Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատված COVID-19-ի 14 դեպքերից հինգի դեպքում վարակի աղբյուրը հայտնի չէ: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ կլինիկաներում բուժվում է 10 հիվանդ, որոնց վարակման աղբյուրը դեռ չի հաստատվել: Այն պայմաններում, երբ Վրաստանում, հիմնականում, բոլոր վարակվածներն ունեին իրենց կլաստերը, կատարվածը սկսել է մտահոգել մասնագետներին:

Փետրվարի 26-ից մինչև հունիսի 13-ը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 851 դեպք: Վեց նոր դեպքերի մասին հայտնի էր դարձել հունիսի 12-ի կեսօրին, ևս ութի մասին՝ այսօր առավոտյան:

«Հինգ դեպքի վարակման աղբյուրը դեռ չի հաստատվել: Այդ ուղղություններով շարունակվում է խորը համաճարակաբանական ուսումնասիրություն… Բոլոր հինգ մարդիկ տարբեր տարածություններից են և նրանց աղբյուրները տարբեր են», – այսօր հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

Նա չի բացառել, որ խորը ուսումնասիրության ընթացքում կարող է պարզվել, որ հիվանդները, ովքեր չգիտեն, թե ումից են վարակվել, ունենան վարակման մեկ աղբյուր:

«Եթե գանք այն եզրակացության, որ մի քանի աղբյուրներ ընհանուր են՝ շատ ավելի լավ, բայց նման իրավիճակ կարող է չլինել», – նշել է բժիշկը:

Էզուգբաիան հիշեցրել է, որ ներկայումս մինչև տասը մարդ բուժում են անցնում կովիդ-կենտրոններում, որոնց վարակման աղբյուրը հայտնի չէ: Դրա հետ մեկտեղ նա շեշտել է, որ ներկայիս իրավիճակը չի կարելի անվանել համաճարակի երկրորդ ալիք:

«Երկրորդ ալիքը նշանակում է, որ առաջինն արդեն ավարտվել է… Անպայման անհրաժեշտ է կարգի բերել առկա իրավիճակը, այնուհետև պահպանել այն», – ասել է նա:

Էզուգբաիան հավելել է, որ համաճարակաբաններն ու բժիշկները համաճարակի դեմ պայքարում չեն կարող որևէ էական հաջողությունների հասնել առանց հասարակության օգնության: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ վիրուսի տարածումը վերահսկելու համար մասնագետները պետք է անխոնջ աշխատեն:

«Դա կախված է մեզանից բոլորիցս: Եթե սահմանափակումների վերացումը նշանակում է, որ մենք սկսում ենք ապրել, ինչպես նախկինում՝ ազատ, դա ճիշտ չէ: Սահմանափակումների վերացումը նշանակում է, որ որոշ չափով մենք պահպանում ենք այն հմտությունները, որոնք ձեռք ենք բերել», – ասել է նա՝ հավելելով, որ քաղաքացիները դեռ պետք է փորձեն խուսափել մարդաշատ վայրերից, չհավաքվել մեծ մարդախմբերով և այլն:

«Կովիդը ոչ մի տեղ չի գնում, նա շարունակում է մնալ: Մենք պետք է սովորենք ապրել դրա հետ այնպես, որ չվնասենք մեզ, մեր ընտանիքի անդամներին և մեր մտերիմներին: Մենք պետք է այդ մասին մտածենք ամեն օր»:

Հայտնի է, որ վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ի հաստատված 14 դեպքերի թվում կան Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի երկու բուժքույրեր: Ընդհանուր առմամբ, վերջին օրերին այս հիվանդությունն ախտորոշվել է սույն բժշկական հաստատության վեց աշխատակիցների մոտ: Բոլոր դեպքերում մենք խոսում ենք կրտսեր բժշկական անձնակազմի մասին, որոնք ամեն օր ստիպված են կապ անմիջական չփման մեջ գտնվել վարակակիրների հետ:

Եվս հինգ նոր դեպքերը համարվում են ներմուծված: Սրանք այն հիվանդներն են, որոնց մոտ կորոնավիրուսը հաստատվել է կարանտինային գոտիներում, պարզաբանել է Էզուգբաիան:

COVID-19-ն ախտորոշվել է նաև բեռնատար մեքենայի վարորդի մոտ, որը շփվել է նախկինում հաստատված դեպքի հետ:

Վրաստանում այս պահի դրությամբ 136 մարդ շարունակում է բուժումը կորոնավիրուսով ախտահարվածներին ընդունող հիվանդանոցներում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է՝ 851: Գրանցվել է 13 մահվան ելք: Ապաքինվածների ընդհանուր թիվը 702 է:

Կարանտինում է գտնվում 2795 քաղաքացի կա, իսկ հիվանդանոցներում` 252: