նորություններ 1 Սեպտեմբերի, 2026 • Ուժգին տեղումները բացահայտել է Ախալքալաքում ճանապարհների ասֆալտապատման խնդիրները

Օգոստոսի 29-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում ուժեղ տեղատարափ անձրև է տեղացել։ Այս տարի առատ տեղումներ և հեղեղումներ արդեն մի քանի անգամ են տեղի ունեցել, և յուրաքանչյուր նման դեպք կրկին ի ցույց է դնում Ախալքալաքում ճանապարհների վերականգնման հետ կապված խնդիրները։

Մասնավորապես, բնակիչները ուշադրություն են հրավիրում ջրահեռացման համակարգերի բացակայության և սխալ թեքությունների վրա, որոնք, նրանց կարծիքով, հաշվի չեն առնվել քաղաքում ճանապարհաշինական աշխատանքների իրականացման ժամանակ։ Յուրաքանչյուր ուժեղ տեղատարափի ժամանակ Ախալքալաքի փողոցները հայտնվում են ջրի տակ, և քաղաքը, ինչպես նշում են բնակիչները, սկսում է հիշեցնել Վենետիկը։

Jnews-ի խմբագրություն է դիմել Նալբանդյան փողոցի բնակիչ Ս. Պ.-ն։ Տեղատարափի ժամանակ ջուրը կիսով չափ լցվել է նրա տուն և հասել պատուհաններին։ Ջրհեղեղի հետքերը տեսանելի էին նույնիսկ անձրևից երկու օր անց։

«Տարափը շատ ուժեղ էր։ Ջրի փոքր քանակության դեպքում, հնարավոր է, ջրհորը կարողանար ներքաշել ջուրը։ Բայց գոյություն ունի տարածքի, բակի բաժանման հասկացություն, այսինքն՝ եթե ճանապարհները վերականգնվում են, պետք է այնպես արվի, որ ջուրը հոսի տարբեր ուղղություններով, ոչ թե մեկ ուղղությամբ։ Աղմաշենեբելիից, Դեմիրճյանի անվան դպրոցից սկսած՝ ջուրը հսկայական ուժով, գետի նման, գալիս և շարժվում է մեր փողոցով դեպի ներքև։ Իսկ իմ տունը ցածրադիր հատվածում է։ Իմանալով, որ իմ տունը փոսում է, ապահովության համար մենք կոյուղի ենք կառուցել։ Սակայն արդյունքում թեքությունն արված է դեպի այդ կոյուղին, իսկ կոյուղին չի կարող նման քանակությամբ ջուր ներքաշել։ Այդ օրը ջուրը գետի նման ներխուժեց մեր ավտոտնակ։ Այնտեղ մենք տուփերով սուրճ ունենք, դրանք հայտնվեցին ջրի մեջ, իսկ ես մինչև գոտկատեղս ջրի մեջ էի։ Եվ սա արդեն երրորդ անգամն է։ Բացի այդ, մենք վերանորոգել էինք մեր տունը, չորացրել էինք այն, արդեն մեկ տարի է՝ այնտեղ լամինատ չկա։ Իսկ հիմա պատերը ջրի մեջ են, ամեն ինչ կրկին թրջվել է», — ասում է Նալբանդյան փողոցի բնակիչ Ս. Պ.-ն՝ ցույց տալով այդ օրը նկարահանված տեսանյութերը։

Վերջինիս խոսքով՝ խնդիրը հատկապես սուր է դրսևորվում տեղանքի առանձնահատկությունների և ճանապարհի թեքության պատճառով, ինչը հաշվի չի առնվել վերականգնման աշխատանքների իրականացման ժամանակ։ Սակայն նման իրավիճակ միայն այս կոնկրետ վայրում չէ։ Jnews-ը բազմիցս անդրադարձել է ջրով հեղեղվող փողոցներին և այն բնակիչների բողոքներին, որոնք հայտնվել են նմանատիպ իրավիճակներում։

«Լավ, մենք հասկանում ենք, որ սա բնական աղետ է։ Հասկանում ենք, որ կարկուտը ոչնչացրել է դաշտերը, ցանքատարածությունները։ Բայց եթե ճանապարհը ճիշտ վերանորոգված լիներ, մենք չէինք հեղեղվի։ Բայց պետք է ինչ-որ լուծում գտնել։ Կամ ճիշտ թեքություն անել, որովհետև եթե ուղիղ թեքություն արվեր, ջուրը կհոսեր 14-րդ թաղամասի տակ գտնվող ձորը և ոչ ոքի չէր վնասի։ Բայց նրանք այնպես են արել, որ ջուրը մնում է փողոցներում։ Իսկ եթե ես վերանորոգած լինեի տունը։ Այո, հասկանալի է, եթե ընդհանուր առմամբ ամբողջ տարածքը հեղեղված լիներ, լավ, ես կհասկանայի։ Բայց եթե ամբողջ ջուրը միայն քո տան տակ է, իսկ մյուսների մոտ այդպես չէ՞։ Ես չէ՞ որ չեմ կարող տան դիմաց պատ կառուցել։ Մի՞թե այս ճանապարհը ճիշտ է վերականգնված։ Չպետք է ամբողջ ջուրը միայն մեկ տեղ հոսի։ Եթե թեքությունը ճիշտ արվեր, ջուրը կհոսեր դեպի Տավշանկա, երկրորդ մասը՝ դեպի ձորը, երրորդը՝ մեկ այլ ուղղությամբ։ Որքա՞ն կարող եմ ես ջրի մեջ լողալ», — ասում է Նալբանդյան փողոցի բնակիչ Ս. Պ.-ն։

Քաղաքապետարանում չեն բացառում խնդրի լուծման հնարավորությունը։ Առաջիկա տարիներին Ախալքալաքում նախատեսվում է ջրամատակարարման համակարգի վերականգնում, որի շրջանակներում քաղաքում ասֆալտապատ ծածկույթը կրկին կքանդվի՝ անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար։ Հնարավոր է, որ այդ աշխատանքների շրջանակներում մունիցիպալիտետը կարողանա լուծել նաև անձրևաջրերի կուտակման և ջրահեռացման համակարգերի բացակայության խնդիրը, որը հատկապես սուր է զգացվում անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ։ Քաղաքապետարանում չեն բացառում այս հարցի վերանայումը։

«Այս պահին մենք նման ծրագրեր չունենք։ Բայց եթե Ախալքալաքում փոխենք ջրամատակարարման ընդհանուր համակարգը, կտեսնենք, թե ինչ կարող ենք անել», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Ինչ վերաբերում է պատճառված վնասին, նա նշում է, որ նման դեպքերում բնակիչները կարող են դիմել քաղաքապետարան՝ փոխհատուցում ստանալու համար։

«Նման հարցերով մեզ հաճախ չեն դիմում։ Եթե տարերային աղետի հետևանքով վնաս են կրել, կարող են դիմել, հնարավոր է՝ նման դեպքերի համար օգնություն նախատեսված լինի», — ասել է Մովսիսյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝