նորություններ 2 Սեպտեմբերի, 2026 • Տարաձայնության պատճառ դարձած աղբարկղը

Ախալքալաքի նախկին 14-րդ զինվորական ավանի բնակիչների համար սովորական աղբամանների հարցը աստիճանաբար վերածվել է լուրջ խնդրի։ Այն, ինչը պետք է լինի թաղամասի բարեկարգման և բնականոն կյանքի տարրական բաղադրիչ, դարձել է հարևանների միջև տարաձայնությունների պատճառ և բնակիչների՝ Jnews-ի միջոցով տեղական իշխանություններին դիմելու առիթ։

Ախալքալաքի նախկին 14-րդ զինվորական ավանի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ միմյանց հետ «պատերազմում են»։ Պատճառը սովորական աղբամանն է։ Ինչպես Jnews-ին պատմում են բնակիչները, մի օր առավոտյան նրանք չեն հայտնաբերել աղբամանն այն վայրում, որտեղ այն տարիներ շարունակ տեղադրված էր։

«Այս աղբամանը մի քանի օր շարունակ մի տեղից մյուսն էր տեղափոխվում։ Սկզբում, իբր, այն տարել էին ռեստորանի կողմը, որտեղ շատ թափառող շներ կան։ Մեր բողոքներից հետո այն կրկին տեղափոխեցին նախկին տեղը, սակայն նույն հարևանը, ով նախաձեռնել էր աղբամանի տեղափոխումը, ինքնուրույն այն կրկին տեղափոխեց մեկ այլ վայր։ Այնտեղ արդեն մյուս հարևանները սկսեցին բողոքել, և խեղճ աղբամանը կրկին տեղափոխեցին իր նախկին տեղը։

Բայց այդ հարևանը չհանգստացավ։ Նա պայմանավորվեց աղբահանությամբ զբաղվող կազմակերպության հետ, և նրանք եկան աղբամանը տանելու։ Աղբամանի տեղափոխմանը դեմ բնակիչների համբերությունն արդեն սպառվել է։

Ինչո՞ւ մեկ մարդ կարող է որոշել՝ աղբամանը պետք է լինի՞ դրա համար նախատեսված վայրում՝ պետական ճանապարհի, պետական տարածքի վրա, թե՞ ոչ։ Ինչո՞ւ հաշվի չի առնվում տվյալ հատվածի բնակիչների մեծամասնության բողոքը։ Սա ի՞նչ ինքնագործություն է», — դժգոհում են բնակիչները Jnews-ին։

Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ Սպասարկման կենտրոնի աշխատանքից գոհ են․ աղբն ամեն օր տեղափոխվում է, սակայն մի աղբամանն իրենց բավարար չէ։

Բնակիչների խոսքերով՝ իրենք արդեն ավելի քան մեկ տարի սպասում են լրացուցիչ աղբամանների տեղադրմանը, մինչդեռ այժմ որոշվել է տարածքն ընդհանրապես թողնել առանց աղբամանի։ Բնակիչները կարծում են, որ փոխանակ իրենք վիճեն այն հարցի շուրջ, թե աղբամանը որտեղ պետք է տեղադրվի, համայնքապետարանը պետք է գնահատի ավանի իրական կարիքները և որոշի, թե որքան աղբաման է անհրաժեշտ աղբահանության համակարգի բնականոն աշխատանքի համար։

Առավել ևս, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի համար նոր աղբամանների ձեռքբերման հարցն արդեն ներառված է մունիցիպալ օրակարգում։ 2026 թվականի օգոստոսին Սակրեբուլոյի հանձնաժողովների նիստում քննարկվել են բյուջետային փոփոխություններ, որոնցով, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում էր միջոցներ հատկացնել աղբամանների ձեռքբերման և Սպասարկման կենտրոնի լրացուցիչ ծախսերի համար։

Ավելի վաղ՝ 2025 թվականին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը Սպասարկման կենտրոնի համար 117 մետաղական աղբաման ձեռք բերելու նպատակով հատկացրել էր 167 778 լարի։

Հետևաբար, բնակիչների մոտ առաջանում է միանգամայն կոնկրետ հարց․ ի՞նչ չափանիշներով են բաշխվում նոր աղբամանները, և ինչո՞ւ նախկին 14-րդ զինվորական ավանը մինչ օրս անհրաժեշտ քանակությամբ աղբամաններով ապահովված չէ։

Ինչպես նշված է Jnews-ին ուղարկված դիմումում, խոսքը միայն մեկ աղբամանի կամ առանձին բնակիչների միջև տարաձայնությունների մասին չէ։ Հարցն ավելի լայն է․ ո՞վ է որոշում համայնքային աղբամանների տեղադրման վայրը, ո՞վ է պատասխանատու դրանց պահպանության և բավարար քանակի ապահովման համար, և արդյո՞ք առանձին քաղաքացին կարող է ինքնուրույն փոխել դրանց տեղադրման սահմանված կարգը։

Բնակիչների խոսքերով՝ «14-րդ զինվորական ավանի» տարածքում մունիցիպալ աղբամանները տասնամյակներ շարունակ տեղադրվել են նույն վայրում։ Բնակիչների ունեցած տեղեկությունների համաձայն՝ այդ տարածքը կենցաղային աղբի հավաքման համար օգտագործվել է ավելի քան 50 տարի։

Վրաստանի «Թափոնների կառավարման օրենսգրքի» 16-րդ հոդվածի համաձայն՝ մունիցիպալիտետը պետք է ապահովի մունիցիպալ թափոնների հավաքումը, դրանց հավաքման համակարգի ներդրումն ու պատշաճ գործունեությունը։ Օրենսգիրքը նաև նախատեսում է, որ մունիցիպալիտետներն իրավունք ունեն ստեղծելու, ներդնելու և կառավարելու մունիցիպալ թափոնների կառավարման միասնական համակարգ։

Սա նշանակում է, որ աղբամանների տեղադրման հարցը չպետք է լուծվի բացառապես առանձին բնակիչների անձնական նախասիրությունների մակարդակով։ Եթե անհրաժեշտ է փոխել աղբամանի տեղադրման վայրը, այդ փոփոխությունը պետք է իրականացվի համայնքի կողմից սահմանված կարգի շրջանակում՝ հաշվի առնելով բնակիչների շահերը, սանիտարական պահանջները, աղբահանության հարմարավետությունն ու համապատասխան ծառայության աշխատանքը։

Բնակիչներն ընդգծում են, որ մունիցիպալիտետին իրենց դիմումը չպետք է ընկալվի որպես կոնկրետ անձի հետ անձնական հակամարտություն։ Նրանց պահանջներն ավելի լայն են։ Նրանք ցանկանում են, որ համայնքապետարանը պաշտոնապես որոշի աղբամանների տեղադրման վայրը, բնակիչներին տեղեկացնի, թե ինչ հիմքով է այն ընտրվել, և պարզաբանի, թե ով իրավունք ունի որոշում կայացնել մունիցիպալ գույքի տեղափոխման վերաբերյալ։

Եթե պարզվի, որ աղբամանի ինքնուրույն տեղափոխումն անթույլատրելի է, բնակիչներն ակնկալում են անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Միաժամանակ նրանք խնդրում են փոխարինել վատ վիճակում գտնվող աղբամանը և քննարկել լրացուցիչ աղբամանների տեղադրման հնարավորությունը։

Ախալքալաքի նախկին 14-րդ զինվորական ավանում ստեղծված իրավիճակը նման առաջին և, հավանաբար, վերջին դեպքը չէ։ Վերջերս նույն խնդրին բախվել էին նաև Աղմաշենեբելի փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչները, որտեղ աղբը նույնպես հավաքվում էր բակերից մեկի տարածքում, և որևէ մեկը չէր թույլատրում աղբամանների տեղադրումը որոշակի վայրում։

«Մենք, իհարկե, ունենք Սակրեբուլոյի որոշումը, թե որտեղ պետք է տեղադրվեն աղբամանները, և դրանք տեղադրված են հենց այն վայրերում, որոնք որոշվել են։ Բնակչությունն իրավունք չունի աղբամանները տեղափոխելու, սակայն ես չեմ ցանկանում դիմել ոստիկանություն, որպեսզի նրանց տուգանեն կամ նախազգուշացում տան։ Քանի որ սա Ախալքալաքն է, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, չենք ցանկանում որևէ մեկին վիրավորել։

Այս մի քանի օրվա ընթացքում մենք կստանանք 120 աղբաման, և այս աղբամանի կողքին ևս մեկը կտեղադրենք, ու ամեն ինչ կարգին կլինի։ Եվս մեկը նախատեսում ենք տեղադրել փողոցով 3-4 մետր վերև, և դրանից հետո այլևս խնդիրներ չեն լինի», — իրավիճակը մեկնաբանել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։

Այս «աղբային պատերազմը» մի պարզ բան է ցույց տալիս․ հստակ կանոնների բացակայությունը կամ դրանց չպահպանումը կարող է բարեկարգման սովորական հարցը շատ արագ վերածել հարևանների միջև հակամարտության։ Սակայն նման հակամարտությունները չպետք է լուծեն հենց բնակիչները։ Եթե խոսքը համայնքային աղբամանների և մունիցիպալ աղբահանության համակարգի մասին է, անհրաժեշտ են հստակ կանոններ, պատասխանատու ծառայություն և մունիցիպալիտետի պաշտոնական դիրքորոշում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝