Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում ամռան ամիսներին խմելու ջուրը դառնում է սպասման ու անհանգստության պատճառ։ Վաչանում քաղաքապետի ներկայացուցիչը Jnews-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ խնդիրն այս տարի լուծում կստանա։
Գյուղացիների խոսքով՝ ամռանը, երբ սկսվում է կարտոֆիլի դաշտերի և տնամերձ տարածքների ոռոգման շրջանը, խմելու ջրի հասանելիությունը զգալիորեն նվազում է։ Ջրի նույն համակարգից, որով ապահովվում են բնակիչների կենցաղային կարիքները, ջուր է օգտագործվում նաև ոռոգման համար։ Արդյունքում գյուղում ջրի մատակարարումը դառնում է անկանոն։ Գյուղի կենտրոնում հավաքված մարդկանց զրույցի ու անհանգստության թեման հենց դա է։
Բանն այն է, որ Վաչիանում խմելու ջուրը ընդհատումներով է իրականացվում, երկու օր մի թաղամասում է ջուր լինում, երկու օրէ մեկ այլ, և այդպես շարունակ։
«Երկու օր ջուր ունենում ենք, երկու օր՝ ոչ»,– ասում են գյուղացիները՝ նկարագրելով այն իրավիճակը, որին ստիպված են հարմարվել հատկապես ամռանը։
«Ամռան այս օրերին, երբ գյուղացիները սկսում են ջրել իրենց այգիները, ջուրը կտրուկ նվազում է, 2 օրը մեկ ենք ջուր ունենում», — ասաց Բալոյան Մանվելը։
Այն հարցին, թե երբևէ դիմել են քաղաքապետարանի ներկայացուցչին այս հարցով և որևէ լուծում առաջարկել են, Ալեքյան Ալբերտը պատասխանեց․
«Միշտ էլ բողոքում ենք, ասում են կլինի։ Ծարավ չենք մնում, իհարկե, բայց կենցաղային հարցերում շատ անհարմարություններ են առաջանում այս օրերին»։
Վաչիանում ջրի բացակայությունը միայն ծորակից ջուր չլինելու խնդիր չէ։ Այն խաթարում է գյուղացիների առօրյան․ դժվարանում են խմելու, կերակուր պատրաստելու, լվացվելու և տնային մյուս անհրաժեշտ աշխատանքները։ Իսկ գյուղի բնակիչների համար ամառը նաև ամենածանր գյուղատնտեսական շրջանն է, երբ կարտոֆիլի դաշտերը պահանջում են մշտական խնամք և ոռոգում։
Գյուղացիների բարձրաձայնած խնդիրը, ըստ էության, կապված է ջրային ռեսուրսի սահմանափակության և դրա տարբեր նպատակներով օգտագործման հետ։ Երբ սկսվում է ոռոգման սեզոնը, ջրի պահանջարկը կտրուկ աճում է։ Այդ ընթացքում ոռոգման համար օգտագործվող ջուրը, գյուղացիների խոսքով, գալիս է խմելու ջրի համակարգից, ինչի հետևանքով բնակավայրի խմելու ջրի մատակարարումը դառնում է անկայուն։
Այս իրավիճակում գյուղացին կանգնում է դժվար ընտրության առաջ․ մի կողմից՝ առանց ոռոգման հնարավոր չէ ապահովել տարվա բերքը, մյուս կողմից՝ ոռոգման անհրաժեշտությունը չպետք է հանգեցնի բնակիչների խմելու ջրի սահմանափակմանը։
Այն հարցին, թե ինչ վիճակում է գյուղի ոռոգման ջուրը և ինչպես են գյուղացիները ջրում կարտոֆիլի արտերը, Ազատ պապիկը պատասխանեց․
«Գյուղի ոռոգման ջուրը գալիս է Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղից, որտեղից մղիչ պոմպերով ջուրը հասնում է Վաչիան ու դժվարությամբ բավարարում է գյուղի կարտոֆիլի արտերը ջրելուն»։
Վաչիանի համար սա հատկապես կարևոր հարց է, քանի որ գյուղի տնտեսության մեջ կարտոֆիլագործությունը մեծ նշանակություն ունի։ Ամռան ընթացքում դաշտերը ջրի կարիք ունեն։
Jnews-ը խոսել է Վաչիան գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ՝ Ֆյոդոր Թորոսյանի հետ, փորձելով հասկանալ, թե ի՞նչ քայլեր են արվում խնդրի լուծման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Վաչիանի ջրագիծը Դիլիֆ գյուղից է գալիս, իսկ այս տարի Նինոծմինդայում նոր ջրագիծ է անցկացվել։ Այդ համակարգում ազատ պոմպերի են առաջացել և իրենք դիմել են ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությանը» ՝ Վաչիան լրացուցիչ ջրով ապահովելու հնարավորությունը քննարկելու համար։
«Մեր գյուղի ջուրը գալիս է Դիլիֆ գյուղից։ Այս տարի Նինոծմինդայում նոր ջրագիծ են անցկացրել, ազատ պոմպեր կան։ Դիմել ենք ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» , որ այդտեղից լրացուցիչ ջուր տան մեր գյուղին։ Այս ամենը ընթացքի մեջ է»,– մեզ հետ զրույցում ասաց Թորոսյանը։
Այն հարցին, թե երբ կավարտվի այս գործընթացը, Ֆյոդոր Թորոսյանը պատասխանեց, որ հստակ ժամանակ նշել չի կարող այս պահին։
«Մեր գյուղը ջրի խնդիր որպես այդպիսին չունի, սա ժամանակավոր խնդիր է, որն առաջանում է, երբ գյուղացիները իրենց այգիներն են ոռոգում»,– նշեց քաղաքապետի ներկայացուցիչը։
Jnews-ը շարունակելու է հետևողական լինել այս գործընթացին և լրացուցիչ տեղեկություն տրամադրել խնդրի լուծման մասին։



