նորություններ 17 Ապրիլի, 2026 • Աշխարհում տիրող անկայունությունը և կարտոֆիլաբուծությունը Ախալքալաքում

Վերջին շրջանում աշխարհաքաղաքական լարված իրավիճակների հետևանքով դիզվառելիքի գների թանկացման բավականին բարձր դինամիկա է նկատվում, ինչպես նաև խոսվում է պարարտանյութերի թանկացման մասին, ինչը լուրջ հարված կարող է լինել տարածաշրջանի կարտոֆիլաբուծության վրա։ Սակայն մասնագետները նշում են, որ չնայած դժվարությունների և անշահավետ լինելու վտանգին, երկրի պարենային անվտանգության համար շատ կարևոր է, որ Ջավախքի հողագործները շատ կարտոֆիլ ցանեն:
Ախալքալաքի գյուղատնտեսական հատվածը հիմնականում կազմված է փոքր և միջին ֆերմայական տնտեսություններից, որոնք չունեն կուտակած պաշարներ և դժվարանում են դիմակայել տնտեսական ճգնաժամերին։
Փորձելով հասկանալ, թե թանկացումներն ինչ հետևանքներ կարող են ունենալ մեր տարածաշրջանում կարտոֆիլաբուծության վրա և ինչ դժվարություններ են հաղթահարում ֆերմերները, խոսեցինք Անդրանիկ Չնավայանի հետ, ով զբաղվում է կարտոֆիլի սերմերի, պարարտանյութերի և այլ անհրաժեշտ միջոցների ներկրմամբ։

Անդրանիկը նշեց, որ անցած տարվա համեմատ այս տարի ընդհանուր առմամբ մոտավորապես 10-15% թանկացումներ կան դեղանյութերի և պարարտանյութերի վրա, սակայն սերմերը դեռևս չեն թանկացել։ Ըստ նրա գյուղացիների մոտ որոշակի տագնապ է նկատվում, նրանք ավելի մեծ քանակությամբ են գնում իրենց անհրաժեշտ պարարտանյութերը` փորձելով խուսափել գների հետագա ավելի բարձրացումից։

Լաուրա Հայրապետյանը, ով կարտոֆիլ է մշակում Չամդուրա գյուղում, ավելի կարևոր խնդիր է համարում նախորդ տարվա կարտոֆիլի արժեզրկումը ու վաճառքի դադարումը, որի պատճառը, իր կարծիքով, վերջերս Թուրքիայից Վրաստան կարտոֆիլի մեծ չափաբաժնի ներկրումն է։

«Գյուղացին պետք է նախ իր ունեցած ապրանքը կարողանա լավ գնով վաճառել, որ հետո տաքացած սրտով մտածի հողը մշակելու և թանկացումները հաղթահարելու մասին», — ասում է Լաուրա Հայրապետյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք սա ժամանակավոր բնույթ է կրում և հնարավո՞ր է, որ կարտոֆիլի արժեքը մոտակա ամիսների ընթացքում բարձրանա, տիկին Լաուրան պատասխանեց, որ քիչ հավանական է, քանի որ այս տարի ավելի շատ կարտոֆիլ կա մեր շրջանում քան անցած տարի:

Անյա Թառլամազյանը գտնվում է դաշտի երկու կողմերում՝ ներկրում է նոր սերմեր ու պարարտանյութեր, ինչպես նաև զբաղվում է կարտոֆիլաբուծությամբ: Նա նշեց, որ դեռևս հստակ չի կարող ասել, թե ինչ բարդություններ են սպասվում, սակայն ներկա պահին նոր սերմերը չեն թանկացել, թանկացել է բեռնափոխադրումը մոտ 80%-ով, ինչն էլ բնականաբար կարող է ազդել արժեքի վրա: Բայց դեռ, տիկին Անյայի խոսքերով, որպես ներկրող նրանք չեն բարձրացրել սերմերի արժեքները և փորձում են պահպանել անցած տարվա գները։ Ինչը չի կարելի ասել պարարտանյութերի մասին, որոնք այս պահին թանկացել են մոտ 1․5-2%-ով։

Որպես ֆերմեր Անյա Թառլամազյանը նույնպես կարևոր խնդիր է համարում այն փաստը, որ կարտոֆիլի վաճառքը կանգ է առել և արժեքը շատ ցածր է, ինչի պատճառով ֆերմերները չեն կարող բավականաչափ գումար ներդնել նոր սեզոնին հողը մշակելու, լավ պարարտացնելու համար։ Ըստ տիկին Անյայի, այս պահին գյուղացին պետք է կարողանա կարտոֆիլը վաճառել 80-90 թեթրիով, որպեսզի կարողանա լավ մշակել հողը և լավ բերք ստանալով հաղթահարի սեզոնային բարդությունները։

Մեր ռեսպոնդենտների հետ զրույցներից ելնելով ստացվում է, որ աշնանը կարտոֆիլի արժեքը կարող է տատանվել 0․90 լարիից մինչև 1․50 լարի, որպեսզի մշակման համար արված ծախսերը փակվեն և հողագործը մինիմալ եկամուտ ստանա։

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը համարում է, որ տիրող անհանգստությունը որոշակիորեն արդարացված է, քանի որ աշխարհում օր-օրի թանկանում է դիզվառելիքը, ինչն էլ տրամաբանորեն հանգեցնում է մնացած թանկացումներին։

«Գյուղացիների կողմից հողի ու կարտոֆիլի մշակման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումն այս փուլում խելամիտ է, քանի որ ներկայումս անկանխատեսելի են սպասվելիք հետագա իրադարձությունները»։

Նա համարում է շատ մտահոգիչ այն, որ հողագործների կարտոֆիլը չի վաճառվում, իսկ որպես հիմնական պատճառ նշում է դրսից ներկրվող կարտոֆիլը։

«Որպեսզի կարողանանք շուկայում ճիշտ տեղ գրավել, նախ պետք է լավ ուսումնասիրենք այն և այս պահին շուկայում եղած կանոններով խաղանք, որպեսզի մաքսիմալ քիչ վնասներ կրելով դուրս գանք այս իրավիճակից»։

Նա համարում է, որ գյուղացին անպայման պետք է հնարավորինս շատ կարտիֆիլ աճեցնի, նույնիսկ եթե վաճառել չէ անցած տարվա բերքը: Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, Վրաստանը պետք է «երկրորդ հացի» պաշար ունենա, քանի որ չգիտենք ինչ կլինի հետո:

Մախարե Մացուկատովը համարում է, որ այս հարցը նույնիսկ ռազմավարական կարևորություն պետք է ունենա երկրի համար, և պետությունը պետք է հետևի ու վերահսկի շուկան, ստեղծի այնպիսի պայմաններ, որ գյուղացին արտադրի ապրանք, և, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցի գյուղացուն։

Հեղինակ՝ Արեգնազ Լուլուկյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝