Հասարակություն 2 Սեպտեմբերի, 2020 • Ազավրեթում  դեռ չգիտեն որտեղ և ինչպես կազմակերպել դասապրոցեսը

Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին, իսկ Ազավրեթում դեռ չգիտեն, թե որտեղ և ինչպես կազմակերպել դասապրոցեսը: Գյուղում համապատասխան շենք չկա, իսկ աշակերտների ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել հարեւան գյուղ: Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում դպրոցի հիմնանորոգման տենդերն արդեն հայտարարված է, սակայն շենքը շուտ չի լինի պատրաստ:

Ազավրեթ գյուղի դպրոցի շենքը երկար տարիներ է գտնվում է վթարային վիճակում: JNEWS- ը բազմիցս գրել է ուսուցիչների և ծնողների բողոքների մասին: 2019 թ.-ին գյուղացիները նույնիսկ գործադուլ էին հայտարարել, մինչ իշխանությունները չխոստացան կառուցել դպրոցի նոր շենք:

Այս տարի կառավարությունը պետական ​​բյուջեից 1 մլն 901 730 լարի է հատկացրել դպրոցի շենքի հիմնանորոգման համար: Վրաստանի Մունիցիպալ կրթության ֆոնդը, 2020 թվականի օգոստոսի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղի դպրոցի հիմնանորոգման համար տենդեր էր հայտարարել: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է:

Սակայն, գյուղում դեռ չգիտեն, թե որտեղ և ինչպես է տեղի ունենալու դասապրոցեսը, որը կսկսվի 2 շաբաթից, քանի որ դպրոցի շենքը պատրաստ չի լինի դեռ երկար ժամանակ:

Ազվարեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքով, ինքն առաջարկել է մի քանի տարբերակ, բայց դրանցից ոչ մեկը չի բավարարում նախարարության պահանջներին:

«Ռեսուրս֊կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի հետ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի սենյակներ վարձել տարրական դասարանների համար, իսկ մնացած աշակերտների հետ անցկացնել հեռավար դասեր: Թերեզան մերժեց ինձ ասելով, որ պայմանները չեն համապատասխանում չափանիշներին (հեռավորություն, սանհանգույց և այլն), և առաջարկեց, որ ուսումնական գործընթացն անցկացվի հարևան Բուռնաշեթ գյուղում երկրորդ հերթափոխով: Սակայն, տարաձայնություններ կան ինչպես մեր գյուղացիների, այնպես էլ բուռնաշեթցիների կողմից: Հիմա մենք անորոշ վիճակում ենք », — ասում է Սլավիկ Եղիազարյանը:

Աշակերտների ծնողներից մեկը՝ Սարգիս Սուքիասյանը հրաժարվում է իր երկու դուստրերին ուղարկել հարևան Բուռնաշեթ գյուղի դպրոց:

«Ինչու են նրանք հիմա սկսում, ինչով էին զբաղված մինչ այժմ: Թող շինարարությունը սկսեին մարտի վերջին, այն կհասցնեին կառուցել: Ինչպես են նրանք ձմռանը հարևան գյուղ գնալու, սա մեկ շաբաթ կամ մեկ ամիս չէ, առջևում ձմեռ է», — ասում է Սարգիս Սուքիասյանը:

Գրիգոր Չախալյանը նույնպես չի ցանկանում իր երեխաներին ուղարկել Բուռնաշեթ գյուղ և առաջարկում է իրենց գյուղում շենք վարձակալել:

Դպրոցի տնօրենի խոսքով, նա չի կարող գյուղում համապատասխան պայմաններ ապահովել:

«Գյուղում չկա այնպիսի մի շենք, որը կհամապատասխանի չափանիշներին: Պիտի լինի շենք որոնցում երկար ժամանակ ոչ ոք չի ապրում, և ես չգիտեմ, որքանով են դրանք անվտանգ: Բայց, ի վերջո, ես պետք է ինչ-որ բան որոշեմ, իմ նպատակն է սկսել ուսումնական գործընթացը: Ես գտնում եմ, որ չարիքներից փոքրագույնը հեռավար ուսուցումն է», — ասում է Սլավիկ Եղիազարյանը:

Բուռնաշեթ գյուղի բնակիչները JNEWS- ի հետ զրույցում խուսափեցին ուղիղ պատասխանից, ասելով, որ իրենց կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում. «Ինչպես որոշել են, այդպես էլ կանեն»:

Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիզարյանի խոսքերով, ինքն արդեն նամակ է պատրաստել կրթության նախարարություն խնդրելով, որ իրենց դպրոցին, բացառության կարգով, թույլատրվի անցկացնել միայն հեռավար դասեր: Մոտ օրերս նա նամակը կուղարկի և կսպասի պատասխանի:

Ազավրեթ գյուղի դպրոցն ունի 168 աշակերտ, այս տարի առաջին դասարան կգնա 9 երեխա:

Ծնողները անվտանգ դպրոց են պահանջում

Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում

Վթարային դպրոց՝ 6 դասասենյակ, 3 հերթափոխ, 184 աշակերտ

Ազավրեթի դպրոցն ընդարձակման կարիք ունի

Ազավրեթ գյուղի դպրոցը դասադուլ է հայտարարել

Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտները շարունակում են դասադուլը

Ազավրեթում դասադուլը դադարեցնելու համար պահանջում են նոր դպրոց

Փորձագետները չօգնեցին Ազավրեթ գյուղի դպրոցի հարցում

Պատգամավոր․ Ազավրեթի դպրոցի շենքի խնդիրը կլուծվի այս տարի

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝