ԱՄՆ-ն 2000 միավոր կորոնավիրուսի որակյալ արագ թեստ կուղարկի Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ Թբիլիսիի իր տանից ձայնագրած տեսաուղերձում:

Տեսաուղերձում նա նշել է, որ ԱՄՆ կառավարության շատ գերատեսչություններ իրենց լուման են ներդնում Վրաստանին օգնելու համար, այդ թվում՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը:

«Դեսպանության ենթակայությունում գործող պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը նախատեսում է ձեռք բերել 100 000 լարիի չափով անհատական պաշտպանիչ միջոցներ և դրանք փոխանցել Վրաստանի Առողջապահության նախարարությանը», – հաղորդել է Վրաստանում ԱՄն-ի արտակարգ և լիազոր դեսպանը:

Ըստ նրա, տվյալ ապրանքները գնվելու են վրացական ընկերությունից:

«Մենք գտել ենք վրացական ընկերություն, որն արտադրում է այնպիսի ապրանքներ, որոնք այդչափ անհրաժեշտ են Առողջապահության նախարարությանը: Այսպիսով, մենք կարող ենք գնել այն, ինչ անհրաժեշտ է վրացիներին հենց վրաց արտադրողներից, և դա կրկնակի ձեռնտու է», – ասել է Քելլի Դեգնանը:

Դեսպանը նաև հաղորդել է, որ ԱՄՆ-ն նույնպես կորոնավիրուսի 2000 միավոր արագ թեստ կհանձնի Վրաստանին:

«Միացյալ Նահանգները նաև 2000 միավոր արագ թեստեր կուղարկի Վրաստանին, որոնք կարող են հայտնաբերել վիրուսը հաշված ժամերի ընթացքում», – հայտնել է Դեգնանը:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնները, Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը և Վալտեր Ռիդի անվան ռազմական հետազոտությունների ինստիտուտը՝ Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ համատեղ կարևոր աշխատանքներ են կատարում:

Ինչպես բացատրում է Քելլի Դեգնանը, նրանց աշխատանքը կօգնի զարգացնել Covid-19-ի ախտորոշիչ թեստավորման հնարավորությունները Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կենտրոնում:

Դեսպան Դեգնանը նաև հիշեցրել է այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն օգնում Վրաստանին հաղթահարել կորոնավիրուսի շարունակական համաշխարհային համաճարակը:

Նա ընդգծել է, որ ամերիկացիները հատկացրել են ավելի քան 140 միլիոն դոլար՝ Վրաստանում «աշխատունակ, կայուն, պրոֆեսիոնալ, ազգային առողջապահական համակարգ» ստեղծելու համար: Նա նաև կարևորել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Վրաստանին 1,1 մլն դոլար հավելյալ օգնության մասին հայտարարությունը:

«Այս օգնությունը մանրակրկիտ նախագծված է` լրացնելու այն կարևոր աշխատանքը, որը կատարվում են Վրաստանի կառավարության և Վրաստանի քաղաքացիների, բուժաշխատողների և այլ դոնորների կողմից», – հայտարարել է Քելլի Դեգնանը: