Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի վիճակը ծայրահեղ է։ Jnews-ը բազմաթիվ բողոքներ է ստանում ինչպես ճանապարհի բնակելի հատվածի բնակիչներից, այնպես տվյալ ճանապարհով երթեւեկող վարորդների կողմից։ Ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունից Jnews-ին հայտնեցին, որ աշխատանքները հետաձգվում են մինչեւ հուլիս։
Ինչպես նախկինում նշել էինք, Ախալքալաքի բերդից մինչև Վաչիան գյուղ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներով զբաղվում է ՍՊԸ «Ճանապարհաշինության թիվ 1 վարչություն»-ը։ Կատարվել են ամրացման աշխատանքներ, բայց արդեն երեք շաբաթ է աշխատանքները դադարեցվել են։ Փողոցը չի ջրվում, փոշու հսկայական ամպերը անտանելի են դարձնում տեղացիների կյանքը։ Մարդիկ կան, ովքեր ունեն ալերգիաներ և այլ հիվանդություններ, որոնք սրվում են փոշու պատճառով։
Ճանապարհի մինչև Դադեշ գյուղ ընկած հատվածը հարթեցվել էր, սակայն անձրևներից կրկին փոսեր են առաջացել։ Իսկ Դադեշ գյուղից մինչև Կարծախ գյուղ ընկած հատվածի վիճակը սարսափելի վիճակում է, և նույնիսկ պարզ չէ, թե երբ են սկսելու ճանապարհաշինական աշխատանքները և ո՞ր ընկերությունն է զբաղվելու այս հատվածի կառուցողական աշխատանքներով։
Jnews-ը ամեն շաբաթ կապ է հաստատում ճանապարհաշինական վարչության հետ։ Նախավերջին անգամ՝ հունիսի 12-ին մեզ ասացին, որ աշխատանքները վերսկսվելու են հաջորդ շաբաթ, իսկ վերջին անգամ՝ հունիսի 24-ին, արդեն ասացին, որ աշխատանքները կվերսկսվեն հուլիսին։
Թե ի՞նչն է այս ձգձգումների հիմնական պատճառը, Jnews-ին դեռևս չի հաջողվել իմանալ։
Կարդացեք նաեւ՝
Ե՞րբ կվերանորոգվի Ախալքալաք-Կարծախ անանցանելի ճանապարհը
Ախալքալաք-Կարծախ անանցանելի ճանապարհի վերականգնողական աշխատանքները սկսվել են



