Ախալքալաքում՝ ՀԱԿ-ի շենքի մոտ, բժշկական սկրինինգային ակցիա է անցկացվում, որի շրջանակում քաղաքի բնակիչները հնարավորություն ունեն անվճար անցնելու կանխարգելիչ հետազոտություններ և ստանալու մասնագետների խորհրդատվություն։
Ակցիան անցկացվում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող բժշկական սկրինինգի լայնածավալ ծրագրի շրջանակում՝ Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադրաբար տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի, ինչպես նաև տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցչի վարչակազմի աջակցությամբ։
Մեր կողմից հարցված հետազոտություններ անցած բնակիչները նշել են, որ նման ակցիաների անցկացումը շատ կարևոր և հարմար է տեղի բնակիչների համար, քանի որ ախտորոշման նպատակով նրանք ստիպված չեն լինում մեկնել խոշոր քաղաքներ և լրացուցիչ ծախսեր կատարել։
Ախալքալաքում հատուկ ուշադրություն է դարձվում այն հիվանդությունների կանխարգելմանը, որոնք վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է ժամանակին ախտորոշել և վերցնել բժշկական վերահսկողության տակ։ Ժամը 14։00-ի դրությամբ Ախալքալաքում ակցիայի շրջանակում մամոգրաֆիկ հետազոտություն է անցել 50 բնակիչ։ Բացի այդ, 20 մարդ ստացել է խորհրդատվություն և անցել գինեկոլոգիական հետազոտություն։
Բժշկական մասնագետները բնակիչներին ընդունում են անմիջապես տեղում։ Հետազոտություններն իրականացվում են անվճար՝ ժամանակակից ախտորոշման մեթոդների կիրառմամբ և որակավորված բժշկական անձնակազմի մասնակցությամբ։
Ընդհանուր ծրագրի շրջանակում տարածաշրջանի բնակիչները կարող են նաև անցնել կրծքագեղձի քաղցկեղի, արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային հիպերտենզիայի, շագանակագեղձի քաղցկեղի, կոլոռեկտալ քաղցկեղի, վիրուսային հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի սկրինինգ։
Կազմակերպիչներն ընդգծում են կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունների կարևորությունը։ Սկրինինգը հնարավորություն է տալիս մի շարք հիվանդություններ հայտնաբերել վաղ փուլերում, այդ թվում՝ մինչև արտահայտված ախտանշանների ի հայտ գալը, և անհրաժեշտության դեպքում մարդուն ժամանակին ուղղորդել հետագա հետազոտության կամ բուժման։
Նշենք, որ ակցիան անցկացվում է նաև տարածաշրջանի այլ քաղաքներում։ 21-ին այն անցկացվել է Ադիգենիում, 22-ին՝ Ախալցիխեում, իսկ 23-ին՝ Ախալքալաքում։ Ակցիան նախատեսված է նաև 24-ին Նինոծմինդայում և 25-ին՝ Բորժոմիում։


