Վրաստանի կառավարությունը Խորհրդարանից հետ է կանչելու կանեփի աճեցման և արտադրման մասին օրինագիծը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին: Ինչպես հայտնի է, կառավարության նախաձեռնությունը՝ արտահանման նպատակով թույլ տալ կանեփի արտադրությունը, Վրաստանի Պատրիարքարանի ծայրահեղ դժգոհությունն է առաջացրել: Թբիլիսիում նույնիսկ հոգեւորականների ներկայացուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել: Այս ֆոնին վրացական իշխանությունները հայտարարել են, որ հետաձգելու են օրինագծի քննարկումը: Օրինագիծը հետ կանչելու փոխարեն, կառավարության եւ խորհրդարանի անդամները կանխատեսում էին այս հարցի վերաբերյալ լայն խորհրդատվությունների սկիզբը:

Գախարիան ընդունեց, որ գոյություն ունեցող քաղաքական համատեքստից, ներառյալ Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքը, հնարավոր չի լինի համաձայնության գալ այդ հարցի շուրջ: Դրա համար էլ կառավարությունը մտադիր է այն հետ կանչել խորհրդարանից: Միեւնույն ժամանակ, Ներքին գործերի նախարարը հիշեցրեց, որ օրինագծի մաս էր կազմում կարգավորումները, որոնք վերաբերում են մարիխուանայի օգտագործման կանոններին:

«Իհարկե, կա համատեքստ: Սա քաղաքական համատեքստ է, որն առաջացել է այս օրենսդրական նախաձեռնության համար: Մենք հենց սկզբից ասում էինք, որ այս օրենքի շուրջ կոնսենսուսը մեզ համար կարեւոր գործոն է: Այս կոնսենսուսին հասնելը՝ ելնելով քաղաքական համատեքստից, ներառյալ ընտրությունները, այս փուլում անհնար է», – լրագրողներին ասել է Գախարիան:

Նրա խոսքով, այս որոշումը կայացվել է իշխող կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որտեղ մասնակցում էր նաեւ «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

«Այսօր Պատրիարքի հետ հանդիպման հիմնական թեման սա էր: Մենք համաձայնեցինք, որ շուտով կառավարությունը հետ կկանչի այս օրինագիծը: Իրավական տեսանկյունից, օրինագծի հետ կապված ամեն ինչ կարգին է, բայց կրկնում եմ ևս մեկ անգամ, մենք այս որոշումը կայացրել ենք քաղաքական, այդ թվում` նախընտրական համատեքստից ելնելով, հասարակության դիրքորոշումից, քաղաքացիների եւ պատրիարքարանի դիրքորոշումներից ելնելով», – ասել է Գախարիան:

Խորհրդարանը կանգնեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առջև այն բանից հետո, երբ հուլիսի վերջին երկրի Սահմանադրական դատարանը ապօրինի ճանաչեց մարիխուանայի օգտագործման համար յուրաքանչյուր պատժամիջոց: Այսպիսով, այս թմրանյութի օգտագործումը Վրաստանում փաստացիորեն օրինականացվեց: Ներքին գործերի նախարարությունն իր հերթին, մշակեց մի օրինագիծ, որը խստորեն սահմանափակում է մարիխուանայի օգտագործման կանոնները: Նույն օրենսդրական փաթեթում քննարկվում է արտահանման համար կանեփի արտադրության կանոնները:

Կառավարության նախաձեռնությունը չի ստացել լայն աջակցություն ինչպես եկեղեցու, այնպես էլ հասարակության կողմից: Ընդդիմությունը եւ շատ փորձագետներ նշում են, որ դրանից կօգտվեն միայն այն մարդիկ, ովքեր մոտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն:

«Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է ներմուծման համար կանեփի կուլտիվացման գաղափարը: Դրա համար նա քննադատվել է ոչ միայն ընդդիմախոսների, այլեւ բարձրաստիճան հոգեւորականների կողմից:

Հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում Զուրաբիշվիլին չկարողացավ ստանալ հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսը: Ավելի քան մեկ տոկոսով նա առաջ անցավ նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեին՝ առաջադրված 11 միավորված ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ուժը միասնության մեջ է»-ի կողմից:

Մինչեւ դեկտեմբերի 2-ը Վրաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երեքշաբթի օրվանից «Վրացական երազանք»-ի գլխավոր գրասենյակում շարունակվում են խորհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվում է իշխող կուսակցության նախընտրական ռազմավարությունը: