Դատավարական համաձայնության արդյունքում ազատ են արձակվել Ախալքալաքի ագրարային շուկայի տնօրենն ու հսկիչը: Նրանց նկատմամբ կիրառվել է պայմանական ազատազրկում և 2000-ական լարի տուգանք:
Մերուժան Հովհաննիսյանն ու Արարատ Սահարյանը մեղադրվում էին՝ խմբային կաշառք վերցնելու համար և Ախալցիխեի շրջանային դատարանի որոշմամբ դատապարտվել էին 4 տարվա ազատազրկման:
Բողոքարկման արդյունքում նրանց նկատմամբ կիրառված պատիժը փոխվել է և մարտի 26-ից Ախալքալաքի ագրարային շուկայի տնօրեն Արարատ Սահարյանն ու շուկայի հսկիչ Մերուժան Հովհաննիսյանն ազատության մեջ են:
Ախալքալաքի ագրարային շուկայի հսկիչ Մերուժան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կողմերը դատավարական համաձայնության են եկել, որի արդյունքում իրենք ազատության մեջ են:
«Վերաքննիչ դատարանի դատավճիռը դեռ չենք ստացել, սակայն դատավարական համաձայնության ենք եկել դատախազության հետ, որի հիման վրա մեզ ազատ են արձակել, մեր 4 տարվա ազատազրկումը փոխարինել մեկ տարի են պայմանական ազատազրկումով: Այսինքն, եթե ես նույնիսկ մեկ օր նստած լինեի, միևնույն է ազատ կարձակեին»,- ասաց Մերուժան Հովհաննիսյանը:
Մերուժան Հովհաննիսյանի փաստաբանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իր պաշտպանյալը և Արարատ Սահարյանն ազատ են արձակվել Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն, վճարելով օրենքով նախատեսված գրավը՝ 2000-ական լարի: Մերուժան Հովհաննիսյանին մնացել է 45 օր պայմանական ազատազրկում, իսկ Արարատ Սահարյանին՝ 10 ամիս:
Նշենք, որ կաշառք վերցնելու մեղադրանքով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները 2018 թվականի մայիսի 21-ին ձերբակալել էին Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանին։ Իսկ Մերուժան Հովհաննիսյանը ձերբակալվել էր դրանից 5 օր առաջ, մայիսի 16-ին նույն մեղադրանքով: Վերջինս նախնական կալանքի վայրից հրապարակային կոչով դիմել էր երկրի նախագահին: Նա գտնում է, որ ինքը հանդիսանում է քաղբանտարկյալ: