Մարտի 26-ին, կեսօրից հետո, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են արձակվել: Արդյունքում ոչ ոք չի տուժել: Ինչպես պարզվել է, կրակել են ինչպես «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, այնպես էլ «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Երկուսն էլ պնդում են, որ արձակել են նախազգուշացնող կրակոց՝ դեպի օդ, հանգստացնելու համար վիճող մարդկանց: Ականատեսներն այլ բան են ասում…
Մարտի 26-ի խմբակային ծեծկռտուքի փաստի առթիվ Ազատություն-Ջավախիշվիլի խաչմերուկում՝ Հենզել Մկոյանի տան և Սամվել Պետրոսյանի հյուրանոցա-ռեստորանային համալիրի մոտ, հետաքննություն է սկսվել միանգամից երկու հոդվածով: Հետաքննության մանրամասների մասին ծանոթացեք՝ Կրակոցներ Ախալքալաքում. Հետաքննություն է ընթանում «բռնություն» և «անօրինական զենքի կրում» հոդվածներով վետառությամբ նյութից:
Սամվել Պետրոսյանը երեկվա միջադեպի վերաբերյալ չցանկացավ մեկնաբանություն անել, որպեսզի չխանգարի հետաքննությանը:
«Ես չեմ մեկնաբանի այն, ինչ տեղի է ունենում, քրեական գործ է հարուցվել, այն ընթացքի մեջ է, որպեսզի գործընթացը օբյեկտիվորեն ընթանա, ես չեմ կարող մանրամասնորեն մեկնաբանել: Ճիշտ կլինի, եթե մենք սպասենք հետաքննության ավարտին, և եթե դա ձեզ համար հետագայում հետաքրքիր լինի, ապա կմեկնաբանեմ»:
Այն հարցին, սակայն, թե ի վերջո ինչից է սկսվել կոնֆլիկտը, նա ասաց հետևյալը.
«Տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են, այնտեղ երևում է, թե քանի անգամ է կրակել Հենզելը, քանի անգամ եմ կրակել ես, ինձնից առաջ ով է կրակոց արձակել, տեսագրությունում ամեն ինչ կա: Դեպքը տեղի է ունեցել ոչ թե Հենզելի տան մոտ, այլ մեր սրճարանի մոտակայքում, նույնիսկ սրճարանի բակում: Հենզելի որդին, նրա եղբոր որդին՝ 3-4 հոգի, եկել էին եղբայրաբար, կուլտուրական ձևով՝ որդուս հետ խոսելու, խոսել են առանց կոնֆլիկտի, ուզում էին կարգավորել հարաբերությունները: Այդ պահին եկել է եղբայրը՝ 5-6 մեքենայով լի մարդկանցով, նրանք դուրս են եկել և հայհոյանքներով հարձակվել Գևորի վրա (Խմբ՝ Պետրոսյանի որդին): Ամեն ինչ հենց այդպես էլ սկսվել է», – ասում է Սամվել Պետրոսյանը:
Հարցին, թե ով է կրակել, նա պատասխանեց.
«Ես կրակ եմ արձակել՝ դեպի օդ, ես չգիտեմ, թե ով է առաջինը կրակել, հենց այդ կրակոցից էլ ամեն ինչ սկսվեց, տեսագրություններում ամեն ինչ երևում է: Ես եկել եմ վերջում և կրակել դեպի օդ, որպեսզի նրանք հեռանային իմ որդուց, որովհետև ասում էին՝ սպանեք Պետրոսյանին և նրա որդուն», – ասում է Սամվել Պետրոսյանը:
Երեկվանից Հենզել Մկոյանը չի պատասխանում Jnews-ի հեռախոսազանգերին: TV9-ին տված հարցազրույցում թեև, նա ասել է՝ «ստիպված եմ եղել կրակել դեպի օդ՝ իրավիճակը հանդարտեցնելու համար», և որ «կադրերում երևում է, որ կրակում են իմ ուղղությամբ»:
Միջադեպի ժամանակ շատ մարդ է եղել: Ականատեսներից մեկն ասում է, որ չի տեսել, թե ով ինչ ուղղությամբ է կրակել, բայց նա նկատել է ատրճանակներ ինչպես Պետրոսյանի, այնպես էլ Մկոյանի ձեռքերում: Մեկ այլ ականատես պնդում է, որ վիճաբանող կողմերը միմյանցից հեռու են եղել, ոմանք՝ խաչմերուկի մի կողմում, ոմանք էլ՝ հակառակ:
Այն մարդը, ով տեսել է դեպքի վայրի տեսագրությունները, պատմում է, որ այն պահին, երբ հնչել են կրակոցները, ամեն ինչ խառնվել է, բայց տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են կրակոց արձակում Հենզել Մկոյանի ուղղությամբ, և նա գնում է կրակն արձակող Սամվել Պետրոսյանին ընդառաջ: Մինչ կրակոցների սկսվելը՝ Պետրոսյանի որդու և Մկոյանների ընտանիքի անդամների ու բարեկամների միջև ընդհարումը գրեթե հարթվել էր:
«Պետրոսյանի վրա 4-5 կրակոցից հետո վրիպում է, և այդ ժամանակ Մկոյանը մի քանի անգամ կրակում է դեպի օդ»:
Տեսագրությունները, ամենայն հավանականությամբ, տրամադրվել են հետաքննությանը, և վերականգնելն այն ինչ եղել է, պիտի որ այդքան էլ բարդ չլինի: Սպասենք հետաքննության արդյունքներին:
Հայտնի չեն վիճաբանության իրական պատճառները, չհաշված Մկոյանների և Պետրոսյանների ընտանիքների միջև տարիների վաղեմության տարաձայնությունները: 2016 թվականից էլ, երբ Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածքները միավորվեցին, և արդյունքում, Ջավախքից պիտի ներկայացվեր միայն մեկ մեծամասնական պատգամավոր, քաղաքական տարաձայնությունները սրվեցին: Իշխող «Վրացական երազանքը» որպես Ախալքալաքի և Նինոծմինդայի միակ մեծամասնական թեկնածու առաջադրեց Հենզել Մկոյանին, իսկ Սամվել Պետրոսյանը, որը (մինչև 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները) «Ազգային շարժման» պատգամավորն էր, Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո չստացավ իր որդու համար նախապես խոստացված մանդատը: