Սոչիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումը:

Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին առանձնազրույցը տևել է մոտ մեկ ժամ: Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է Փաշինյանին ասելով.

«Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան հետևողականորեն, ինչպես եղել է մինչ այժմ: Ռուսաստանը դիտարկում է Հայաստանը որպես տարածաշրջանում մեր մերձավորագույն գործընկեր և դաշնակից», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:

«Բայց ինչը քննարկման ենթակա չէ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են»։ Նա վստահեցրել է, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և «ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները», – ասել է Հայաստանի վարչապետը:

«Մեծ ցանկություն ունենք՝ նոր իմպուլս հաղորդելու մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ», – հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանի վարչապետը Սոչի էր ժամանել երեկ ուշ երեկոյան և արդեն հասցրել է հանդիպել Սոչիի հայ համայնքի հետ, նույնիսկ ելույթ ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավաքված ռուսաստանաբնակ հայերի հավաքին՝ կոչ անելով նրանց վերադառնալ Հայաստան։

Հայերը մեծ խանդավառությամբ են դիմավորել Հայաստանի նորընտիր վարչապետին։ Եկեղեցու բակում Փաշինյանին դիմավորելու համար, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով, 400-ից ավելի մարդ է եղել: