Երեկ երեկոյան՝ Ախալքալաքում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Կիմ Կուղոյանը բերման է ենթարկվել Բաթումիում: Ձերբակալության մասին տեղեկատվությունը հաստատեցին նաև Վրաստանի ՆԳՆ-ում:

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Կուղոյանը հաստատ բերման է ենթարկվել, բայց մանրամասները, թե որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում՝ չեն բարձրաձայնում: Անհայտ է նաև, արդյո՞ք Կիմ Կուղյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՆԳՆ մամուլի ծառայությունը հիմնավորել է իր մերժումը՝ մանրամասներ տրամադրելու առումով, որ իրավասու չէ տրամադրել նմանատիպ տեղեկատվություն:

JNEWS-ը փորձեց մանրամասներ ճշտել Կուղոյանի փաստաբան Նոդար Ակոբաշվիլիից, ով պատասխանեց, որ որևէ տեղեկություն չունի այս հարցի հետ կապված: Կուղոյանի հարազատների հետ նույնպես չհաջողվեց կապ հաստատել:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանային դատարանը հուլիսի 7-ին Կիմ Կուղոյանի նկատմամբ կայացրել էր մեղադրական դատավճիռ: Դատարանը նրան դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման: Կուղոյանը բացակայում էր դատավճիռը հայտարարելու դատավարությունից: Դատավճռի երկրորդ օրը՝ ի պաշտպանություն Կիմ Կուղոյանի բողոքի ցույցին հայտնի դարձավ, որ Կիմ Կուղոյանը ձերբակալված չէ, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրի մասին: Այդ ժամանակ նա խուզարկության մեջ չէր:

Կիմ Կուղոյանը դատապարտվել էր Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (3-րդ և 4-րդ կետեր) համաձայն՝ հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում և կրում: 236-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է 3-6 տարի, իսկ սույն հոդվածի 4-րդ կետը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում: