նորություններ 14 Օգոստոսի, 2026 • Վրաստանում ո՞ր դեղամիջոցներն են արգելված ներմուծման և արտահանման համար

Վրաստանում թույլատրվում է անձնական օգտագործման նպատակով դեղամիջոցների ներմուծումն ու արտահանումը, սակայն կան դեղեր, որոնց նկատմամբ այս կանոնները չեն տարածվում։ Օրենսդրությունը հստակ տարբերակում է սովորական և հատուկ վերահսկողության ենթակա դեղամիջոցները։ Որոշ դեպքերում քաղաքացին կարող է առանց որևէ փաստաթղթի տեղափոխել մինչև 10 տուփ, մինչդեռ կան դեղամիջոցներ, որոնց տեղափոխումն առանց բժշկի տեղեկանքի և դեղատոմսի արգելվում է։

Վրաստանում գործող կանոնների համաձայն՝ ֆիզիկական անձն իրավունք ունի անձնական օգտագործման նպատակով երկիր ներմուծել կամ երկրից արտահանել հատուկ վերահսկողության չենթարկվող դեղամիջոցի առավելագույնը 10 ստանդարտ տուփ։ Այս դեպքում բժշկական փաստաթղթեր ներկայացնել չի պահանջվում։

Եթե դեղամիջոցի քանակը գերազանցում է 10 տուփը, քաղաքացին պետք է հաստատի, որ այն նախատեսված է անձնական բուժման համար։ Դրա համար անհրաժեշտ է բժշկի կողմից տրված փաստաթուղթ, որում նշված են պացիենտի տվյալները, ախտորոշումը, դեղամիջոցի անվանումը, ազդող նյութը, դեղաչափը, քանակը և բուժման տևողությունը։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ թմրամիջոցներ, հոգեմետ կամ նմանատիպ նյութեր պարունակող՝ հատուկ վերահսկողության ենթակա դեղամիջոցների նկատմամբ գործում են առանձին կանոններ։ Այդ դեպքերում անձնական օգտագործման նպատակով թույլատրվում է ներմուծել կամ արտահանել միայն այն քանակը, որն անհրաժեշտ է բուժման 31-օրյա կուրսի համար։

Բացի այդ, քաղաքացին սահմանին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

· մաքսային հայտարարագիր,

· բժշկի դեղատոմս,

· բժշկի կողմից տրված տեղեկանք, որը հաստատում է դեղամիջոցի օգտագործման անհրաժեշտությունը։

Օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերը, որպես կանոն, պետք է կազմված լինեն անգլերենով կամ ուղեկցվեն համապատասխան թարգմանությամբ։

Մաքսային ծառայությունը ստուգում է՝ արդյոք դեղամիջոցի քանակը համապատասխանում է դեղատոմսին, ինչպես նաև ճիշտ են նշված ազդող նյութը, դեղաչափը և բուժման տևողությունը։

Կարևոր է նաև, որ սահմանափակումը կախված է ոչ միայն դեղամիջոցի անվանումից։ Որոշիչ նշանակություն ունեն դրա մեջ պարունակվող ազդող նյութը, դեղաչափը, դեղաձևը և այն, թե արդյոք տվյալ նյութը ներառված է հատուկ վերահսկողության ենթակա նյութերի ցանկում։

Ազդող նյութերը, որոնք Վրաստանի հատուկ վերահսկողության ցանկում տարբեր ձևերով ներառված լինելու պատճառով կարող են խնդիր առաջացնել․

· մորֆին,

· ֆենտանիլ,

· օքսիկոդոն,

· կոդեինի որոշ ձևեր,

· տրամադոլի որոշ ձևեր,

· դիազեպամ,

· լորազեպամ,

· ալպրազոլամ,

· կլոնազեպամ,

· զոլպիդեմ,

· մեթիլֆենիդատ,

· պրեգաբալին (Լիրիկա),

· բուպրենորֆին,

· մեթադոն և այլ նյութեր։

Սակայն այս կանոնը չի տարածվում բոլոր դեղամիջոցների վրա։ Կարևոր է հաշվի առնել՝

· ազդող նյութը,

· դեղաչափը,

· դեղաձևը (դեղահատ, ամպուլա և այլն),

· և այն, թե որ ցանկում է այն ներառված։

Օրենսդրությունը նաև նախատեսում է դեպքեր, երբ որոշ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ներմուծումը Վրաստան ամբողջությամբ արգելվում է՝ նույնիսկ բժշկի դեղատոմսի առկայության դեպքում։

Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ուղևորներին սահմանը հատելուց առաջ ստուգել՝ արդյոք իրենց օգտագործած դեղամիջոցները ենթակա են հատուկ վերահսկողության, և անհրաժեշտության դեպքում իրենց հետ ունենալ համապատասխան բժշկական փաստաթղթեր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝