նորություններ 17 Հուլիսի, 2026 • Բաց դիտահորեր Ախալքալաքում՝ անհարմարությունից մինչև իրական վտանգ (Photo)

Ախալքալաքի փողոցներում բաց և կոտրված դիտահորերը շարունակում են անհարմարություններ և վտանգ ստեղծել բնակիչների համար։ Որոշ հատվածներում դիտահորերը երկար ժամանակ մնում են առանց կափարիչների՝ դառնալով իրական վտանգ ինչպես հետիոտնի, այնպես էլ վարորդների համար։

Խնդիրը հատկապես սրվում է երեկոյան և գիշերային ժամերին, երբ փողոցների ոչ բավարար լուսավորության պայմաններում բաց փոսերը դժվար է նկատել։ Անուշադրության մեկ պահը կարող է բավական լինել՝ վնասվածք ստանալու կամ մեքենայի վնասման համար։

Այս տարի՝ հունիսին, Ախալքալաքի Նալբանդյան փողոցում 66-ամյա տղամարդը ընկել էր բաց դիտահորը և թեթև վնասվածքներ ստացել։ Բնակիչների խոսքով՝ դիտահորը բաց էր մնացել շուրջ երեք շաբաթ։ Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը միայն քաղաքի արտաքին տեսքին վերաբերող հարց չէ, այլ ուղղակիորեն կապված է մարդկանց անվտանգության հետ։ Շատ դեպքերում բնակիչներն իրենք են նախազգուշացնող քայլեր ձեռնարկում՝ բաց դիտահորերի մեջ տեղադրելով ծառի ճյուղեր կամ անվադողեր։ Ներկա պահին այսպիսի դիդահորերը բազմաթիվ են Ախալքալաքի փողոցներում։

Նազարեթյան փողոցում բնակվող Արթուր Ալեքսանյանը իրենց փողոցում ցույց տվեց մի դիտահոր, որը բնակիչներն են փակել երկաթով, բայց այն ծռվել և փոսն է ընկել․

didahor11

«Այս դիտահորը մենք ենք փակել մեր ուժերով ու միջոցներով, բայց ինչպես տեսնում եք, ծռվել է», ասաց նա։

Ավելի հետաքրքիր տեսարան է բացվում Անդրանիկ Մարգարյան փողոցում, որտեղ բաց դիտահորի վրա անվադողեր են դրված, որն ունի տարիների պատմություն։

didahor12

Անցած շաբաթ Ախալքալաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Չարենցի փողոցում, երբ աղբատար մեքենան անցնում էր, անվադողը բարձրացավ դիտահորի վրա, դիտահորի կափարիչը կոտրվեց և անվադողը կտրվեց։ Հաջորդ օրն անվադողն արդեն փոխել էին, սակայն ծայրամասային փողոցներում նմանատիպ հարցերը մնում են անլուծելի։

Հունիսի 22-ին, երբ 66-ամյա տղամարդն ընկել էր բաց դիտահորը, Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլիի հետ, ով այդ ժամանակ ասաց, որ քաղաքում բաց դիտահորեր չկան։

Jnews-ը այս հարցով կրկին գրավոր հարցում է ներկայացրել Միասնական Ջրամատակարարման ընկերությանը։ Պատասխան ունենալուն պես անպայման կհրապարակենք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝