Այսօր Ախալքալաքի Նալբանդյան փողոցում առկա բաց դիտահորն է ընկել 66-ամյա տղամարդը և ստացել թեթև մարմնական վնասվածքներ։ Տղամարդուն օգնություն են ցուցաբերել ականատեսներն ու շտապ օգնության աշխատակիցները։
«Մեքենա էր գալիս, կողքի գնացի ու չտեսա փոսը և ընկա դիտահորի մեջ»,- պատմեց տղամարդը, ով Արագովա գյուղից է։
Դիտահորը, ըստ տեղի բնակիչների, արդեն 3 շաբաթ է ինչ բաց է։
«Արդեն երեք շաբաթ է բաց է։ Կոտրված էր, եկան Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները, մաքրեցին դիտահորը, բաց թողեցին ու գնացին»,- ասաց ականատեսներից մեկը։
Մինչ մենք զրուցում էինք բնակիչների և տուժած տղամարդու հետ, մեզ մոտեցավ մեկ այլ տղամարդ և ասաց, որ մի քանի օր առաջ այդտեղով անցնելիս չի նկատել փոսը և ջարդել է իր մոտոցիկլը։
Նալբանդյան փողոցի բնակիչները մտավախություն ունեն հետագա սպասվելիք պատահարների համար։
«Երեկ ես էի վազելով անցնում, քիչ էր մնացել ընկնեի մեջը, պատկերացրեք ինչ կլինի, եթե երեխա ընկնի», — ասաց Նալբանդյան փողոցի բնակիչներից մեկը։
Փորձելով հասկանալ, թե երբ են պատրաստվում փակել դիտահորը, ու թե ինչո՞ւ է մինչև հիմա այն բաց՝ Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլիի հետ։
«Ես 3 օր է ինչ տեղյակ եմ այդ բաց դիդահորի մասի, պլանավորվում է այսօր վերանորոգել։ Տրակտորն էր փչացել, սպասում էինք, որ սարքեն»։
Այն հարցին, թե ի՞նչ պատճառով է, որ քաղաքում կոտրվում են դիտահորերի կափարիչները, Գիորգի Վախտանգիշվիլին պատասխանեց, որ դա քաղաքացիների անփութության պատճառով է։
«Օրինակ կարող եմ բերել հենց Նալբանդյանի դիտահորը, որը ջարդվել է, քանի որ վրայից մեծ բեռնատար է անցել»։
Գիորգի Վախտանգիշվիլիի խոսքով, քաղաքում կան մի քանի դիտահորեր, որոնք ունեն վերանորոգման կարիք և իրենք զբաղվում են այդ հարցերով։


