Ախալցիխեի թիվ 3 հանրային հայկական դպրոցում ուսումնական տարին սկսվել է վերականգնված շենքում: Մոտ 3 ամսվա ընթացքում վերանորոգվել է մոտ 3000 քմ/մ տարածք:
Սեպտեմբերի 16-ին, Ախալցիխեի թիվ 3 հայկական դպրոցում հնչեց առաջին զանգը, որը հիմնանորոգվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ:
Աշխատանքները նախաձեռնել և ֆինանսավորվել է բարերար Արտեմ Սուրմալյանի կողմից: 2,5 ամսվա ընթացքում 3 ուսումնական հարկերն ամբողջությամբ վերանորոգվել են, իսկ հետագայում նախատեսվում է շարունակել առաջին վարչական հարկի և բակի տարածքի վերականգնումը:
Ինչպես նշեց Արտեմ Սուրմալյանը, այս իրադարձությունը շատ կարևոր է Ախալցիխեի հայ երիտասարդության համար կրթության որակի բարելավման տեսանկյունից: Բացի այդ, նա աշակերտներին և ծնողներին խնդրեց ավելի ակտիվ լինել դպրոցի շենքում մաքրության և հարմարավետության պահպանման գործում:
«Նախ և առաջ ես շատ հուզված եմ: Ես ավարտել եմ այս դպրոցը 32 տարի առաջ, այժմ ես կրկին այստեղ եմ, ինձ համար բարոյապես շատ դժվար է: Դպրոցը լավն է, երեխաները լավն են, պարզապես պետք է պարապել ու զբաղվել դասերով: Կոչ եմ անում երեխաներին և ծնողներին լինել ավելի ակտիվ, հետևել և պահպանել դպրոցը», – ասաց բարերարը:
Ըստ Արտյոմ Սուրմալյանի, այս գաղափարը գոյություն ուներ արդեն 2 տարի, և, վերջապես, այն հաջողվեց իրականացնել տեղական իշխանությունների աջակցությամբ:
«Ես շատ եմ սիրում Ախալցիխեն և ուզում եմ, որ հայկական օջախը գոյություն ունենա միշտ, ինչպես դա եղել է պատմականորեն, և որ մեր երեխաները հնարավորություն ունեն սովորելու հայերենով: Իմ հատուկ ցանկությունն է, որ մենք ընտրենք ավագ դպրոցի աշակերտներին և պատրաստենք մասնագետների Հայաստանի մանկավարժական համալսարանում, ովքեր կվերադառնան և կաշխատեն այստեղ», – մեկնաբանեց նա:
Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջայց կատարեցին վերանորոգված հարկերն ու դասասենյակները: Ըստ դպրոցի տնօրենի, այս վերանորոգումը հնարավորություն տվեց ամբողջությամբ ջեռուցել դպրոցը, ինչը շատ կարևոր է երեխաների և նրանց ծնողների համար:
«Ես շատ շնորհակալ եմ մեր նախարարությունից, պետությունից, որ պարոն Սուրմալյանին թույլտվություն տվեց դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կատարելու, հոգաչափ երախտապարտ եմ անձամբ պարոն Սուրմալյանին: Այնքան մեծ երջանկություն է, որ մեր աշակերտները կարող են օգտվել այս դասասենյակներից և սովորել նման միջավայրում: Հիմնական օգուտն այն է, որ մենք նախկինում չէինք կարողանում ջեռուցել դպրոցը, պատուհանները և պատերը հին էին, ուստի ինչ էլ մենք անեինք, դպրոցը չէր ջեռուցվում: Ինձ համար կարևոր է, որ աշակերտը նախևառաջ տաքուկ միջավայրում լինի, և ծնողները հանգիստ զգան», – ասում է Ախալցիխեի թիվ 3 դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան:
«Ամեն ինչով մեզ ապահովեցին. աշակերտների համար վերանորոգվեց երեք հարկ, ներառյալ սանհանգույցները, աստիճանները, պատերը, հատակը, պատուհանները և դռները, կահույքը և այլն, ամբողջովին վերականգնվել են: Առաջին հարկը վարչական է, այն այնքան էլ հրատապ չէ, այն նախատեսվում է վերանորոգել հետագայում»:
Միջոցառմանը մասնակցում էին նաև «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի ներկայացուցիչները:
Ծնողներն ու երեխաները շատ ուրախ էին՝ միաձայն պատասխանելով, թե որքան կարևոր է երեխաների համար որակյալ կրթություն ստանալու առումով: Բարձր դասարանցիները խոստովանում են, որ նման հարմարավետ շենքում ուսման նկատմամբ առաջանում է մոտիվացիա և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն:
«Մենք երախտապարտ ենք այդ մարդուն, քանի որ ոչ բոլորն են թույլ տալիս իրենց այդպիսի բարեգործություն անել: Նա արդեն օգնել էր իմ որդուն Ռուսաստանում վիրահատության հարցում: Նախ՝ երեխաներն այժմ սովորում են մաքրության, հարմարավետության մեջ: Ջեռուցումը նույնպես մեծ նշանակություն ունի, և մեզ համար նույնպես, նախկինում վառելափայտ էին կրում: Հիմա մենք հանգիստ ենք երեխաների համար», – նշեց ծնող Արփինե Զադոյանը:
Ամալյա Բաբայան