Օգոստոսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի արտահերթ նիստում, պատգամավորներն որոշում են ընդունել, ինչի հիման վրա սահմանվել են այն վայրերը, որտեղ կարելի է, և որտեղ արգելվում է, մունիցիպալիտետի տարածքում, նախընտրական գովազդային պաստառներ փակցնել։

2024 թվականի օգոստոսի 30-ին Ախալքալաքի սակրեբուլոն հաստատել է որոշում, համաձայն որի, Վրաստանի Ընտրական օրենսգրքի և տեղական ինքնակառավարման օրենսգրքի հիման վրա սահմանվել են այն վայրերը, որտեղ կարելի է, և որտեղ չի կարելի գովազդային քարոզչական նյութեր փակցնել:

Այսպիսով, ըստ որոշման, արգելվում է մունիցիպալ շենքերն օգտագործել քարոզարշավի համար, այդ թվում՝ Մշակույթի տունը, բոլոր եկեղեցիներն ու մշակութային ժառանգության հուշարձանները, ոստիկանության շենքերը, դատարանների, անվտանգության և պետական այլ հաստատությունների շենքերը։ Պաստառները կարող են փակցվել մասնավոր սեփականության վրա՝ սեփականատիրոջ համաձայնության դեպքում:

Նախընտրական քարոզարշավի 1 պաստառի չափը պետք է լինի ոչ ավելի, քան 60 սմ երկարության, և 42 սմ լայնության:

Ախալքալաքում նախընտրական պաստառները կարելի է փակցնել հետևյալ վայրերում.

• Ազատության փողոցի հինգ հարկանի շենքի պատին
• «Սուրբ Խաչ» եկեղեցուն կից տեղադրված ստենդին
• Ազատության փողոցի թիվ 70 բազմահարկ շենքի ճակատային մասում
• Կենտրոնական զբոսայգու ցանկապատի վրա
• Նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակելի շենքերի պատերին
• 14-րդ ավանի երկհարկանի բնակելի շենքերի պատերին
• Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի Շոթա Ռուսթավելի պուրակի պատին
• Խոսպիո գյուղի երկաթուղային կամրջի հենարանների վրա

Նիստի ընթացքում սահմանվել են նաև 64 գյուղում քարոզչական պաստառների տեղադրման վայրերը։

Օրինակ՝ Լոմատուրցխ, Կաջո, Սիրկվա, Մերենիա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Խուլգումո, Խանդո, Չունչխա, Վաչիան, Մուրջախեթ, Չամդուրա, Հոկամ, Ազմանա, Բոզալի, Խավեթ, Ղադոլար, Էրինջա, Ափնիա, Կումուրդո, Կիրովական, Սուլդա, Դադեշ, Գոգաշեն գյուղերում թույլատրվում է նախընտրական պաստառները փակցնել ծիսակատարությունների տան պատերին:

Խանդոյում թույլատրվում է նաև պաստառները փակցնել հին ջրամբարի պատին, իսկ Վաչիան գյուղում՝ նախկին վարչական շենքի պատին։

Բուռնաշեթ, Ղադոլար, Տուրցխ, Բեժանո, Ագանա, Մոդեգամ, Ալաթուման, Բարալեթ, Մերենիա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Զակ, Բուղաշեն, Բալխո, Օլավերդ, Կարտիկամ, Կուլիկամ, Աբուլ, Խուլգումո, Խանդո, Բավրա, Դիլիսկա գյուղերում թույլատրվում է պաստառները փակցնել գյուղի բնակիչների հավաքատեղիներում։

Կաջո, Տուրցխ, Արագվա, Խոսպիո, Կիրովական, Դադեշ, Կարծախ, Կումուրդո գյուղերում թույլատրվում է քարոզչական պաստառները փակցնել նաև ավտոբուսի կանգառում։

Ազավրեթում պաստառները թույլատրվում է փակցնել գյուղի կենտրոնական կամրջի ճաղերի վրա։ Բալխո, Օլավերդ, Թախչա, Կոկիո, Վարեւան, Արագվա, Կորխ, Կումուրդո, Սուլդա, Ֆիլիպովկա գյուղերում՝ նախկին ակումբի շենքի պատին։

Կարտիկամում, Բուզավեթում, Արագվայում, Թոթխամում, Բուղաշենում, Գոմանում թույլատրվում է դրանք փակցնել նաև նախկին դպրոցի շենքի ճակատին։

Ալաստան գյուղում թույլատրվում է քարոզչական պաստառները փակցնել հին խանութի և ճաշարանի պատերին։ Օրջա գյուղում՝ նախկին վարչական շենքի պատին։ Մաջադիա գյուղում` նախկին փռի շենքի և նախկին վարչական շենքի պատի վրա: Դավնիա գյուղում՝ հին ավտոտնակի պատին։

Նշենք, որ արդեն մի քանի օր է քաղաքում ու գյուղերում հայտնվել են «Վրացական երազանքի» պաստառները։ Այլ կուսակցությունների քարոզչական պաստառներ Jnews-ը դեռևս չի նկատել։