Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղում մանկապարտեզի բացման սպասումը վերջին շրջանում դարձել է գյուղի բնակիչների կարևորագույն հարցերից մեկը։ Գյուղում նախադպրոցական կրթության համար նախատեսված շենքն արդեն անցել է վերանորոգման հիմնական փուլերը, սակայն հաստատության լիարժեք գործարկումը դեռևս կախված է կահավորման գործընթացից։
Մանկապարտեզի ներկայիս շենքը գյուղի բարերարների նախաձեռնությամբ ձեռք է բերվել որպես սեփականություն։ Բարերարները ոչ միայն գնել են շենքը, այլև իրենց միջոցներով իրականացրել են դրա հիմնանորոգումը՝ վերականգնելով պատերը, տանիքը, կառուցելով անհրաժեշտ միջնապատերը և տարածքը պատրաստելով մանկապարտեզի համար։ Ավարտված աշխատանքներից հետո շենքը հանձնվել է Ախալքալաքի մունիցիպալիտետին՝ հետագա կազմակերպչական և գործառնական աշխատանքները համայնքի կողմից իրականացնելու նպատակով։
2025 թվականին շենքում ավարտվել են նաև ներքին վերանորոգման աշխատանքները, որի համար տեղական բյուջեից հատկացվել էր 785 178 լարի։ Այսպիսով, մանկապարտեզի շենքը պատրաստ է, սակայն հաստատության լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է այն ապահովել համապատասխան կահույքով և ձևավորել աշխատակազմը։
Jnews-ը զրուցել է Կորխի բնակիչների հետ։ Գյուղացիների խոսքերով՝ մանկապարտեզի բացումը հատկապես կարևոր է այն ընտանիքների համար, որոնց փոքր երեխաները ստիպված են նախադպրոցական կրթություն ստանալու համար հաճախել հարևան գյուղերի նախակրթարաններ։
Բնակիչներն ասում են, որ գյուղում մանկապարտեզի գործունեությունը ոչ միայն երեխաների համար կապահովի կրթական և սոցիալական միջավայր, այլև կթեթևացնի ծնողների հոգսը։
«Ասում են՝ սեպտեմբերի 15-ին մանկապարտեզը աշխատելու է։ Անհամբեր սպասում ենք դրան, դա շատ կարևոր է մեր գյուղի համաար»,– ասաց Կորխ գյուղի բնակչուհի Անահիտ Մակարյանը։
Մանկապարտեզի պատրաստվածության և կահավորման ընթացքի մասին Jnews-ը զրուցել է Կորխ գյուղի մասնագետ Կառլիկ Ղանդիլյանի հետ։
«Մանկապարտեզն այս պահին կիսով չափ է կահավորված, դեռ հստակ ինֆորմացիա չունեմ, թե երբ կբացվի։ Ես էլ ունեմ թոռնիկ, որ մանկապարտեզ պիտի գնա այս տարի։ Դեռ չգիտեմ՝ Խուլգումո գյուղում գրանցենք, թե սպասենք, որ մեր գյուղի մանկապարտեզը կսկսի աշխատել»,– ասաց Կառլիկ Ղանդիլյանը։
Նրա խոսքով մանկապարտեզի բացումը կախված է վերջնական կահավորման ավարտի, ինչպես նաև աշխատակազմի ձևավորման հետ։ Քանի դեռ այս հարցերը վերջնականապես լուծված չեն, ծնողները դժվարանում են որոշել՝ որտեղ գրանցել իրենց երեխաներին։
Կորխի մանկապարտեզի բացման ժամկետների և կահավորման վերաբերյալ Jnews-ը զրույցել է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի հետ։
«Թեթև կահավորում ստացել ենք։ Դժվար է ասել՝ ամբողջական կահույքը մինչև սեպտեմբերի 15-ը կստանանք, թե ոչ։ Եթե ստացանք, հոկտեմբերի 1-ով մանկապարտեզը կսկսի իր աշխատանքները»,– նշեց նա։
Այսպիսով, սեպտեմբերի 15-ը, որը գյուղացիները սպասում են որպես մանկապարտեզի հնարավոր բացման օր։ Մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքով՝ հաստատության աշխատանքի մեկնարկը կախված է անհրաժեշտ կահույքի ամբողջական ստացումից, սակայն մանկապարտեզի բացման համար անհրաժեշտ է ոչ միայն տարածքի և գույքի պատրաստվածությունը, այլև համապատասխան աշխատակազմի ձևավորումը։
Այն հարցին, թե՞ արդեն ձևավորվել է Կորխի մանկապարտեզի աշխատակազմը, Անահիտ Ասատուրյանը նշեց, որ աշխատանքի ընդունման գործընթացը դեռ պետք է սկսվի։
«Վաղվանից արդեն կընդունենք աշխատանքի ընդունման դիմումները»,– ասաց նա։
Jnews-ը հետևողական կլինի և որևէ նորության դեպքում կրկին կանդրադառնա այս թեմային։




