Ախալքալաքի շուկայի ավագ հսկիչ Մերուժան Հովհաննիսյանը, ով նախնական կալանքում է գտնվում կաշառք վերցնելու մեղադրանքով, համարում է, որ մեղավոր չէ և ձերբակալվել է քաղաքական նկատառումներով:
Նա ուղերձ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին, որպեսզի նրանց տեղեկացնի այդ մասին:
Մերուժան Հովհաննիսյանի ուղերձը տարածվում է նրա բարեկամների օգնությամբ: Նա պնդում է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքը շինծու է, հիմնված է կեղծիքների, բազմաթիվ անօրինականությունների վրա:
«Իմ ձերբակալման պահից գործի էր դրված բազմաթիվ կեղծիքներ և անօրինականություններ, ինչպես նաև անմարդկային վերաբերմունք և վարք: Ախալցիխե տեղափոխման ճանապարհին ծայրահեղ բնույթի քաղաքական տիպի խոսակցություններ և հոգեբանական ազդեցության փորձեր: Նախկին իշխանության ամենաբարձր պաշտոնյաների ձեռքերը երկար լինելու զգուշացումով և նրանցից ինձ հեգնական բարևներ փոխանցելով», – գրում է Մերուժան Հովհաննիսյանը:
Նա համարում է, որ քաղաքական պրովոկացիայի զոհ է, նախկին իշխանությունների ակտիվ ներգրավվածությամբ, որոնց նպատակը «Վրացական երազանքի» վարկաբեկումն է: Նրա խոսքերով իր նկատմամբ կիրառվում է «բանտարկությունը որպես պարտադրանք» միջոցը:
Նա գրում է, որ այս ամենը գիտակցելով ինքը հանդես է գալիս այս հայտարարությամբ:
Մերուժան Հովհաննիսյանը այժմ գտնվում է №8 քրեակատարողական հիմնարկում (Գլդանի):
Նա ասում է, որ ինքը դատարանում հայտարարելու է իրականության մասին, այլ ոչ թե «իրենց ցանկացած ցուցմունքը»:
«Իրենց ցուցմունքը չկորզելու դեպքում կմնամ բանտարկության մեջ: Դա վառ արտահայտում է նաև, որ մենք բոլոր օրինական պահանջներին պատրաստ և համաձայն լինելով առաջարկել ենք բավարարել, ու մեր կողմից ներկայացված միջնորդությունները գրավի դիմաց ազատ արձակելու բազմաթիվ փորձեր ապարդյուն անցան, քանի որ նրանք դեռ ինձանից չեն կորզել այնպիսի ցուցմունք, ինչպիսին իրենք են ուզում», – ասվում է Մերուժան Հովհաննիսյանի հայտարարությունում:
Մերուժան Հովհաննիսյանի ուղերձը, որը նա գրել է քրեակատարողական հիմնարկից 2018թ. դեկտեմբերի 18-ին, ուղղված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Մամուկա Բախտաձեին:
2018 թ.-ի մայիսի 16-ին կաշառք վերցնելու մեղադրանքով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել էին Ախալքալաքի շուկայի գլխավոր հսկիչ Մերուժան Հովհաննիսյանին: 5 օր անց ձերբակալվեց նաև շուկայի ղեկավար Արարատ Սահարյանը։
Նրանք անձնական շահերի համար վարձակալությամբ տարածք տրամադրելու և դրա դիմաց 1000 լարի վերցնելու համար են մեղադրվում, Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը խմբակային առևտրային կաշառք է նախատեսում։
Արարատ Սահարյանը ազատ էր արձակվել գրավի դիմաց: Մերուժան Հովհաննիսյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունը չէր բավարարվել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2019 թ.-ի հունվարի 18-ին ժամը 13:00-ին: