Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Աֆղանստանում գտնվող Վրաստանի 16 քաղաքացիները կվերադառնան հայրենիք այսօր:
Ինչպես «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել են գերատեսչությունից, Վրաստանի քաղաքացիները նախ Բրիտանիայի տրամադրած չվերթով կմեկնեն Դուբայ, ապա՝ կվերադառնան Վրաստան:
«Աֆղանստանում մնացել է 16 վրացի: Նրանք այսօր առավոտյան անվտանգ տեղափոխվել են օդանավակայան՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Նրանք կնստեն ինքնաթիռ: Դեպի Դուբայ չվերթն ապահովում են բրիտանացիները: Նրանք թռչելու են Դուբայ և, ենթադրաբար, օրվա ընթացքում կժամանեն Վրաստան», – հայտնել են ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում գտնվում էր Վրաստանի 22 քաղաքացի: Նրանցից վեցը կարողացել են հայրենիք վերադառնալ օրեր առաջ: