Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է 1 ամիս ու 8 օր, Ախալքալաքում արդյո՞ք տեղյակ են հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների մասին և ի՞նչ դիրքորոշում ունեն ընտրողները՝ պարզելու համար անցկացրեցինք հարցում բնակիչների շրջանակում։
Հարցմանը մասնակցեցին 38 պատահական անցորդ Ախալքալաքի կենտրոնում: Արդյունքում պարզվեց, որ հարցվողներից միայն 6-ն են մասնակցելու ընտրություններին, իսկ 8 հարցվող ընդհանրապես հրաժարվեցին պատասխանել հարցերին։
Հարցման պատասխաններից ելնելով հարցվողները բաժանվում են 3 խմբի՝ մարդիկ ովքեր տեղյակ են կայանալիք ընտրություններին և մասնակցելու են, մարդիկ ովքեր տեղյակ են, սակայն հրաժարվում են մասնակցել և մարդիկ, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն, որ ընտրություններ են լինելու։ Հատկանշական է այն փաստը, որ անտեղյակ հարցվողները հիմնականում գյուղերի բնակիչներն էին, իսկ ավելի կոնկրետ կանայք։
Ըստ հարցմանը, ամենամեծ խումբն են կազմում այն ընտրողները, ովքեր տեղյակ են, բայց ասում են, որ չեն մասնակցելու: Այսպես պատասխանել են 13 մարդ:
Ներկայացնում ենք հարցվողների որոշ մեկնաբանություններ:
«Հա բա իհարկե տեղյակ եմ, բայց ոչ ոքի ձայն չեմ տալու»,- ասաց Սարոյան Սասունը:
«Իհարկե տեղյակ ենք, մեր տուն էլ են եկել հարցման, բայց ես չեմ մասնակցի, չնայած գիտեմ, որ իմ փոխարեն ում պետք է կնտրեն»,- ասաց 35 ամյա բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ:
«Գիտեմ որ ընտրություններ են, բայց ընդհանրապես հետաքրքրված չեմ ու չեմ էլ մասնակցի»,- ասաց Վարսիկ Պապոյանը:
Քանակով երկրորդ խմբի մասնակիցները՝ 11 մարդ ընդհանրապես տեղյակ չեն, որ շուտով ընտրություններ են։
«Մենք սարից նոր ենք իջել՝ խոտ էինք հնձում և ոչնչից տեղյակ չենք»,- ասաց Սուսաննա Գալոյանը:
«Ի՞նչ ընտրություն, տեղյակ չեմ ես գյուղացի մարդ եմ ոչինչ չգիտեմ, իմանամ էլ չեմ մասնակցի»,- ասաց Բավրա գյուղի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ։
Մարդիկ ովքեր տեղյակ են ու մասնակցելու են ընտրություններին 6-ն են:
Ստորև ներկայացնում ենք այս խմբի մարդկանց առավել հետաքրքիր պատասխանները։
«Իհարկե տեղյակ եմ, որ շուտով ընտրություններն են և անպայման մասնակցելու եմ, չնայած դեռ չեմ կողմնորոշվել ում օգտին եմ քվեարկելու դեռ մի ամիս կա կկողմնորոշվեմ»,- ասաց Կարո Հակոբյանը:
«Տեղյակ եմ ու անպայման մասնակցելու եմ։ Տվյալ օրը կգնամ ցուցակներին կծանոթանամ ու կորոշեմ ում եմ ընտրելու»,- ասաց Անահիտ Մկրտչյանը:
«Անպայման, տեղյակ ենք, ու ասեմ ավելին մենք ամբողջ գյուղով ընտրելու ենք Պետրոսյան Սամվելին, կապ չունի ցուցակում նրա անունը կա թե չէ, մենք նրան ենք ընտրելու»,- ասաց Սամսոն Ներսիսյանը գյուղ Օլավերդից։
«Անպայման կմասնակցեմ, ու կնտրեմ Արտաշ Փալանջյանին»,- ասաց Վալյա Ծորմուտյանը:
Ջուլիետա Տոնականյան