Դադեշ գյուղում անասունների մեծաքանակ գողությունից անցել է երեք ամիս, գողերը դեռ չեն հայտնաբերվել, տուժածերը գտնվում են անհույս վիճակում և պետությունից խնդրում են, որ իրենց գոնե ֆինանսապես օգնեն:
Խոտի դեզերին ձեռք չի տրված, ձյունով են ծածկված գոմի մուտքերը, կենդանիների և մարդկանց հետքեր չկան, գոմի դռները փակված են կողպեքով: Այս գոմերի սեփականատերերը 3 ամիս անհամբերությամբ սպասում են, որ իրենց անասունները գողացողները հայտնաբերվեն և անասունները վերադարձվեն: Դադեշում 3 ընտանիք տուժել է գողության արդյունքում:
Դադեշ գյուղի բնակիչները հիասթափված են իրավապահ մարմինների աշխատանքից: Նրանք բողոքում են, որ ոչ ոք չի պատժվել, և մինչ օրս գողերը չեն հայտնաբերվել:
Տուժողները նամակ են գրել վարչապետին, այնտեղից պատասխան է եկել, որ համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով:
«Պաշտպանության նախարարությունից, սահմանային ոստիկանությունից, տեղական ոստիկանությունից, բոլորից մեկ պատասխան է եկել` որոնումները ընթացքի մեջ են: Նրանք ասում են աշխատում են, բայց արդյունք չկա », – ասաց տուժած Արտաշես Գանդյանը:
Ըստ նրա, խնդիրը ոչ միայն կոնկրետ այդ գողության մեջ է, այլև, ընդհանուր առմամբ, հասարակական անվտանգության:
«Եթե նրանք գողանային կամ սպանեին մարդու, չէ որ նրանք կարող էին դա անել, նորից նման վերաբերմունք պետք է լիներ պետության կողմից: Վախ կա, մարդիկ շատացնում են շները, ամրացնում են դռան փականները և տների պաշտպանությունը: Պետությունը նույնպես պետք է շահագրգռված լինի այս հարցում, քանի որ պետական սահման է խախտվել», – ասում է Արտաշես Գանդյանը:
Տուժածները ուզում են դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի Սամցխե-Ջավախքի գրասենյակ:
Դադեշ գյուղի բնակիչ Հովհաննես Մովսիսյանի խոսքերով, տուժածները իրենց պաշտպանելու եղանակներ են փնտրում:
«Մարդիկ իրավական օգնության կարիք ունեն: Նրանք անհույս վիճակից կարող են դիմել ծայրահեղ քայլերի՝ փակել ճանապարհը կամ հացադուլ հայտարարել: Ոչ ոք նրանց օգնություն չի առաջարկում: Այստեղ կա նաև պետության մեղքը, դա սովորական գողություն չէ, դա համապատասխան կազմակերպության անգործության հետևանքն է », – ասում է Հովհաննես Մովսեսյանը:
Տուժածները կորցնելով են իրենց անասունները վերադարձնելու հույսը, տեղական իշխանություններին խնդրում են ֆինանսապես օգնել նրանց՝ փոխհատուցել վնասը:
Սեյրան Մովսեսյանն ասում է, որ տեղական իշխանությունները հրաժարվել են ֆինանսական օգնություն ցուցաբերել նրանց:
«Նրանք պատասխանեցին, որ պարտավոր չեն: Այժմ մենք կարող էինք վաճառել այդ կովերը: Մենք սպասում էինք ձմռանը, հիմա թե միսն է թանկ, թե կաթը: Մենք նրանց մի քանի տարի ենք պահել: Այժմ հորթերը ծնած կլինեին: Այդքան եկամուտ կորցրեցինք », ասում է Սեյրան Մովսեսյանը:
Նրա խոսքերով, գողության միայն վնասը, հաշվի չառած հնարավոր եկամուտը, կազմում է 25-30 հազար լարի:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասում է, որ իրենք պարտավոր չեն փոխհատուցել գողության վնասը, բայց եթե օգնություն հատկացնելու որոշում լինի, ապա հաշվի առնելով նրանց հուսահատ վիճակը, այդ հարցի քննարկում հնարավոր է:
Դադեշցիները սպասում են երկրորդ նամակի պատասխանին, որը նրանք կրկին հասցեագրել են վարչապետին: Թեև նրանք արդեն կորցրել են որևէ բանի հույսը, բայց ասում են, որ մտադիր չեն ձեռքները ծալած նստել:
Հիշեցնենք, որ 2017 թ.-ի նոյեմբերի 6-ին Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում տեղի ունեցավ անասունների մեծաքանակ գողություն: Գողացել էին կովերը և հորթեր՝ ընդհանուր առմամբ 21 գլուխ անասուն, 1 ձի, 1 շուն ու որոշ սարքավորումներ: 1 կովը և 5 հորթը հայտնաբերվել էր, երբ բնակիչները գնացել էին հետքերով: Հետքերը տանում էին Թուրքիա:
Շուշան Շիրինյան