Երեկ, Վրաստանի Եկամուտների ծառայության աշխատակիցները ստուգման նպատակով ցանկանում էին ժամանակավորապես փակել Ախալքալաքի ավտոպահեստամասերի խանութներից մեկը, սակայն խանութի սեփականատերերը բողոքում էին հիմնավորելով, որ թեկուզ ժամանակավորապես փակելով իրենց միակ եկամտի աղբյուրը, նրանք կզրկվեն վարկերի մարման եւ ամենօրյա ծախսերի համար գումար վաստակելու հնարավորությունից:

Մոնիտորինգի նպատակով, Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցները երեկ մտել էին Նալբանդյան փողոցի վրա գտնվող ավտոպահեստամասերի խանութ: Նրանք Ֆինանսների նախարարի հրամանով եւ Եկամուտների ծառայության մոնիտորինգի ծրագրով, պետք է իրականացնեն ապրանքների գույքագրում եւ դրանք համեմատեն խանութի հաշվապահության հետ: Դրա համար աշխատակիցները ստիպված են փակել խանութը, մինչեւ որ հաշվարկեն բոլոր ապրանքները եւ ստուգեն հաշվապահությունը:

Խանութի սեփականատերերը, ինչպես նաեւ նրանց ծանոթներն ու բարեկամները փորձել են չթողնել փակել խանութը: Ստեղծված իրավիճակի պատճառով խանութի սեփականատերը վատ էր զգում իրեն: Բողոքի պատճառները պարզաբանեց սեփականատիրոջ եղբայրը՝ Աշոտ Հակոբյանը:

Նա ասաց, որ ստուգման նպատակով փակման դեպքում պետք է դադարեցնել խանութի աշխատանքը, իսկ դա մեծ կորուստների կհանգեցնի:

«Երկու տարի առաջ եկան, տուգանեցին 60,000 լարիով եւ 3 տարի պայմանական պատիժ կիրառեցին եղբորս նկատմամբ: Դատավարության ժամանակ ծախսեցինք 3000 լարի: Հիմա նորից են եկել ստուգելու: Ասում են, եթե ապրանքը գերազանցի 100 000 լարին, ապա ստիպված կլինենք 50 000 լարի տուգանք վճարել: Ես վճարում եմ հարկը: Ինչու ամեն տարի գալիս են մեր խանութ, որպիսի նորից տուգանեն: Իսկ նրանք կգտնեն տուգանման պատճառ: Ինչ անենք, ճանապարհները փակենք, ցույցեր կազմակերպենք: Ինչ իրավունք ունեն առանց թույլտվության գան եւ փակեն խանութը », – ասում է Աշոտ Հակոբյանը:

Հարկային ծառայության աշխատակիցները հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակը:

Խանութի սեփականատերերը նույնիսկ կանչեցին հակաքրեական ծառայոության աշխատակից՝ Մկրտիչ Սապոնջյանին: Հարկային աշխատակցի հետ խոսելուց հետո նա հեռացավ, ասելով, որ նրանք ստուգելու հրաման ունեն:

«Ես ուղղակի նրանց խնդրեցի, որ եթե գտնեն որեւէ խնդիր, ժամանակ տան նրանց այդ խնդիրը վերացնելու համար, այլ ոչ թե անմիջապես տուգանեն», – ասաց Մկրտիչ Սապոնջյանը:

Հարկայինի աշխատակիցների եւ խանութի սեփականատերերի միջեւ դիմակայությունը տեւեց մինչեւ երեկո, որից հետո խանութի սեփականատերը եւ խանութում հավաքված մարդիկ գնացին իրենց բողոքը հայտնեն պաշտոնատար անձանց եւ հանդիպեն Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետից խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ:

Շուշան Շիրինյան