Հիվանդանոցն ու Քաղաքապետարանն համատեղ աշխատանքներ են իրականացնում, սակայն դիալիզի կենտրոնի բացման կոնկրետ ժամանակ չի նշվում: Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթը 3 անգամ տանջանքների գնով Ախալքալաքից և Նինոծմինդայից գնում են Ախալցիխե դիալիզ ստանալու, որովհետև Ախալքալաքում դիալիզի կենտրոն չկա:

Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը նշում է՝ դիալիզի կենտրոնի բացակայության հարցն այսօր շրջանի հրատապ և առաջին կարևորության խնդիր է:

«Իր կարևորությամբ համար առաջինն է շրջանում: Հիվանդների լուրջ քանակ ունենք, ցավով եմ նշում, որ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց ապրելակերպն առանց ապարատի անհնար է: Դիալեզի կենտրոնի բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լքել իրենց տունը, տեղը, հարազատներին և այլ քաղաքաներում՝ Ախալցիխե, Բորժոմի, Գյումրի, Երևան, Թբիլիսի շաբաթական 3-4 անգամ դիալիզ ստանալ»,- ասում է Թորոյանը:

Սարքից կախված, ճանապարհներով բարդացված կյանքը

Հեմոդիալիզի հիվանդների կրկնակի տանջանքը

Համաձայնություն չկա՝ հեմոդիալիզի կենտրոն Ախալքալաքում չի բացվում

Ախալքալաքում հեմոդիալիզի կարիք ունեցողները դեռ պետք է սպասեն

Վերջինս արդեն 4-րդ տարին է, ինչ զբաղվում եմ այս խնդրով, սակայն մինչ օրս որևէ շոշափելի արդյունքի չի հասել:

«Նախանցյալ տարի մենք վերջնական պայմանավորվածության եկանք, որ մեր այսօրվա հիվանդանոցի տնօրինությունը պատրաստ է ամեն ինչով աջակցելու: «Էվեքս» կորպորացիան պատրաստ է տրամադրելու սարքավորումները: Շենքային հարցի համար Քաղաքապետարանի հետ պայմանավորվածության եկանք, որովհետև կար խոսակցություն, որ պետք է շտապօգնության նոր մասնաշենք կառուցվեր և իրենք հողատարածք էին փնտրում: Ընդհանուր հայտարարի եկանք, որ մեր հիվանդանոցը տարածք է տրամադրում նոր շենքի համար, իսկ հին շենքը վերակառւոցում որպես դիալիզի կենտրոն»,- ասաց Ալեքսան Թորոյանը:

Ըստ պայմանավորվածության շտապօգնության նոր շենքի կառուցումը պետք է նախանցյալ տարի սկսվեր և ավարտին հասցվեր 7-8 ամիս անց:

Հիվանդանոցի մենեջերը նշում է, դժվարությամբ են եկել նման համաձայնության: Բավականին երկար ժամանակ ու միջոցներ են պահանջվել մինչև հիվանդանոցին պատկանող հողատարածքը գրավից հանել են, որպեսզի տրամադրեն շտապօգնության շենքին, սակայն պետությունը հրաժարվել է շտապօգնության հին շենքը տրամադրել դիալիզի կենտրոն բացելու:

«Ցավոք սրտի, այդ բոլոր գործողությունները շատ մեծ դժվարությամբ կատարեցինք: Այդ հողատարածքը հատկացրինք, որը գրավի էր դրված, հետո թե վերջում ինչ եղավ, պետությունը հրաժարվեց այդ շենքը մեզ տալ: Փաստորեն երկու տարի սպասեցինք, որ ամեն ինչ նորմալ է, սակայն վերջին պահին իրենք խախտեցին այդ պայմանավորվածությունը: Հիմա էլ մեր ուժի մեջ է և ջանք չենք խնայելու, որպեսզի դիալիզի ծառայությունը կարողանանք վերջապես բացել»,- նշում է հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում մոտ 40 հիվանդի դիմում կա, ովքեր Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանից դիալիզ են ստանում ինչպես Վրաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Jnews-ի հետ զրույցում Թորոյանը վստահեցրեց բանակցությունները կրկին վերսկսվել են և տեղական իշխանություններն ըմբռնումով են մոտենում այս հարցին:

«Քաղաքապետարանի հետ եկանք ընդհանուր հայտարարի, որ իրենք պատրաստ են մեր հիվանդանոցում նկուղային հարկի մոտավոր 300 քառակուսի մետր տարածքը վերանորոգել համապատասխան միջազգային չափանիշներին: Իսկ մենք պարտավորվում ենք տեղակայել սարքավորումներն ու համապատասխան մասնագետների ներգրավել»,- ասաց նա:

Առաջիկայում մասնագետները կայցելեն և տեղում կուսումնասիրեն հինվանդանոցի նկուղային հարկի տարածքը, որից հետո որոշում կկայացվի, որ հատվածը և ինչքան տարածք է զբաղեցնելու դիալիզի կենտրոնը և ամենայն հավանականությամբ կսկսվի վերակառուցման աշխատանքերը: Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկը այս պահի դրությամբ օգտագործվում է որպես լվացքանտուն, ինչպես նաև բժշկական սարքավորումների ստերիլիզացման համար:

«Ես մի քանի օր առաջ Թբիլիսիում է հատուկ այդ հարցով, այդ պայմանն ուժի մեջ է, հիմա սպասելու ենք գլխավոր նևրոլոգին, որը տնօրինում է և զբաղվում է դիալիզի հարցով: Նրա հետ ենք համաձայնեցնում դիալիզի բոլոր ծառայությունները: Ինքը արձակուրդի մեջ է, մոտ մի տաս օրից կգա Ախալքալաք և տեղում կոնկրետ կնայենք, այնուհետև ստանդարտները կներկայացնենք քաղաքապետարան», – ասում է Թորոյանը:

Միաժամանակ հավելում է՝ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա, մինչև տարեվերջ կենտրոն կունենաք: Հենց տարածքի խնդիրը լուծում ստանա, հիվանդանոցն իր հաշվին բժիշկ կգործուղի վերապատրաստման, որպեսզի տեղում մասնագետ բժիշկներ աշխատեն:

Դեռ չբացված դիալիզի կենտրոնն այսօրվա դրությամբ 9 ապարատ ունի, որից 3 ռեզերվ է:

Դիալիզը փոխարինում է երիկամների աշխատանքը: Դիալիզ ստանում են, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը, և երակին միացված սարքը երիկամի փոխարեն արյունը մաքրում է թունավոր նյութերից:

Աղունիկ Այվազյան