Գումբուրդո գյուղի կենտրոնում զրույցի ու բողոքի հիմնական թեման կարտոֆիլն էր, որի մասին զրուցում էին գյուղի բնակիչները, երբ մենք այցելեցինք գյուղ։ Բնակիչները մտահոգ էին, քանի որ շատ տների պահեստներում դեռևս մեծ քանակությամբ կարտոֆիլ է մնացել։ Գնորդները առաջարկում են 30 թեթրի, որից հետո կրկին չեն տանում կարտոֆիլը։
Գումբուրդո գյուղում «Պրեզիդենտի աղբյուրի» մոտ հավաքված բնակիչները մեր հետ զրույցում անընդհատ վերադառնում էին չիրացված կարտոֆիլի և գյուղացու ապարդյուն աշխատանքի թեմային։ Մեծահասակ տղամարդիկ ընդհատելով մեկը մյուսին մանրամասն ներկայացնում էին իրենց աշխատանքը՝ ցանքսից մինչև բերքահավաք և պահեստավորում, և ցավով նշում, որ այդ ամենը ստիպված են ջուրը լցնել։
«Պետությունը գյուղացուն կարտոֆիլի իրացման հարցում չի աջակցում։ Դրսից բերին կարտոֆիլ լցրին և արդյունքում տեղական արտադրանքը մնում է չվաճառված, նոր կարտոֆիլը արդեն հասավ, մեր հինը ում է պետք», — ասում են բնակիչները:
Գումբուրդո գյուղը կարտոֆիլագործությամբ համեմատաբար քիչ է զբաղվում, քան մի քանի այլ գյուղեր, որոնք հայտնի են կարտոֆիլագործությամբ: Սակայն այստեղ ևս մարդկանց այսօրվա խնդիրը չիրացված բերքն է:
Գումբորդո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Շավարշ Մղդեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարտոֆիլը չեն գնում նույնիսկ 30 թեթրիով։
«Երկու օր առաջ ինձ հարազատ մարդու կարտոֆիլն էին ուզում գնել, առաջարկեցի 30 թեթրի, բարեկամս համաձայնվեց միայն այն պատճառով, որ կարտոֆիլը դուրս գա տնից։ Բայց նույնիսկ այդ գնով չուզեցին տանել, փոշմանեցին, թողեցին ու գնացին։ Աշնանը 25 թեթրիով անասնակերի համար անորակ կարտոֆիլն ենք վաճառել, պատկերացրեք հիմա մեծ կարտոֆիլը չենք կարող այդ գնով վաճառել»։
Նրա խոսքով, հիմնական գնորդներ նույն ծանոթներն են, ովքեր գալիս են Մառնեուլիից և կարտոֆիլը տանում վաճառում Վրաստանի տարբեր շրջաններում և շուկաներում։
«Գյուղում մոտավորապես 100 տոննա կարտոֆիլ մնացած կլինի։ Գյուղացիները մեկը մյուսին են տալիս առանց գումարի։ Ովքեր ազատ հողատարածք ունեն, նրանք տնկում են, իսկ մնացածն էլ որպես անասնակեր կծառայի կենդանիների համար», — նշեց Վաղարշակ Մղդեսյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Արամայիս Զաքարյանի խոսքով, քանի որ Գումբուրդոյում լայնամասշտաբ չեն զբաղվում կարտոֆիլաբուծությամբ, խնդիրը համեմատած մյուս գյուղերի տանելի է։
Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս տարվա կարտոֆիլի վաճառքի խնդրին և ընդհանուր թանկացումներին։ Սա լայնամասշտաբ խնդիր է մեր տարածաշրջանի համար, որտեղ բնակչության հիմնական ապրուստը կարտոֆիլի մշակումն է, որը պետք է պետության կողմից հատուկ ուշադրության արժանանա։



