Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթը 3 անգամ տանջանքների գնով Ախալքալաքից և Նինոծմինդայից գնում են Ախալցիխե դիալիզ ստանալու համար, որովհետև Ախալքալաքում դիալիզի կենտրոն չկա:

Արդեն 11 տարի է՝ Հակոբ Չոփուրյանը Նինոծմինդայից գնում է Թբիլիսի, Բորժոմի, Ախալցիխե և այլուր՝ դիալիզ ստանալու: Որպեսզի ճիշտ ժամին հիվանդանոցում լինի, Նինոծմինդայի շրջանի հեռավոր Դիլիֆ գյուղում ապրող Հակոբին որդին մեքենայով հասցնում է Ախալքալաք: Հենց Ախալքալաքում են հավաքվում երկու շրջանների դիալիզ ստացող մարդիկ, այստեղից հատուկ նրանց համար նախատեսված տրանսպորտը տեղափոխում է Ախալցիխե դիալիզի կենտրոն:

Paruyr

Այդպես երեք տարի, շաբաթը երեք անգամ Հակոբ Չոփուրյանը 100 կիլոմետր կտրում է ու Դիլիֆից հասնում Ախալցիխե: Հակոբը պատմում է, որ 4 ժամ դիալիզից հետո իրեն շատ վատ է զգում. մի քանի ժամ սրտխառնոց, թուլություն է ունենում և ի վիճակի չի լինում միանգամից ճանապարհ ընկնելու, բայց ստիպված է նույն օրը վերադառնալ:

Հակոբը միակը չէ, ութ հոգի Նինոծմինդայից և 11-ն Ախալքալաքից դիալիզի են ենթարկվում: Նրանք էլ օրումեջ գումարներ ծախսելով՝ հասնում են Ախալցիխե. չգնալ չեն կարող, կյանքի հարց է: Դիալիզը փոխարինում է երիկամների աշխատանքը: Դիալիզ ստանում են, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը, և երակին միացված սարքը երիկամի փոխարեն արյունը մաքրում է թունավոր նյութերից:

Հակոբը դիալիզ է ստանում սկսած 2008 թվականից, հիվանդությունն ախտորոշել են Երևանում: Վերջինս ստիպված է եղել բուժումը շարունակել Վրաստանում, քանի որ Հայաստանում բուժումը վճարովի է և կրկնակի թանկ:

«Եկա Թբիլիսի, ստուգեցին ու առաջարկեցին տարբեր վայրեր, որտեղ կարող եմ դիալիզ ընդունել, ամենամոտը Բորժոմին էր: 2008 թվականից այնտեղ եմ մնացել վարձով կնոջս հետ, 8 տարի մնացել եմ, սկզբնական շրջանում ամեն օր էին միացնում, հետո շաբաթական երեք անգամ էի ընդունում»,- պատմում է Հակոբը:

Dilif

Ինը տարի Հակոբ Չոփուրյանն վարձով է ապրել Բորժոմիում, սակայն հետո կնոջ հիվանդության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Դիլիֆ գյուղ: Նա պատմում է, որ ֆինանսական դժվարություններ ունեն, հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Որդին Պարույրը չի կարող հիվանդ ծնողներին թողնել միայնակ և գնալ արտագնա աշխատանքի, իսկ տեղում՝ անասնապահությամբ ու հողագործությամբ դժվարությամբ են կարողանում գոյատևել:

«2 տարի 4 ամիս շաբաթը երեք անգամ գնացինք եկանք Բորժոմի, մեքենայիս մեջ առաջին օգնություն ցուցաբերելու համար դեղորայք, ամեն ինչ ունեի, հայրս հենց վատանում էր անմիջապես օգնություն էի ցուցաբերում: Հիմա համեմատարբար հեշտ է, որվհետև Ախալցիխեում էլ կենտրոն բացվեց: Ըստ օրենքի դիալիզ ընդունողը 7-10 կիլոմետրից ավելի չպետք է գնա: Ես արդեն բժիշկ եմ դարձել: Եթե դուք տեսնեք, թե ինչ վիճակով են քաղաք հասնում հիվանդները՝ կվատանաք: Գոնե Ախալքալաքում բացվեր, մարդիկ այսքան չտանջվեին», – ասում է Հակոբի որդին՝ Պարույրը:

Հակոբ Չոփուրյանը 2008 թվականից մինչև 2017 թվականը Նինոծմինդայի քաղաքապետարանից միամյա օգնություն է ստացել 100 լարիի չափով: Ընդամենը երկու տարի է, որ Քաղաքապետարանը տարեկան 1000-ական լրի է տրամադրում դիալիզ ընդունող մարդկանց:

Լենա և Սերոժ Շահբազյաններն ապրում են Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղում: Նրանք գոյատևում են կենսաթոշակի հաշվին, ինչը քիչ է նույնիսկ ճանապարհածախսի համար:

lena tatik

«Ծեր մարդիկ ենք, հազիվ ենք ապրում, պատկերացրեք դիալիզի ենթարկվող հիվանդը պետք է դիետիկ սննդակարգ ունենա, որը նույնպես ծախսերի հետ է կապված: Ամեն անգամ 40 լարի միայն Ախալքալաք հասնելու ու հետ գալու համար ենք ծախսում, հեշտ չէ, օգնող չունենք, ծեր մարդիկ ենք»,- պատմում է 80 տարեկան Սեռոժ Շահբազյանը, ով 3 տարի է դիալիզի է ենթարկվում:

Սեռոժ պապն ասում է՝ դիալիզ ստացող հիվանդի առողջությունը չի ներում, որպեսզի ֆիզիկական աշխատանքով զբաղվի, ստիպված մեքենան է վաճառել, և ոչ միայն:

«Շատ ենք խնդրում, բողոքում, թող Ախալքալաքում կենտրոն բացեն: Ամեն մեկը մի խնդիր ունի, այդքան ճանապարհը ոլորաններով գնում դիալիզ ընդունում ու հետ ենք գալիս: Գոնե քաղաքը լինի այդքան չազդե մարդկանց վրա: Ասում են նույնիսկ ապարատ կա Ախալքալաքում, ոչ ոք տիրություն չի անում: Մարդիկ մահանում են ճանապարհներին, բայց ուշադրություն դարձնող չկա», – ասում է Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղից Սերոժ Շահբազյանը:

Երիկամային հիվանդություն ունեցող այս մարդկանց առանց այն էլ լուրջ խնդիրը երկար ճանապարհի ու ծախսերի պատճառով էլ ավելի է բարդանում:

Գրեթե ամեն տարի դիալիզ ստացող Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանի բնակիչները բարձրացնում են այս խնդիրը, սակայն մարդկանց կյանքը փրկող սարքավորումը ձեռք բերելու ուղղությամբ գործադրվող քայլերը բավական չեն:

Որոշ մարդիկ նույնիսկ մշտական բնակության են տեղափոխվել Երևան, Գերմանիա և այլուր:
Նրանք այդ քայլին են դիմել, որպեսզի ընտանիքի անդամը դիալիզը ստանալուց հետո, որը մի քանի ժամ տևողությամբ պրոցեդուրա է, կրկին տանջանքների չենթարկվի՝ Ախալքալաք, Նինոծմինդա կամ որևէ այլ գյուղ հասնելու համար:

Հեմոդիալիզի հիվանդների կրկնակի տանջանքը

Համաձայնություն չկա՝ հեմոդիալիզի կենտրոն Ախալքալաքում չի բացվում

Ախալքալաքում հեմոդիալիզի կարիք ունեցողները դեռ պետք է սպասեն

Jnews-ը պարբերաբար անդրադառնում է Ախալքալաքում դիալիզի կենտրոնի բացակայության կարևոր խնդրին: Հաջորդիվ կներկայացնենք պատկան մարմինների տեսակետներն այս խնդրի առնչությամբ:

Աղունիկ Այվազյան