հստակեցրել, թե ինչով է պայմանավորված նախագիծը դադարեցնելը և երբ կակտիվանա համակարգը։

Նույն թվականին Սամցխե-Ջավախեթիի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին լրատվամիջոցներին հայտնել էր, որ Վալե քաղաքի ջրային համակարգի լուծման հարցը ձգձգվում է, և դրանում մրցույթը շահած «Ալգեթի» ընկերությունն է մեղավոր։

«Վալեում նախագծի ձգձգումը կրկին ու կրկին ընկերության մեղքն է, որը բխում է անազնիվ աշխատանքից։ Հասկանում եմ, որ տուգանքներ են վճարում, բայց բնակչությանը շատ դժվար է բացատրել, թե ինչու են նախագծերն այդքան ձգձգվում, ինչու չեն ստացել այն խմելու ջուրը, որը խոստացել էին»։

Եթե նախագիծը «ձգձգվել» է, «դադարեցվել» է անհայտ պատճառով, իսկ ընկերությունն աշխատել է «անբարեխիղճ», ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս ամենը չի արտացոլվել ընդունման և առաքման ակտում, և ինչո՞ւ է ջրամատակարար ընկերությունն առանց խնդիրների ընդունել նման աշխատանքները։

Այս հարցերով գրավոր դիմել ենք «Միացյալ ջրամատակարարման ընկերությանը» 17.04.2014 թվականին։ Բոլոր ժամկետները, որոնց ընթացքում խմբագիրները պետք է կազմակերպությունից հանրային տեղեկատվություն ստանային, սպառվել են, սակայն պատասխան դեռ չկա։

Ավելին, դրանից հետո «Ալգեթի» ՍՊԸ-ն 2020 թվականին 11 միլիոն լարիի տենդեր է վերցրել Ախալցիխեի և հարակից գյուղերի (Մինաձե, Ճաճարակի, Իվլիտա) շուրջօրյա ջրամատակարարման աշխատանքների համար։

Իսկ մինչ այդ Ադիգենի ավանի ջրամատակարարման համար 3 մլն լարիի մրցույթ էր վերցրել։

Ի վերջո, միայն Սամցխեից «Ալգեթին» Միացյալ ջրամատակարարման ընկերության մրցույթներով ստացել է առնվազն 21 000 000 լարի։

Երկրորդ մրցույթ – երկրորդ փու՞լ

Աշխատանքները, որոնց համար ծախսվել է 5 միլիոն և, որպես կանոն, պետք է երաշխավորվեր Վալեի մշտական ջրամատակարարումը, բավարար չէին։

2022 թվականի ապրիլի 1-ին Վալեի ջրամատակարարման համակարգի վերականգնման ևս մեկ մրցույթ է հայտարարվել՝ այս անգամ՝ 4 միլիոն 400 000 լարիով։

Մրցութային փաստաթղթերում նշված էր, որ Վալե քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնման առաջին փուլն իրականացվել է 2019-2021 թթ.։ Նշված ծրագրի շրջանակներում իրականացվել են աղբյուրի շենքի տարածքում խմելու և գյուղատնտեսական հորերի կազմակերպում, ճնշումը կարգավորող նոր ռեզերվուարներ, բաշխիչ ցանց և բնակչության հաշվարկ։ Շինարարության ընթացքում կազմակերպվել է նաև գաբիոնով թմբային կառույց։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 1295 միավոր հաշվառման հանգույցներ՝ AMR հաղորդիչների հետ համատեղելի հաշվիչներով։ Քաղաքում 40 անհաշվելի շենք կա»։

Երկրորդ մրցույթում «Դարիա+» ՍՊԸ-ի կողմից սահմանվել է ավելի ցածր գին՝ 4,059,200 լարի, և պայմանագիրը կնքվել է այս ընկերության հետ։

«Հինգ տարի առաջ, երբ հաշվիչներ և խողովակներ տեղադրեցին, մեզ ասացին, որ 24-ժամյա ջրամատակարարում կունենաք։ Հետո եկավ երկրորդ ընկերությունն ու ասաց, որ դա ճիշտ չի արվել, պետք է նորն անել և նորից փորեցին։ Ոչ այն ժամանակ կար ջուր, ո՛չ հիմա, իսկ հետո ջուր կլինի, թե ոչ՝ հարց է», – ասում է Վալեի բնակիչ Իզոլդա Գիքոշվիլին։

Նոր ընկերությունը տեղում պետք է կատարեր մի շարք նշված աշխատանքներ և, ըստ պայմանագրի, մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջ բնակչությունը պետք է ունենար 24-ժամյա անխափան ջրամատակարարում։ Այս մասին «Հարավային դարպասին»  «Միացյալ ջրամատակարարման ընկերության» փոխտնօրեն Ալեքսանդր Թևդորաձեն ուղիղ մեկ տարի առաջ հետևյալ պարզաբանումն էր տվել.

«Երկրորդ փուլով կկազմակերպվեն բացարձակապես բոլոր ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են 24-ժամյա ջրամատակարարման համար։ Մինչև տարեվերջ [2023թ. վերջ] նախատեսում ենք ավարտել բոլոր աշխատանքները, իսկ տարեվերջից Վալեի բնակչությունն իսկապես կօգտվի շուրջօրյա ջրամատակարարումից»։

Այս խոստման համաձայն՝ Վալեն, որպես կանոն, արդեն հինգ ամիս պետք է ունենա շուրջօրյա ջրամատակարարում, թեև աշխատանքները դեռ ավարտված չեն։

Բացի այդ, թվում է, թե որոշ հատվածներում խմելու ջրի խողովակները, որոնք օրենքով պետք է փոխարինվեին, դեռ հին են՝ տեղ-տեղ ճաքճքած և դրա պատճառով կոյուղաջրերը խառնվում են խմելու ջրին։

«Այս կոյուղաջրերի հետ միասին հոսում է խմելու ջուր, որի խողովակները կոտրված են, իսկ կոյուղաջրերը կոտրված տեղերից թափվում են խմելու ջրի մեջ։ 3 տարի է այսպես բարձրանում է։ Այնտեղ են փորել-գցել, այստեղ են փորել-գցել՝ ներսում բետոնե «խողովակ» են տեղադրել ու այնքան հին է, որ տրակտորը փորելիս փլվում է։ Ասում են, որ սարի մեջ սարքած «լողավազան»-ը նույնպես ջուր է թողնում։ Ջուրը բաց են թողել ու մի բան եղել է։ Քանի որ «13-րդ»-ում առաջին շենքի դիմաց, հենց ճանապարհի վրա ջուր էր բարձրանում գետնից»,- պատմում են հին հիվանդանոցի մոտ ապրող բնակիչները։

Չնայած հինգ տարի առաջ սկսված աշխատանքներին, ծախսված առնվազն 7 միլիոնին ու բազմաթիվ խոստումներին, Վալեի բնակչությանը խմելու ջուրը դեռևս մատակարարվում է սահմանափակումներով։

Ծերեթելի, Գագարին, Բարեկամություն, Կայան, Մաճարաշվիլի, ապրիլի 9, Վաժա-Փշավելա, Ստալին, Մեշախտի, Գամսախուրդիա, Թամար Մեփե, Ռուսթավելի, Աղմաշենեբելի, Մանվելիշվիլի, Գվարամաձե, Կակաչիշվիլի, Գոգեբաշվիլի, Ճավճավաձե և Փարնավազ մեփեի փողոցների որոշ բնակիչներին խմելու ջուր օրական 45 րոպե է հատկացվում, իսկ մի մասին՝ 1 ժամ։ Սակայն երկրորդ խնդիրն այն է, թե որքանով է մաքուր ջուրը, որն այժմ «ժամանակացույցով» սպառում են վալեացիները, կարելի՞ է այն խմել, թե՞ ոչ։

Ի՞նչ է ասում պետական աուդիտը

Ախալցիխեի քաղաքապետարանի գյուղերի խմելու ջրի խնդիրն ու այս հարցով հայտարարված գնումները բազմիցս տեղ են գտել Պետական աուդիտի ծառայության հաշվետվության մեջ։ Պարբերաբար հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ քաղաքապետարանը պետք է վերահսկի խմելու ջրի որակը, թեև քաղաքապետարանի 42 գյուղ խմելու համար օգտագործում է լաբորատորիայում չստուգված ջուր։

«Քաղաքապետարանը ջրի խմելու պիտանիության համակարգված լաբորատոր փորձարկում չի իրականացնում, քաղաքապետարանը չունի համապատասխան ջրամատակարարման լիցենզիա ունեցող սուբյեկտ, բնակչության մի մասին ջուրը մատակարարվում է ուշացումներով, խմելու ջրի որակը չի ստուգվում։ Ըստ այդմ՝ անբավարար է բնակչության խմելու ջրի մատակարարումն ու որակն ապահովելու քաղաքապետարանի գործունեությունը»։

Ախալցիխեի քաղաքապետարանում Վալեից, Սվիրից և Ածղուրիից բացի բազմաթիվ այլ գյուղեր կան, որտեղ տարեցտարի հազարավոր լարիներ են ծախսվում, սակայն արդյունքները տեսանելի չեն։ Տեղացիների մի մասը ժամանակ առ ժամանակ խմելու ջուր չի ունենում, իսկ ոմանք այն դեռևս ստանում են որոշակի ժամանակահատվածով։ Գյուղաբնակներն ասում են, որ ջրի կարիք ունեն որպես կյանքի անհրաժեշտ պայման, հետևաբար պետական տրանսֆերտով կամ որևէ հիմնադրամով յուրացված միջոցները չեն կարող օգտագործվել այլ կարիքների համար և տարեցտարի ծախսվում են չլուծված խնդիրների վրա։

Վրաստանի կառավարության 2014 թվականի հունվարի 15-ին ընդունված թիվ 58 «Խմելու ջրի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ խմելու ջուրը պետք է լինի անվտանգ, անվնաս և համապատասխանի երկրում գործող չափանիշներին։

Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունը (տվյալ դեպքում՝ Ախալցիխեի քաղաքապետարանը և «Միացյալ ջրամատակարարման ընկերությունը») պարտավոր են վերահսկել ջրի տեխնիկական կանոնակարգերի պահպանումը։

Այն, որ այս ամենը չի կատարվում, նշվում է Պետական աուդիտի ծառայության հաշվետվություններում։ Նրանց տեղեկություններով՝ Ախալցիխեի, Վալեի և 3 գյուղերի բնակիչների խմելու ջուրն ապահովում է «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը»։

«Մնացած գյուղերի բնակիչներին ջուր է մատակարարվում տարբեր ժամանակներում տեղադրված ջրային համակարգերի միջոցով, որոնց պատշաճ շահագործումը քաղաքապետարանի կողմից ստեղծված Ախալցիխեի ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքային գործակալության պարտականությունն է։ Այս կազմակերպությունը չունի օրենքով սահմանված լիցենզիա։ Քաղաքապետարանում չկա ջրի համակարգված լաբորատոր փորձարկում խմելու պիտանիության վերաբերյալ»,- գրված է աուդիտի վերջին հաշվետվության մեջ։

Նրանց տվյալներով՝ Ախալցիխեի քաղաքապետարանում առաջնահերթ ուղղություններից մեկը խմելու ջրի համակարգերի վերականգնումն ու շահագործումն է, ինչի համար 2018-2022 թվականներին ծախսվել է ավելի քան 6 մլն լարի, թեև բնակչության մի մասին ջուր է մատակարարվում ուշացումներով, իսկ խմելու ջրի որակը չի ստուգվում։ Ըստ այդմ՝ անբավարար է բնակչության խմելու ջրի մատակարարումն ու որակն ապահովելու քաղաքապետարանի գործունեությունը»։