Ախալաքալաք-Կարծախ միջպետական նշանակության ճանապարհի վիճակը կրկին ծայրահեղ ծանր է։ Jnews-ը բողոքներ է ստանում բնակիչների և վարորդների կողմից։ Վերջին անգամ թեթևակի հարթեցման աշխատանքներ կատարվել են ապրիլ ամսին ու դադարեցվել են մինչև օրս։ Անձրևներից հետո հսկայական փոսեր են առաջացել և ճանապարհի վիճակը դարձել է գրեթե անանցանելի։
Ախալքալաք-Կարծախ ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտավորապես 30 կմ է։ Անցյալ տարի ասֆալտապատվել է Կարծախ գյուղից մինչև «Կարծախ»-ի մաքսային անցակետ տանող հատվածը։ Ճանապարհը լավ վիճակում է, սակայն Ախալքալաքից մինչև Կարծախ գյուղ ընդհանուր ճանապարհը վատ վիճակում է։
Տեղ-տեղ հարթեցման ու ամրացման աշխատանքներ են տարվել, սակայն կան հատվածներ, որոնք գրեթե անանցանելի են և բարդացնում են ինչպես բնակիչների, այնպես էլ վարորդների համար։
«Ես երկար ժամանակ այդ ճանապարհով չէի գնացել դեպի Կարծախ, հունիսի 4-ին գնացի ու փոշմանեցի, ինչքան էլ գումար առաջարկեն, էլ չեմ գնա, մեքենաս 2 անգամ խփեցի»,- ասաց վարորդներից մեկը։
«Գյուղում կյանքը ավելի է բարդացել ճանապարհի պատճառով, եթե նախկինում 15 րոպեում հասնում էինք քաղաք, հիմա 1 ժամ է տևում ճանապարհը, մեքենաներն էլ ջարդվում են»,- բողոքեց Բոզալի գյուղի բնակիչներից մեկը։
Jnews-ի հետ կապ էր հաստատել մեկ այլ բնակիչ․ «Գնում էինք Վաչիան՝ մեր բարեկամի տուն, տեսանք, որ մեզնից առաջ գնում է շտապ օգնության մեքենան, որը բացարձակ չէր կարող անցնել փոսերի միջով ու ես մտածում էի, թե ինչ վիճակում է գտնվում հիմա այն հիվանդը, ով սպասում է շտապ օգնությանը»։
Ախալքալաքի բերդից մինչև Վաչիան գյուղ ճանապարհի վերանորոգման աշխատանքներով զբաղվում է ՍՊԸ «Ճանապարհաշինության թիվ 1 վարչություն»-ը։ Կատարվել են ամրացման աշխատանքներ, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Վաչիանից մինչև Դադեշ գյուղն ընկած հատվածում վերջին հարթեցման աաշխատանքներն իրականացվել են ապրիլ ամսին, սակայն անձրևներից առաջացած փոսերի պատճառով ճանապարհը կրկին շատ վատ վաճակում է։
ՍՊԸ «Ճանապարհաշինության թիվ 1 վարչության» աշխղեկ Էդիկ Միքայելյանը ասաց․ «Դադեշից մինչև Կարծախի ճանապարհային հատվածը դեռևս նախագծային մշակման փուլում է։ Թիֆլիսում աշխատում են նախագծի վրա, որից հետո նոր կկնքեն պայմանագիր և նոր կսկսվեն աշխատանքները»։
Այն հարցին, թե հայտնի է արդյոք, թե որ կազմակերպությունն է կատարելու ճանապարհաշինական աշխատանքները, նա պատասխանեց․ «Դեռևս հայտնի չէ, հնարավոր է մեզ էլ տան, այս պահին չեմ կարող ասել թե պայմանագիրը ո՞ր կազմակերպության հետ կկնքեն»։
Jnews-ը փորձեց նաև կապ հաստատել Վրաստանի ճանապարհային վարչությոան հետ, որտեղից մեզ պատասխանեցին հաղորդագրությամբ, որ ընթացիկ վերանորոգման աշխատանքները կվերականգնվեն մեկ շաբաթ հետո։ Այն հարցին, թե ինչ է սպասվում Դադեշից Կարծախ ընկած հատվածին դեռևս պատասխան չենք ստացել։
Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս հարցին, նոր պաշտոնական տեղեկատվություն ունենալուն պես կրկին կլուսաբանենք այս շատ կարևոր թեման։






