Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել այսպես կոչված ներդրումային հարթակի՝ TSQ Investment Group-ի («Հենրիի բուրգ») գործով։
Ինչպես Netgazeti-ին հայտնել են Քննչական ծառայությունից, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել Վրաստանի ազգային բանկի դիմումը։
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի երկրորդ մասով, որը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։
TSQ Investment Group-ը, որը վերջին շրջանում ակտիվորեն գովազդում էր իր գործունեությունը սոցիալական ցանցերի միջոցով, հաճախորդներին առաջարկում էր ներդրումներ կատարել կրիպտոակտիվների առևտրում և դրա արդյունքում ստանալ բարձր եկամուտ։ Սակայն օգոստոսի վերջին տեղեկություն տարածվեց, որ TSQ Investment Group-ի ներդրողները չեն կարողանում դուրս բերել իրենց ներդրած միջոցները։
Օգոստոսի վերջին Վրաստանի ազգային բանկը քաղաքացիներին նախազգուշացրեց ֆինանսական բուրգերի ակտիվացման մասին։ Նման սխեմայի հիմնական նպատակը կապիտալի իրական ներդրումը եկամտաբեր ակտիվներում չէ, այլ հնարավորինս մեծ թվով նոր մասնակիցների և նրանց միջոցների ներգրավումը։ Հենց նոր ներդրողների միջոցների հաշվին են ձևավորվում հին մասնակիցներին կատարվող վճարումները, որոնք ներկայացվում են որպես առևտրային գործունեությունից ստացված շահույթ (տվյալ դեպքում՝ կրիպտոակտիվների հետ իրականացվող գործարքներից)։
Սկզբնական փուլում, քանի դեռ մարդկանց ակտիվ ներհոսք կա, մասնակիցներն իսկապես կարող են որոշակի գումարներ ստանալ։ Սակայն անխուսափելիորեն գալիս է պահը, երբ նոր մասնակիցների և ֆինանսավորման ներհոսքը դադարում է․ ընկերությունն այլևս չի կարողանում կատարել իր պարտավորությունները, և սխեման փլուզվում է։
Նման իրավիճակներում ներդրողներին հրաժարվում են տրամադրել իրենց միջոցները՝ պատճառաբանելով հորինված «տեխնիկական խնդիրները», իսկ հաճախ պահանջում են նաև լրացուցիչ ավանդ կատարել՝ իբր միջոցներն ապաշրջափակելու և ակտիվները վերադարձնելու համար։



